Թուրքական իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Անկարայում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ դեսպան Ալեքսեյ Երխովի հասցեին հնչած սպառնալիքների պատճառով։ Այս մասին РИА “Новости” լրատվական գործակալությանը հայտնել է դեսպանության մամուլի պատասխանատու Իրինա Կասիմովան:
Մեկ օր առաջ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել էր, որ Իդլիբում իրավիճակի սրման պատճառով սկսել է սպառնալիքներ ստանալ սոցիալական ցանցերում:
«Այո, իրոք, իրավիճակը վերջերս սրվել է: Այս կապակցությամբ, մեր խնդրանքով, թուրքական իշխանությունները ձեռնարկեցին անվտանգության լրացուցիչ միջոցներ», - հայտնել է Կասիմովան՝ հավելելով, թե սպառնալիքներին, ըստ ամենայնի, որևէ գործողություն չի հետևի, բայց և այնպես, հավելյալ միջոցներն անհրաժեշտ են:
Հիշեցնենք՝ Թուրքիայում Ռուսաստանի նախորդ դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է Անկարայում 2016 թվականի դեկտեմբերին՝ ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանին գնդակահարած ահաբեկիչը, ականատեսների վկայությամբ, գոռում էր՝ «Մի մոռացեք Սիրիայի մասին»:
Իրավիճակը Սիրիայում խիստ լարվել է 2020-ի սկզբին: Անցած երկու շաբաթվա ընթացքում Իդլիբի դեէսկալացիայի գոտում հաճախակի են դարձել բախումները թուրքական և սիրիական զորքերի միջև: Տարածաշրջանում հակամարտությունը կարգավորելու համար ռուս-թուրքական բանակցությունների հերթական փուլն արդյունք չի տվել: Կրեմլը հայտարարել է, որ իրենք անհանգստացած են Իդլիբում աճող լարվածությունից: Թուրքիան սպառնացել է, որ «չնչին վնասի» դեպքում թուրքական զորքերը հարվածելու են սիրիական զորքերին: Վաշինգտոնը մտադիր է աջակցել Անկարային Դամասկոսի հետ հակամարտությունում:
Փետրվարի սկզբին Թուրքիան հայտնել էր, որ Իդլիբում սիրիական կառավարական ուժերի գործողությունների պատճառով մի քանի թուրք զինվորներ ու քաղաքացիական անձինք են սպանվել: Թուրքիան ի պատասխան հարձակվել էր սիրիական ուժերի դիրքերի վրա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայի համար շրջադարձային պահ է որակել թուրքական բանակի վրա հարձակումը Սիրիայում:
Թուրք - սիրիական բախումների կիզակետում Իդլիբն է, որը սիրիացի ընդդիմադիրների վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է: Դեռ 2019-ին Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնել էին այստեղ հրադադար հաստատել ու անվտանգության գոտի ստեղծել: Շաբաթներ առաջ, սակայն, Ասադի զորքերը՝ ռուսական օդուժի առաջնորդությամբ, սկսեցին հրթիռակոծել ու առաջ գնալ՝ Իդլիբը գրավելու համար:
Թուրքիայի ղեկավարը Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադին և նրա դաշակից ռուս զինվորականներին մեղադրել է Իդլիբում խաղաղ բնակիչների վրա հարձակման մեջ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և արտաքին գործերի նախարարությունը հերքել են այս տեղեկությունը:
Ռուսական մամուլի տվյալներով՝ այսօր մեկնարկող Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, և այդ հանդիպման հիմնական հարցը Իդլիբում ստեղծված իրավիճակն է լինելու։
Մոսկվայում փորձագիտական շրջանակներում խոսում են այն մասին, որ Սիրիայում այս նոր սրացումը կարող է վերջ տալ վերջին տարիների ռուս-թուրքական բարեկամությանը։