«Եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ այսպես չէին խոսի», - այսօր Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր հասցեին հնչած քննադատությանը։
Հիշեցնենք, անցած շաբաթ խորհրդարանում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ Փաշինյանն ասել էր. - «Բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի, որպես հակաժողովրդական և հակապետական ուժեր»:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձել էր Փաշինյանին՝հարցնելով, որ եթե դիմեն գործողությունների, ի՞նչ պետք է անեն, պիտի հարձակվե՞ն իրենց վրա, վառե՞ն իրենց մեքենաները։
«Եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ էդպես չէին խոսի։ Որովհետև եղել են ժամանակներ, և եղել են մեքենա վառողներ, պադյեզդներում ծեծողներ, ընդհուպ կրակող, սպանողներ, և էդ նույն մարդիկ երբեք էդ մարդկանց հետ էդ տոնով չեն խոսացել։ Որովհետև իմացել են, որ դրան իսկապես կարող է հաջորդի մեքենայի վառելը, շքամուտքում ծեծելը, որոշ դեպքերում նաև ավելի ավելի համոզիչ մեթոդներ։ Եվ ես ուրախ եմ, որ այսօր մեր կառավարության պայմաններում այդպիսի քննարկումներ տեղի են ունենում, այդպիսի տոնայնության խոսակցության կառավարության ու վարչապետի հասցեին տեղի են ունենում, որովհետև էն ժամանակ, երբ որ ես, օրինակ, էդ թեմայով էդպես խոսում էի, նաև այսօրվա մի շարք ընդդիմադիր գործընկերներ ուղղակի սփրթնում էին Ազգային ժողովի դահլիճում նստած։ Ես հիմա ուրախ եմ, որ նրանք վերագտել են, կամ գտել են իրենց վստահությունը։ Երկրորդը, ես ի՞նչ եմ ասել, ասել եմ՝ ով որ կխոչընդոտի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը, կհամարենք հակապետական ուժ։ Ի՞նչ եմ ակնարկել։ Ակնարկել եմ, որ եթե էս որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկվի, մենք դա կգնահատենք էդպես։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք ասում ենք՝ էկեք գնանք ժողովրդին հարցնենք և ապահովենք ժողովրդի ազատ կամարտահայտությունը։ Եթե ուժ կա, որ ասում ա՝ չէ, ես ժողովրդին չեմ ուզում հարցնեմ, պըտի հարցնեմ Սահմանադրական դատարանին, ստեղից, առավել ևս էս իրավիճակում, բխում ա որոշակի հետևություն»։
Փաշինյանը անդրադարձավ նաև հարցին, թե հնարավո՞ր է, որ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն և դրան նախորդող մոտ 2 ամիս տևողությամբքարոզարշավը բացասական ազդեցություն թողնեն տնտեսության վրա։ Վարչապետն ասաց, թե հանրաքվեն ոչ թե վնասելու է , այլ ընդհակառակը դրական ազդեցություն է թողնելու՝ խթանալով «ընտրական տուրիզմը». - «Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այդ քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությունը ապագայի նկատմամբ է՛լ ավելի կուժեղանա, ինչը նշանակում ա, որ տնտեսական ակտիվությունը է՛լ ավելի կմեծանա։ Եվ ես համոզված եմ, որ ոչ միայն բացասական ազդեցություն չի ունենա քարոզարշավը տնտեսական ընդհանուր վիճակի վրա, այլ կունենա աշխուժացնող ազդեցություն։ Մանավանդ, ինչպես երևում ա, արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են գալ այդ ընթացքում Հայաստան՝ քվեարկելու համար, և մենք ոնց որ թե ստեղծում ենք տուրիզմի մի նոր տեսակ, որը կոչվում է ընտրական տուրիզմ»։
Հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը անդրադարձավ մամուլում «էլիտար» որակվող զորամասին, որտեղ վերջին շրջանում, պաշտոնական վարկածի համաձայն , ինքնասպանության դեպքեր արձանագրվեցին։ Մամուլը, հիշեցնենք, գրել էր, որ Ղարաբաղում գտնվող զորամասերից մեկում արտոնյալ պայմաններում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց երեխաներ, ովքեր ճնշում են գործադրում ծառայակիցների նկատմամբ։
«Էլիտար զորամաս գոյություն չունի», - հայտարարեց նախարարը։ - «Բոլոր զինծառայողները, որոնք պատասխանատու են, Պաշտպանության բանակի հրամանատարի կողմից պատժվել են տարբեր աստիճաններով։ Իսկ այն զինծառայողները, որոնք որ ունեն պատասխանատվություն նախաքննության ընթացքում, կամ իրենց պատասխանատվությունը կորոշվի, կա՛մ ձերբակալվում են, կա՛մ կալանավորվում են»։