Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղար. Բանակում առկա խնդիրների լուծումը վարչապետի օրակարգում է


Կառավարության այսօրվա նիստից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ բանակում առկա խնդիրների լուծումը վարչապետի օրակարգում է, և շուտով լուծումները ավելի տեսանելի կլինեն։

Միայն հունվար ամսին Հայաստանի ու Արցախի զինված ուժերում խաղաղ պայմաններում չորս զոհ է եղել. ըստ պաշտոնական տեղեկատվության՝ երկու ինքնասպանություն, մեկ դժբախտ պատահար և մեկն էլ հիվանդության հետևանքով։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի համաձայն, 2010 թվականից մինչև այս տարվա հունվարը Հայաստանի ու Արցախի զինված ուժերում զոհվել է 643 հոգի, սակայն հակառակորդի կրակոցից (ներառյալ 2016 թվականի ապրիլյան պատերազմը)՝ 249-ը, մնացած 394-ը զովել են խաղաղ պայմաններում՝ ինքնասպանություններ, դժբախտ պատահարներ, հիվանդության հետևանքներ և այլն։ Այսինքն, ըստ այդ տվյալների, նախորդ տասը տարվա ընթացքում հայկական զինված ուժերում հակառակորդի կրակոցից ավելի քան 1,5 անգամ քիչ են զոհվել, քան խաղաղ պայմաններում։

«Բազմաթիվ քայլեր արվել են, որոնք տեսանելի են, բայց կան տեղեր, որտեղ մենք դեռ հաջողություն չենք ունեցել։ Քրեական մշակույթի դեմ պայքարը նաև նպատակ ունի բանակում բարեփոխումներին նպաստելու, որովհետև մեր ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ բանակում խնդիրների մի մասը հնարավոր չի լինելու բանակի բարեփոխումներով լուծել», - ասաց Գրիգորյանը։

Վերջին ողբերգական դեպքը հունվարի 30-ին Ստեփանակերտի մոտ գտնվող զորամասերից մեկում Վահրամ Ավագյանի մահն էր։ Ըստ Քննչական կոմիտեի, նա իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում, որի հետաևքնով մահացել է։ Զինվորի հարազատները պնդում են, որ 20-ամյա տղան ինքնասպան չի եղել, նրան սպանել են։

Ըստ Auroranews-ի հրապարակման, «էլիտար» համարվող այդ զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության պետ Եսայի Մկրտչյանի, ԱԱԾ մեկ այլ պաշտոնյա Կարեն Սահակյանի որդիները, որոնք, այսպես ասած, «կլան» են ձևավորվել, ճնշում են գործադրում մյուս զինվորների նկատմամբ և զբաղվում դրամահավաքությամբ։ Այս տեղեկությունը ստուգելու նպատակով դատախազությունն այն ուղարկել է քննչական մարմին:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվում է մեկնաբանել այս տեղեկությունը։

Այս հարցով այսօր դիմեցինք Անվտանգության խորհրդի քարտուղարին։ Հարցին, թե արդյոք կոռուպցիոն ռիսկ, մտահոգիչ հանգամանք չի տեսնում, որ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներից շատերը ծառայում են նույն զորամասում, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. - «Մենք գնում ենք լուծումների ճանապարհով։ Ես համոզված եմ, որ այդ լուծումները շուտով ավելի տեսանելի կլինեն։ Այն, որ մեր օրակարգում են բոլոր այս բարձրացված հարցերը, և վարչապետի օրակարգում է խնդիրները լուծելը, կարող եմ միանշանակ ասել»։

Այսօր հաղորդագրությամբ է հանդես եկել նաև Արցախի պաշտպանության բանակը։ Ըստ այդմ՝ հունվարի 30-ի դեպքի առնչությամբ ծառայողական քննության արդյունքում որոշում է կայացվել մի շարք ավագ սպաների, այդ թվում՝ դիվիզիոնի հրամանատարին և զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին զորացրել զինված ուժերի շարքերից: Կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում:

Պաշտպանության բանակի լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, թե վերջնական տեղեկությունը տեղադրված է իրենց կայքէջում։

Հարցին, թե ինչու անուններ չեն տալիս, Հասրաթյանը պատասխանեց. - «Ելնելով ռազմական գաղտնիքի պահանջներից»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով, թավշյա հեղափոխությունից հետո բանակում սպանությունների, ինքնասպանությունների, այլ դժբախտ պատահարների նվազմանը միտված փոփոխություններ չի նկատել. - «Կանխարգելիչ գործողությունների մասին ո՛չ Վարչապետը, ո՛չ Պաշտպանության նախարարը չեն խոսել, և հանրությունը չի լսել որևէ խոսք, թե ինչպիսի բարեփոխումներ են լինելու բանակում, ինչն է փոխվելու, ինչ են անելու, որ այլևս մահվան դեպքերը բացառվեն, չշարունակվեն, նվազեն։ Ու դա ինձ շատ է զարմացնում։ Դա պետք է լիներ առաջնային խնդիրը հենց Վարչապետի՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատարի։ Կյանքի իրավունքը ամենաթանկ բանն է մարդու, և պետք է հենց դրանից սկսել»։

XS
SM
MD
LG