Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն «ոչ»-ի արշավ չի սկսի, հանրաքվեն ամբողջությամբ ապօրինի է, ասում է Մարուքյանը


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավի ժամանակ «ոչ»-ի արշավ չի սկսի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում, մեր ունեցած գործիքակազմը ծայրից ծայր օգտագործել ենք և պատրաստ ենք դեռ Սահմանադրական դատարան դիմելու, եթե կլինեն ստորագրություններ, մյուս կողմից՝ բոլոր ուժերին կոչ ենք անում չմտնել ատելության պատերազմի մեջ, թողնել թող «այո»-ի ճամբարն իր «այո»-ն քարոզի», - հայտարարեց Մարուքյանը:

Նշենք, որ փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ միշտ ասել են, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից ձևավորված Սահմանադրությունը պետք է փոխվի. - «Այդ համակարգը պետք է փոխվի, Հայաստանը պիտի ունենա ժողովրդավարական Սահմանադրություն, տարբեր օրենքներ ենք բերել, որ այդ համակարգը փոխենք, մերժել են բոլորը, ասել են՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով կստեղծենք, ստեղծվել է, այսօր հանրաքվեի ենք ուղարկում ժողովրդին՝ մեկ հոդված փոխելու համար, այսինքն՝ իշխանությունը համակերպվել և վայելում է Սերժ Սարգսյանի ժառանգած համակարգը, բայց համաձայն չի, որ Հրայր Թովմասյանն այդտեղ աշխատի»:

Ինչ վերաբերում է հենց Հրայր Թովմասյանին, ապա ԼՀԿ խմբակցության ղեկավարը գտնում է, որ բարոյական կլիներ, եթե նա հրաժարական տար ՍԴ նախագահի պաշտոնից:

«Նա պիտի հեղափոխությունից հետո ինքը հրաժարական տար ու գնար, բարոյական իմաստով եմ ասում, որովհետև բարոյական հարթության վրա հեղինակել այս Սահմանադրությունն այսքան պրոբլեմներով, երբ ամբողջ թիմը գնում է, ինքն անիմաստ է մնում», - ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ իրավական առումով «այս պրոցեսը խոցելու տեղ չունի, դրա համար էլ Սահմանադրության այդ հոդվածն են ուզում փոխել»:

«Մեզ համար անհասկանալի է՝ եթե իշխանությունն այս խնդիրն ուզում է լուծել քրեական գործերով, ապա տեսնում ենք ճանապարհի կեսում կանգնած է, հետո ուզում էր լուծել կենսաթոշակային համակարգով, հիմա էլ այդ կենսաթոշակային համակարգի կեսում է կանգնած, հիմա էլ հանրաքվեով:

Մենք ի՞նչ ենք ասում: Ասում ենք՝ նախ հանրաքվեն ապօրինի է ամբողջությամբ, ծայրից ծայր հակասահմանադրական հանրաքվե է, և հետևաբար այդ համասահմանադրական հանրաքվեն մեր ունեցած գործիքակազմով փորձել ենք ներկայացնել, ասել, որ հակասահմանադրական է: Հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանադրական պրոցեսի մեջ չպիտի լինի հակառակ ճամբար, պիտի լինի միայն «այո»-ի ճամբար, «ոչ»-ի ճամբար չպիտի լինի, ինչո՞ւ, որովհետև իշխանությանն օդի նման պետք է, որ ինչ-որ մարդիկ «ոչ»-ի քարոզչություն տանեն, որ ինքն այդ մարդկանց ասի՝ այ, դուք Սերժ Սարգսյանին եք պաշտպանում, այսպիսի ելույթներ ունենա, որից բոլորը հոգնել են, և մարդկանց հանի, ասի՝ այ էս անգամ եթե դուք չգնաք տեղամասեր, նրանք կգան ու ձեզ կկեղեքեն, որ մարդիկ գնան ընտրական տեղամասեր, բայց եթե չի լինում «ոչ»-ի ճամբար, թող մենակ «այո»-ն քարոզեն, ժողովուրդն էլ կորոշի՝ կգնա, կքվեարկի այդ «այո»-ն, չի գնա, չի քվեարկի: Բայց «ոչ»-ի որևէ ճակատ ձևավորել նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն», - շեշտեց Էդմոն Մարուքյանը:

XS
SM
MD
LG