Թուրքիայի և Ռուսաստանի պատվիրակություններն Անկարայում քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգի իրավիճակը

Սիրիա-լուսանկարում սիրիացի տեղահանված ընտանիքն է, որ բնակվում է ժամանակավոր ճամբարում, Իդլիբ նահանգ, 5 փետրվարի, 2020թ.

«Hurriyet Daily News»-ը հայտնում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի պատվիրակություններն Անկարայում փետրվարի 8-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են Սիրիայի հյուսիսային շրջանի և Իդլիբ նահանգի իրավիճակը: Երկու կողմից պատվիրակությունները գլխավորել են փոխարտգործնախարարներ Սեդաթ Ունալն ու Սերգեյ Վերշինինը:

Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը վերջին շրջանում հարձակողական գործողություններ է վարում Իդլիբ նահանգում, որտեղ տեղակայված են նաև թուրքական ստորաբաժանումներ: Փետրվարի 3-ին սիրիական բանակի հրետակոծության հետևանքով թուրք 7 զինծառայող էր զոհվել: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ պատասխան կրակից սիրիացի ավելի քան 70 զինվոր է սպանվել: Վերջին շրջանում հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ Իդլիբից շարժվել են դեպի թուրքական սահմանը:

Ըստ «Hurriyet Daily News»-ի` Անկարայի հանդիպմանն ընդգծվել է Իդլիբում խաղաղություն ապահովելու և քաղաքական կարգավորման գործընթացը խթանելու ջանքերի անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա շաբաթներին շարունակել բանակցությունները: