Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամները շարունակում են մտահոգություն հայտնել Վրաստանի ժողովրդավարական իրավիճակի վերաբերյալ: Թբիլիսին բարձրաստիճան պաշտոնյաներ է ուղարկում Վաշինգտոն, իշխող «Վրացական երազանքն» ակնկալում է այս տարվա ընտրություններում 60 տոկոս հավաքել:
Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը Հանրապետական կուսակցությունից, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ջին Շահինը Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ կայացած հանդիպումից հետո վերահաստատել են իրենց մտահոգությունները:
«Վրաստանի վարչապետ Գախարիային և կառավարությանը շարունակում եմ կոչ անել ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու կապակցությամբ շուտափույթ կատարել իրենց պարտավորությունները, ապահովել դատական համակարգի անկախությունը, քայլեր ձեռնարկել խոստացված ընտրական համակարգն ապահովելու համար և հարգել քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը», - նշված է սենատոր Ջին Շահինի հայտարարությունում:
Սենատոր Ջիմ Ռիշն իր հայտարարությունում նշել է, որ Վրաստանի վարչապետին հղած վերջին նամակից հետո իրենք կրկին մտահոգություն են հայտնել Վրաստանում ժողովրդավարության և կառավարման թուլացման կապակցությամբ:
«ԱՄՆ-ն հավատարիմ է մնում իր հանձնառությանը` աջակցելու Վրաստանում ժողովրդավարական վերափոխումներին, բայց մենք պետք է դրական բարելավումներ տեսնենք, մենք Վրաստանին չենք խնդրում իդեալական լինել, բայց կառավարությունը պետք է ցուցադրի, որ լրջորեն է վերաբերվում երկրի ժողովրդավարացման գործընթացին», - նշել է Ջիմ Ռիշը:
Երկու սենատորները որպես միջազգային դիտորդներ Վրաստան էին այցելել 2012-ի ընտրությունների ժամանակ և նշում են, որ ոգևորված էին առաջընթացով, բայց հիմա նրանք մտահոգություն են հայտնում: Վրաստանի արտգործնախարարի այցը Միացյալ Նահանգներ ավարտվում է փետրվարի 7-ին, իսկ այսօր Վաշինգտոն է մեկնում Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեն:
Չնայած ԱՄՆ-ի սենատորների, նախորդ անգամ նաև կոնգրեսականների կոչերին՝ Վրաստանի իշխող կուսակցությունը որևէ շարժում չի կատարում ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով անցկացնելու իր իսկ տված խոստումն իրականացնելու համար: Խորհրդարանի նախկին նախագահ, հիմա մեծամասնության պատգամավոր Իրաքլի Կոբախիձեն ասել է, թե «Վրացական երազանքը» բոլոր ռեսուրսներն ունի գալիք ընտրություններում ձայների 60 տոկոսն ստանալու համար: Խորհրդարանի մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն նույն կարծիքն է հայտնել. - «Կարծում եմ՝ մեր արդյունքը 50-60 տոկոս կլինի: Կարծում եմ՝ դա ուտոպիա չէ, այլ իրականություն»:
Նախորդ՝ 2016-ի ընտրություններում «Վրացական երազանքն» ավելի քան 48 տոկոս ձայն էր ստացել:
Ընդդիմության ներկայացուցիչները, հիմնականում քաղաքացիական ակտիվիստները այսօր նորից բողոքի ակցիա են անցկացրել խորհրդարանի դիմաց՝ կրկին պահանջելով անցում կատարել ամբողջությամբ համամասնական ընտրակարգի: Շենքի մուտքի մոտ նրանք «ամոթի միջանցք» էին բացել իշխող կուսակցության պատգամավորների համար և նրանց հասցեին բացականչում էին «ստրուկներ»:
Վրաստանի ընտրական գործող համակարգով կուսակցական ցուցակներով և մեծամասնական ընտրակարգով պատգամավորների թիվը համարյա հավասար է, տարբերությունը չնչին է՝ 77-ը ընտրվում են համամասնական, 73-ը՝ մեծամասնական ընտրակարգով: