Վրաստանի խորհրդարանը մերժեց սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է անցնել համամասնական ընտրական համակարգի:
Օրենքի նախագիծը ներկայացրել էր իշխող «Վրացական երազանք»-ը, որի պատգամավորների մի մասն էլ դեմ քվեարկեցին փաստաթղթին:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան» և «Հայրենասերների ալյանս» խմբակցությունները կողմ են քվեարկել փոփոխություններին:
2020 թվականից խորհրդարանական ընտրությունները համամասնական համակարգով անցկացնելու մասին հայտարարել է իշխող ուժի փաստացի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ Վրաստանում բազմահազարանոց բողոքի ցույցերի ֆոնին: Ցուցարարների պահանջներից մեկը Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին էր վերաբերում:
Օրինագծի տապալումից հետո իշխող ուժի մի խումբ ազդեցիկ պատգամավորներ հայտարարում են օրենսդիր մարմնում զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու և «Վրացական երազանք»-ի շարքերը լքելու մասին: