Մատչելիության հղումներ

Վրաստանում ակցիաները և բախումները շարունակվում են


Բողոքի ակցիա Քոբուլեթիում, Վրաստան, 3-ը դեկտեմբերի, 2019թ.
Բողոքի ակցիա Քոբուլեթիում, Վրաստան, 3-ը դեկտեմբերի, 2019թ.

Վրաստանում հիմա զանգվածային ցույցեր չկան, բայց լոկալ ակցիաները, քաշքշոցները, վնասվածքներ պատճառող բախումները շարունակվում են։ Իշխանությունների ներկայացուցիչները նույնիսկ խոսում են քաղաքացիական առճակատման վտանգի մասին։

Հակակառավարական ցուցարարներին սկսել են խանգարել, խոչընդոտել, որոշ դեպքերում նաև նրանց նկատմամբ ուժ կիրառել «Վրացական երազանքի» երիտասարդական թևի անդամները։

Երեկ ուշ երեկոյան նրանց և «Ամոթ» շարժման անդամների միջև բախումներ են տեղի ունեցել իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ։ Հինգ ակտիվիստ տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ մեկ անչափահաս, մեկ աղջիկ, ով ուղեղի ցնցում էր ստացել։ Այսօր հաղորդվում է, որ թեթև վնասվածքներ ստացած ակտիվիստներից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից։ Իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» երիտասարդական թևի անդամները երեկ ուշ երեկոյան մոտեցել էին կուսակցության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներին և սկսել էին նրանց վրա ճայթուցիկներ նետել։ Լեզվակռիվ էր սկսվել, որին հաջորդել էին բախումները։

Ակտիվիստներն ասել են, որ ոստիկանությունը չի միջամտել, չի ձերբակալել իրենց վրա հարձակված իշխանամետ երիտասարդներին։ Չնայած Ներքին գործերի նախարարությունն արդեն քրեական գործ է հարուցել բռնություն կիրառելու հոդվածով, սակայն մեղադրյալներ կամ ձերբակալվածներ չկան։ «Ամոթ» շարժման ակտիվիստներից Դմիտրի Բիձինաշվիլին ասել է, թե իշխող կուսակցության առաջնորդ Իվանիշվիլին հոգեվարքի մեջ կառչել է իշխանությունից։

Մյուս կողմից՝ բողոքում են «Վրացական երազանքի» երիտասարդական թևի ակտիվիստները. «Մեզ վիրավորում են, հայհոյում, ստրուկներ կոչում, շենքի պատերին նշաններ կպցնում», - բողոքել է այդ կազմակերպության ներկայացուցիչներից Օթա Ռաջվելիշվիլին՝ ասելով, թե իրենց թիմակիցները եկել էին բողոքելու այդ ամենի դեմ, իսկ մյուս կողմում ագրեսիա էր սկսվել։

Վրաստանում ընդդիմության, քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիաները սկսվեցին նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանում տապալվեց ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծը, ինչն ավելի վաղ խոստացել էր իշխանության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին։ Անցած ամռանը զանգվածային ցույցերը հանդարտեցնելու նպատակով նա ասել էր, թե 2020թ. ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով։

Օրինագիծը տապալվելուց հետո Վրաստանում համարյա ոչ մի օր չի անցնում առանց բողոքի ակցիաների և միջադեպերի։ Նախորդ կիրակի իշխող «Վրացական երազանքի» ակտիվիստներն էին ցույց անցկացրել Քութայիսիում։ Նրանք հավկիթներ են նետել «Միացյալ ընդդիմության» գրասենյակի շենքի վրա, պատերին կարմիր ներկ քսել։ Քոբուլեթիում այսօր քաշքշոց է տեղի ունեցել քաղաքային ավագանու նիստում ընդդիմադիր «Ազգային շարժման» և իշխող «Վրացական երազանքի» անդամների միջև։ Մեկ մարդ բերման է ենթարկվել։

Մցխեթայում երեկ են բախումներ տեղի ունեցել. մի քանի տասնյակ ակտիվիստներ «ամոթի միջանցք» էին ստեղծել այդ ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավորի գրասենյակի դիմաց։ Իշխանամետ երիտասարդները հարձակվել էին նրանց վրա, մի քանի անգամ բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը մի քանիսին բերման է ենթարկել։ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, լրագրողների հետ զրույցում ասել է, թե ով կհամարձակվի կամ կոչ կանի քաղաքական առճակատման գնալ՝ օրենքի առաջ պատասխանատվություն կկրի ամենախիստ կերպով։

XS
SM
MD
LG