Մատչելիության հղումներ

ԱՄՆ 4 կոնգրեսականներ նամակ են հղել Վրաստանի վարչապետին


Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա, արխիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա, արխիվ

ԱՄՆ-ի չորս կոնգրեսականներ նամակ են հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ հայտնելով իրենց մտահոգությունը այդ երկրում ժողովրդավարության վիճակի, ժողովրդավարությունից շեղվելու վերաբերյալ:

«Վրաստանը պատրաստվում է 2020 թվականի ընտրություններին, և մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ապահովել ընտրությունների օրինականությունն ու համոզվել, որ ընտրական գործընթացը պաշտպանված է ներքին և արտաքին միջամտությունից», - գրել են նրանք:

Կոնգրեսականներն ավելի վաղ՝ անցած ամիս ևս իրենց մտահոգությունների վերաբերյալ նամակ էին հղել, որին ի պատասխան՝ Վրաստանի իշխանությունները հավաստիացել էին, թե ընտրությունները կանցկացվեն բարձրագույն չափանիշներով:

Վրացական իշխանությունների պատասխան նամակից հետո, կոնգրեսականները հիմա գրում են, որ ըստ վերջին տեղեկությունների՝ Ֆեյսբուքը փակել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ստեղծած էջերը անընդունելի քարոզչության համար։ «Փաստը, որ այդ էջերը ժողովրդավարությանը և արևմտյան արժեքներին հակասող գաղափարախոսություն են տարածել, պարզապես անընդունելի է», - գրել են կոնգրեսականները Վրաստանի վարչապետին:

Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ իշխող կուսակցության նշանակած դատախազները կուսակցության ընդդիմադիրների դեմ ուղղված գործեր են բացում: «Օրենքի գերակայությունն ու անաչառ դատական համակարգը առողջ ժողովրդավարության կարևոր մասն են: Մենք ազատ և արդար ընտրությունների կոչ ենք անում, որոնք պետք է երաշխավորի ձեր կուսակցությունը», - նշել են նրանք:

Կոնգեսականները նաև մտահոգություն են հայտնել Անակլիայի նավահանգստի կառուցման ծրագրին «Վրացական երազանք»-ի քաղաքական միջամտության կապակցությամբ: ԱՄՆ-ը աջակցում է Անակլիայի նավանագիստը կառուցելու ծրագրին, սակայն քաղաքական միջամտությունը խոչընդոտում է ամերիկյան ընկերությունների մասնակցությանը:

Կոնգրեսականները նշել են, որ նման իրադարձությունները կարող են անցանկալի ազդեցություն ունենալ գործարար միջավայրի վրա, և կարող են հետաձգվել ԱՄՆ-ի ապագա ներդրումները Վրաստանում:

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին ասել է, թե որոշ կոնգրեսականներ հնարավոր է թյուրիմացության մեջ են կամ ճշգրիտ տեղեկատվությանը չեն տիրապետում:

Նա նշել է, որ եթե Վրաստանը շեղված լիներ ժողովրդավարության ուղուց, ապա ԱՄՆ-ի բյուջեի նախագծում Վրաստանը տեղ չէր ունենա որպես Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող բացառիկ երկրներից մեկը: «Մենք կհամագործակցենք այդ կոնգրեսականների հետ, և մեր հիմնական խնդիրն է, որ բոլորին, այդ թվում՝ նրանց, ներկայացվի ճշգրիտ տեղեկատվություն»,- «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ ասել է Օխանաշվիլին:

Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին համոզմունք է հայտնել, թե կոնգրեսականների նամակը իրականում հասցեագրված է «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին: «Գախարիան սովորական փոստատար է, որին նամակ է ուղարկվել փոխանցելու համար», - ասել է Խուխաշվիլին՝ «360 աստիճան» հեռուստածրագրում մեկնաբանելով կոնգրեսականների՝ Վրաստանի վարչապետին նամակ ուղարկելու փաստը:

Անցած տարի Իվանիշվիլին խոստացել էր խորհրդարանական այս տարվա ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով, բայց խոստումը չիրականացվեց:

Անցած աշնանը վրացական լրատվամիջոցները հաղորդեցին, թե Իվանիշվիլին արգելափակում է Անակլիայի նավահանգստի կառուցումը:

XS
SM
MD
LG