Փաշինյան. ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը շուտով կհանգուցալուծվի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Եռաբլուրում», 28 հունվարի, 2020թ.

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը շուտով կհանգուցալուծվի, այսօր Եռաբլուրում պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կհանգուցալուծվի, շուտով կհանգուցալուծվի», - ասաց վարչապետը:

Բանակի օրվա առթիվ վարչապետ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների ուղեկցությամբ առավոտյան այցելել էր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:

Նույնը հարցն ուղղեցինք նախագահ Արմեն Սարգսյանին։ «Այսօր եթե կարելի է, դրա մասին չխոսենք», - եղավ նախագահի արձագանքը: Թիկնապահների օգնությամբ նախագահը հեռացավ։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, թե ներկայում քննարկումներ են ընթանում` ճգնաժամի լուծման նպատակով. - «Լուծման մասին երեկ վարչապետն ընդհանուր առմամբ խոսել է, և կարծում եմ՝ քայլեր կձեռնարկեն և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը համատեղ, որպեսզի ճգնաժամին լուծում տան»:

«Ազատության» հարցին, թե վարչապետը երեկ հայտարարեց, որ ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանը կեղծիքներով է ընտրվել, առաջացած ճգնաժամի լուծման ի՞նչ քայլեր են ձեռնարկելու իշխանությունները, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. - «Իրավիճակին լուծում տալու ցանկացած քայլի մասին տեղյակ կպահեն, քննարկումներն ընթանում են, գիտեք, որ քայլեր արդեն եղել են, վաղ թոշակի մասին օրենքը և նաև Ազգային ժողովի կողմից ձեռնարկված քայլերը նպատակ ունեին ճգնաժամը լուծել, բայց քանի դեռ լուծում չի ստացել, շարունակելու են քայլեր ձեռնարկել»:

ԱԽ քարտուղարը սահմանադրական բարեփոխումները ճգնաժամի լուծման մի ճանապարհն է համարում:

Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե անառարկելի փաստ գոյություն ունի, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքով՝ շարունակելով, թե հեղափոխությունից անմիջապես հետո իր գլխավորած իշխանության օրակարգում Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցը չհայտնվեց, որովհետև նորաստեղծ կառավարության օրակարգը խիստ հագեցած էր առաջնահերթ հարցերով, բացի այդ մոտեցումը պետք է լիներ իրավական տեսանկյունից։

Փաշինյանը եզրափակել էր, թե այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանի նախագահի համար ակնհայտ դարձավ, որ իշխանությունը չի համաձայնելու կոծկել իր կողմից արած կեղծիքները, այդ ժամանակ Հրայր Թովմասյանը սկսել է քաղաքական դաշտում պաշտպանություն փնտրել, այդ թվում՝ հանրապետությունից դուրս՝ ներքաշվելով հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ։

Ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները, որոնց կուսակիցն է ժամանակին եղել Հրայր Թովմասյանը, մասնավորապես, Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության վերաբերյալ իշխանության պնդումները մերկապարանոց է գնահատում՝ փաստարկելով, որ եթե Փաշինյանի իշխանությունը փաստեր ունենար, ներկայում հանրային քննարկման թեման վարչապետի գրիչը չէր լինի։

Երեկ «Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ անցած տարվա առաջին կեսին ԱԱԾ այդ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանից զանգ է ստացել, թե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը պատրաստ է աջակցել նոր իշխանություններին, որից հետո Թումանյան փողոցում հետևից արժանացել է Հրայր Թովմասյանի գրկախառնությանը, թե «նորմա՞լ է հիմա ամեն ինչ»։

Ժամեր անց News.am-ի հետ զրույցում Արթուր Վանեցյանը հերքեց Սիմոնյանին՝ հայտարարելով, թե Ազգային ժողովի փոխնախագահը ստում է, և ինքը Հրայր Թովմասյանի հարցով զրույց չի ունեցել. - «Որպես Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր, մարդ, որը նրա հետ հաց է կիսել, ափսոսում եմ, որ նրա քաղաքական թիմը այս կերպ է վարվում նրա հետ: Ցավում եմ, որ նա համաձայնել է նման ամոթալի ձևով օգտագործվել՝ հանուն մեկ մարդու անհեթեթ ամբիցիաների, որը չի խորշում իրար դեմ հանել անգամ ընկերներին ու ընտանիքի անդամներին»,- ասել է Վանեցյանը։

Էլ ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում պատասխան գրառմամբ հանդես եկավ Ալեն Սիմոնյանը. - «Ասում ես ինձ նախկին ընկեր այն պարագայում, երբ ես ամեն հարցազրույցում, ի հեճուկս քո դավաճանության ինձ, վարչապետին, երկրին, քեզ ընկեր եմ անվանել: Ես քեզ շանս տվեցի դառնալ հեղափոխական, դու գնացիր քո մանկության երազանքի ետևից` «դառնալ Սերժ», այդ հարցում էլ քեզ կօգնեմ, խոստանում եմ»։

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին այսօր Եռաբլուրում հարցրեցինք՝ Ազգային ժողովի փոխնախագահը հայտարարել է, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը դավաճանել է երկրին, ի՞նչ կարող եք ասել:

Մարտիրոսյանը, ով ժամանակին ԱԱԾ-ում Արթուր Վանեցյանի տեղակալն էր, որոշեց լուռ մնալ: