Մատչելիության հղումներ

«Վանեցյանն ինձ զանգահարել է Հրայր Թովմասյանի հարցով»․ Ալեն Սիմոնյան


«Վանեցյանն ինձ զանգահարել է Հրայր Թովմասյանի հարցով», - այսօր «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ընթացքում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Ստորև ձեզ ենք ներկայացնում հարցազրույցից մի հատված.

«Ազատություն». – Պարոն Սիմոնյան հաղորդման մեկնարկին մի գրիչ էլ ես Ձեզ տվեցի, դե համոզեք, որ դա հուժկու, ծանր հակահարված է, համոզիչ փաստարկ է, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը։

Սիմոնյան. – Իրականում գրիչը մի ծուղակ էր, որից հետո այդ ծուղակում հայտնվեցին ոչ մեկ, այլ մի քանի հոգի։ Անցյալ տարվա առաջին մասում ես ստացել եմ մի զանգ, այն ժամանակյա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից մոտավորապես հետևյալ բովանդակությամբ՝ «Ալեն ջան, Հրայրը Սահմանադրական դատարանի առաջարկում է, պատրաստ է աշխատել, ամեն ձևով աջակցել և մի բան է խնդրում, մի բան է ասում, որ Ալենին ասեք, որ իմ վրա, իմ հետ կապված քիչ խոսի», ես պետք է ասեմ, որ ինչի՞ է հիշվել նաև այդ խոսակցությունը, մի քանի դրվագի պատճառով, նախ ինձ դուր չեկավ, որովհետև մարդ, երբ որ հեռախոսով խոսում է, զգում ես, որ կողքը մարդ կա, ես վստահ էի, որ այդ խոսակցության ընթացքում միայնակ չէր, այդ զանգը բացի ինձնից և իմ զրուցակցից էլի լսողներ կային։ Ես ի գիտություն ընդունեցի, ասացի՝ «լավ, կխոսենք»։ Դրանից հետո, ընդամենը մեկ, երկու օր անց Թումանյան փողոցի «Նոր Զովք» խանութի առաջ ես հետևից գրկախառնության արժանացա՝ շատ անսպասելի ինձ համար, և ի զարմանս ինձ Հրայր Թովմասյանն էր, որը ինձ շատ լայն ժպիտով, մենք շփումներ տենց չենք ունեցել՝ «նորմա՞լ է հիմա ամեն ինչ», ես ի պատասխան ասացի, որ՝ հա հիմա նորմալ է և հասկացա, որ դա փաստացի էն մեր խոսակցության շարունակություն էր։ Հիմա անկեղծ երբ հետևում եմ այն իրադարձությանը, որ Հրայր Թովմասյանը ուժեղ դեմքի արտահայտությամբ հայցերից է խոսում, ուժեղ դեմքի արտահայտությամբ հայցերից է խոսում, ես կարծում եմ՝ ինքն իր հայցը պետք է ներկայացնի մի քիչ այլ ուղղությամբ, իսկ եթե այնուամենայնիվ պատրաստվում է հայց ներկայացնել։

«Ազատություն». – Իսկ եթե ասի՝ «սուտ եք ասում»։

Սիմոնյան. – Միշտ տենց կարելի է ասել՝ սուտ եք ասում։ Թող փորձի, որովհետև գրիչը և մնացածը սկիզբը չէր, և վստահեցնում եմ իրեն և Ձեզ, որ վերջը չի, որովհետև մի մարդ, ով որ փաստացի արդեն գործը դատարանում է և քննվելու է, փաստացի քննություն է գնում առ այն, որ ինքը կեղծիքով է ընտրվել և կեղծել են տարեթիվ, այսօր ամենաշատ դոշ ծեծող նաև մարդկանցից մեկը, չեմ ուզում անունը տալ, փաստացի բան են կեղծել, որպեսզի պարոն Հրայրը, ՀՀԿ-ի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը ուզուրպացնի Սահմանադրական դատարանը 30 տարով։

«Ազատություն». – ՀՀԿ-ն է ասում՝ «ապացուցեք՝ ինչո՞ւ եք բարձր պաշտոն զբաղեցնելով անմեղ մարդու անմեղության կանխավարկածը խախտում»։

Սիմոնյան. - Որևիցե մեկն անմեղության կանխավարկած չի խախտում, դրա համար գոյություն ունի դատարան, կտեսնենք՝ ինչ է կատարվում և ինչ վճիռ կլինի։

<...>

Ես նաև ուզում եմ հիշեցնել մի դրվագ, որի մասին էլի քիչ է խոսվում։ Խոսքը գնում է պարոն Թովմասյանի այցելությունների մասին, ես տեղեկություն ունեմ և պնդում եմ, որ վերջերս պարոն Թովմասյանը բազմիցս, մոտավորապես 6-7 անգամ այցելություններ է անում արտասահման, որոնցից ընդամենը երկուսն է գրանցվում որպես, գրանցվել որպես գործուղում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բացատրելու և խոսելու բան ունի, թե ինչի է այդքան հաճախ վերջերս կոնկրետ ուղղություններով մեկնում և վերադառնում։

«Ազատություն». – Իսկ ինչո՞ւ ԱԱԾ-ն չի զբաղվում դրանով։

Սիմոնյան. – Ես անկեղծ ասած գտնում եմ, որ էդ հարցով պետք է զբաղվեն մեր իրավապահները, որովհետև, այո, դա շատ կարևոր է ու դա Հայաստանի Հանրապետությանը վերաբերող հարցեր են։

Ես վստահեցնում եմ՝ դեռ շատ բաներ են բացվելու, որից ոչ միայն Սահմանադրական դատարանի գործող նախագահը, այլ նաև շատ ու շատ իր հետ փոխկապված անձինք անակնկալի են գալու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG