Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ իր մասին արած պնդումները, դրանք որակելով «շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներ»:
Փաշինյանը մասնավորապես հայտարարել է․ - «2018 թվականից սկսած, մայիսից սկսած, մայիսից, սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել ինձ, ասելով, որ «քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, և ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր»։ Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել ա համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան»։
Սահմանադրական դատարանի նախագահի հայտարարությունում, որն իր ֆեյսբուքյան էջում տարածել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը, մասնավորապես ասված է․ - «Հարկ եմ համարում հայտնել, որ Ն. Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։ Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։ Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ»:
«Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում։ Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի», - հայտարարում է Հրայր Թովմասյանը։
«Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը», - ասված է հայտարարությունում։ - «Սա ասում և պնդում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը՝ անընդունելի և դատապարտելի է՝ հատկապես, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից»։
«Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ», - հայտարարում է Հրայր Թովմասյանը:
Երեկոյան Սահմանադրական դատարանի նախագահի հայտարարությանն արձագանքեց վարչապետը՝ Ֆեյսբուքում գրելով․ - «Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երևանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»: