Ազգային ժողովի փոխնախագահ («Իմ քայլը» խմբակցություն) Լենա Նազարյանը վստահեցնում է` իշխող ուժը կառավարման համակարգը փոխելու ցանկություն չունի: Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը աշխատանքները հավանաբար փետրվարից կսկսի, արդեն իսկ հայտնի է, թե ովքեր են լինելու հանձնաժողովում խմբակցությունների ներկայացուցիչները:
Նախորդ շաբաթ Ազգային ժողովում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը, նաև մասնակցությունը քրեականացնող նախագծի քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ։ Բանավեճի առիթ դարձավ նաև Երևանի քաղաքապետարանին աղբատարներ նվիրելու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու որոշումը, որի քվեարկությանը «Իմ քայլի» պատգամավորները չմասնակցեցին։
Արդյոք ակտիվության պակաս չկա՞ իշխող խմբակցությունում խորհրդարանական նիստերի ժամանակ:
Այս թեմաների շուրջ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» ընթացքում Հրայր Թամրազյանը զրուցել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ:
Ստորև՝ հատվածներ հարցազրույցից.
Լենա Նազարյան. - Միանշանակ է, որ մենք չենք ուզում փոխել կառավարման համակարգը, այսինքն՝ խորհրդարանականից նախագահական կամ կիսանախագահական, նման մտադրություն չկա, և նույնիսկ նախկինում էլ ասել ենք, որ իմաստ չունի 5 տարին մեկ կառավարման համակարգ փոխել այն դեպքում, երբ փորձված չէ եղած մոդելը, և ոչ մեկը չի կարող իրականում ասել՝ սա է լավ, թե նա, քանի դեռ մենք չենք անցել ճանապարհ՝ հասկանալու, թե որն է մեզ համար ավելի լավ, մեզ համար ասելով նկատի ունեմ երկրի համար: Հետաքրքիր քննարկում կարող է լինել կայուն մեծամասնության հարցի վերաբերյալ, և ես գիտեմ, որ վարչությունում այդ հարցը քննարկվել է, եղել է կարծիք, որ ոչ կայուն մեծամասնության մոդելը նպաստում է խորհրդարանի դերի բարձրացմանը, բայց նաև եղել է հակառակ կարծիքը, որ կոալիցիոն կառավարությունը հնարավորություն չի տալիս արագ որոշումներ կայացնել, որը գուցե այս պահին շատ անհրաժեշտ է Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու համար: Բայց վերջնական որոշում չկա, և այդ քննարկումները շարունակվում են:
Նախ ես ուզում եմ անդրադանալ քննադության որակին և ոճին, ես իսկապես ուզում եմ, որ ընդդիմադիր ինստիտուտը կայանա, և ցավով եմ արձանագրում, որ մեր ընդդիմադիր գործընկերները գործում են հին համակարգի տրամաբանության մեջ, այսինքն՝ նրանց ընդդիմադիրությունը շատ նման է այն ընդդիմադիրությանը, որ մենք էինք դրսևորում նախկին իշխանության ժամանակ: Ստիպված էինք, ավելի ճիշտ, այդպիսին լինել, և դա լավ օրից չէր, բայց այդ ընդդիմադիրության ռեսուրսը սպառված է, որովհետև նախկին իշխանությունը մերժված է: Եվ հիմա ես կարծում եմ, որ ընդդիմությանը տրված է շանս գտնել նոր բառապաշար, նոր ձևաչափ, նոր չափանիշներ քննադատություն ներկայացնելու: Նրանք անընդհատ վերարտադրում են այն մտքերը, կարծրատիպերը, այն մեղադրանքները և քննադատությունը, որը հնչել է նախկին իշխանության հասցեին, և չեն տեսնում, չեն նկատում կամ չեն ուզում նկատել այն փոփոխությունները, այն տարբերությունները, որ հիմա կան: Այդ իսկ իմաստով ես կարծում եմ, որ նրանց քննադատությունն ուղղակի անիմաստ է, այսինքն՝ չի աշխատում:
Ես մի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ պետական կառավարման համակարգը իներցիայով է շարժվում՝ նկատի ունենալով այն, որ հնարավոր չէ մի ակնթարթում վերափոխվել, ժամանակ ու աշխատանք է պետք դրա համար: Ես ստիպված եմ հիմա նաև ասել, որ իներցիայով է շարժվում նաև ընդդիմությունը, որովհետև անընդհատ վերարտադրում է հին բառապաշարը, հին պատկերացումները հին համակարգի ընդդիմադիրության: Ես կարծում եմ, որ մարդիկ մերժել են ոչ միայն նախորդ իշխանությունները, մարդիկ մերժել են նաև նախորդ բոլոր ընդդիմությունները և ոչ միայն կառավարող ուժից են ակնկալում նոր գործելաոճ, այլ նաև ընդդիմությունից են ակնկալում նոր գործելաոճ: Եվ խորհրդարանին պակասում է ընդամենը հեղափոխական ընդդիմություն, ընդդիմությունը մնացել է անցյալում, և ես ցավով եմ սա արձանագրում, այսօրվա ընդդիմությանը տրված է շանս՝ գտնելու նոր ընդդիմադիրության ձևերը, բայց կարծես թե դեռ չի հաջողվում:
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 26-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.