Ազգային ժողովում առավոտյան իրավիճակն այնքան բուռն էր, որ կարող էր ձեռնամարտի վերածվել․ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը, նաև մասնակցությունը քրեականացնող նախագծի քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ, որը երկար ժամանակ չէր հաջողվում հարթել։
Ամեն ինչ սկսվեց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթից, որին արձագանքեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պետրոսյանն ասաց, որ իր համար դժվար է հասկանալ, թե ինչու է կառավարությունն այս պայքարը գերակայություն հռչակել, որովհետև, նրա կարծիքով, դա ոչ թե հանցավորության դեմ պայքար է, այլ՝ անորոշ երևույթների․ - «Լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ։ Մենակ մի հուշում, կամ խորհուրդ ասեմ. Էդ գողական բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրա դեմ պայքարել»։
Որևէ խմբակցությունում չընդգրված պատգամավոր Արման Բաբաջանյանը ամբիոնից հայտարարեց, թե ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ, նրա ձևակերպմամբ՝ խայտառակ պահվածքի համար. - «Եվ Ազգային ժողովի նախագահին կոչ եմ անում, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին։ Լռե՛ք, երբ որ ես խոսում եմ...»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքելով չսահմանափակվեցին: Երբ Բաբաջանյանը ավարտեց ելույթը ու գնաց իր տեղը զբաղեցնելու, նրանք դեռ բացատրություն էին պահանջում։
Օրինակ, Հրանտ Մադաթյանը մատ էր թափ տալիս, հայհոյում, Բաբաջանյանին կոչ անում «չափը ճանաչել»։ Իսկ դեպի Արման Բաբաջանյանը բառիս բուն իմաստով նետվող Ջանիբեկ Հայրապետյանին ու Արթուր Դալլաքյանին պատգամավորները մի կերպ կարողացան զսպել։
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցութայն ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօրվա նիստին ներկա չէր։
Երբ նիստերի դահլիճ վերադարձավ Բաբաջանյանի ելույթի ժամանակ բացակայող Գևորգ Պետրոսյանը, և իրավիճակը նորից սրվեց, Ազգային ժողովի նախագահը ստիպված եղավ կիրառել Կանոնակարգով սահմանված կարգապահական միջոց. - «Պատգամավորներն այստեղ խոսում են մի ձևով՝ հերթագրվում են, ամբիոնից խոսում են։ Եվ չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար։ Ով որ էս նորմերը չի գիտակցում, թող հրաժարվի պատգամավորական մանդատից ու գնա հայաթում բեսեդկեն լռվի... Հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները։ Պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչև այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից։ Կարգադրիչներին խնդրում եմ ապահովել սրա կատարումը»։
Նիստերի դահլիճից հեռացված Գևորգ Պետրոսյանը պնդեց, թե ինքը որևէ մեկին անձնական վիրավորանք չի հասցրել, բայց և չի բացահայտում, թե «երեքտառանոց հասկացություն» ասելով՝ ինչ նկատի ուներ։
Պետրոսյանը նաև չի կարծում, թե ԲՀԿ պատգամավորները որևէ հարցում մեղավոր էին, իսկ քաշքշուկը խորհրդարանականներին բնորոշ է համարում. - «Մեղքը կապված պիտի լինի հակաիրավական վարքագծի հետ։ Եթե որևէ մեկը կասի ստեղ, թե որն է եղել մեր հակաիրավական վարքագիծը, մենք կփորձենք մեր մեղքը որոնել։ Հիմա չցիտեմ բարձրաստիճան պաշտոնյաների արտահայտությունները... Էդ նույն Բաբաջանյան Արմանը խի՞ չէր հելնում ասում, որ թաթիկները կտրելը դա բռնության քարոզ ա, չունե՞ր էդքան դուխ»։
Արման Բաբաջանյանը շարունակում է խմբակցության անունից Պետրոսյանի ելույթում հնչած արտահայտության համար ներողություն ակնկալել։ Նա կարծում է, որ վիրավորանք է հասցվել պետությանը:
ԲՀԿ-ից ափսոսանքի խոսքեր չհնչեցին։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը պնդեց, թե Արման Բաբաջանյանն է սադրում։
Վերջինս ասել էր. - «Չգիտեմ ում նկատի ուներ Գևորգ Պետրոսյանը իր ելույթի վերջնամասը կառուցելիս, նա դիմում էր կառավարությանը, և ես կարծում եմ, որ դահլիճում գտնվող յուրաքանչյուր իրեն հարգող պատգամավոր, ով պատվիրակված է այստեղ ներկայացնելու Հայաստան պետության շահը, առնվազն պիտի անարձագանք չթողներ այդ ելույթը»։
Արման Աբովյանն ասաց. - «Ես, ճիշտն ասած, չհասկացա, թե ինչը այդպես բորբոքեց պարոն Բաբաջանյանին, որ այստեղ մենք տեսանք մեկ դերասանի թատրոն։ Ի՞նչ էր ասել պարոն Պետրոսյանը։ Խնդրում եմ ուշադիր ևս մեկ անգամ լսենք։ Վիրավորել է, ինչ-որ կպել է, վիրավորանք է հասցրել, ի՞նչ է ասել»։
Քննարկումներն արդեն այլ հարցերի շուրջ էին նիստերի դահլիճում ընթանում, բայց պատգամավորները շարունակում էին անդրադառնալ առավոտյան տեղի ունեցած միջադեպին։
Իշխանական «Իմ քայլից» Հայկ Կոնջորյանն էլ Գևորգ Պետրոսյանի վեճի առիթ դարձած հայտարարությունը խնդրահարույց համարեց. - «Երեքտառանիի մասով էլ, չորստառանիի մասով էլ, եթե կարիք կա, պայքարում ենք։ Դրա մասով էլ կա նաև հոդվածներ։ Բայց պետք չի էդ աստիճան իջացնել։ Էսի Ազգային ժողով ա, թե ազգային քուչա»։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ տեղի ունեցածը գողական ակնհայտ դրսևորում էր: Արդյո՞ք ԱԺ ղեկավարությունը կսահմանափակվի ԲՀԿ-ականներին այսօրվա նիստերից հեռացնելով, թե՞ բանը կարող է հասնել էթիկայի հանձնաժողով ձևավորելուն:
Էթիկայի հանձնաժողովը, հիշեցնեմ, ժամանակավոր է, կարող է ստեղծվել խմբակցություններից որևէ մեկի նախաձեռնությամբ ու ԱԺ որոշմամբ։ Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունի իշխանական «Իմ քայլը»։
Սիմոնյանն ասաց, որ գործընկերների հետ քննարկումներ են անցկացնում. - «Պնդում եմ, որ խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ»։