«Իշխանությունն այս քայլը որևէ կերպ չի մարսելու, փոշմանելու է». Էդմոն Մարուքյան

«Իշխանությունն այս քայլը որևէ կերպ չի մարսելու, փոշմանելու է». - քննիչ հանձնաժողով չստեղծելու վերաբերյալ «Իմ քայլի» դիրքորոշմանը այսօր «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ստորև ձեզ ենք ներկայացնում հարցազրույցից մի հատված.

«Ազատություն». – Ձեզ չհամոզեց իշխանության քննիչ հանձնաժողով չստեղծելու փաստարկը, որ «Երևանի քաղաքապետարանն իր խորհրդարանն ունի ի դեմս ավագանու, թող նրանք քննեն», ինչո՞ւ։

Մարուքյան. - Ըստ էության անգամ այդտեղ վեճ չկա, որովհետև ցանկացած իրավաբան, եթե անաչառ իրավաբան է, իհարկե, հստակ կարող է ասել, որ խորհրդարանի մեկ քառորդ պատգամավորների ստորագրություններով հավաքված, այլևս ստեղծված քննիչ հանձնաժողովը պիտի գործեր, և այն, որ հանձնաժողովը չի կարող գործել, դա իշխանության գործողության արդյունք է, որով տապալեցին հանձնաժողովի կազմի ձևավորումը։ Մնացած բոլոր փաստարկները ստորադասվում են դրան, որովհետև արդեն էական չի, անգամ էական չի՝ ինչ պետք է ուսումնասիրեին, անգամ էական չի՝ ինչ են ասում, էական չի՝ ուր են ուղարկում, ում են ուղղորդում, ոչ մի բան էական չի։ Էականը նա է, որ հեղափոխությունից հետո առաջին անգամ նման բարձր մակարդակով ժողովրդավարությունից հետ քայլ է լինում, և այս քայլը որևէ կերպ չի մարսվելու, ես ձեզ խոսք եմ տալիս, որ իշխանությունը փոշմանելու է սրա համար, եթե անգամ չի փոշմանել։

«Ազատություն». – Ի՞նչ նկատի ունեք, պարոն Մարուքյան։

Մարուքյան. – Նկատի ունեմ, որ իշխանության քաղաքական կրեդիտը և՛ Հայաստանում, և՛ աշխարհով մեկ սրանով վնասվում է։ Ամբողջ աշխարհը մեզ հետևում է, նայում է՝ ժողովրդավարության ջատագովները ոնց են ժողովրդավարությունը սկսում սահմանափակել։ Այսինքն մարդիկ ամեն օր կարա՞ն խոսեն ժողովրդավարությունից, գան Ազգային ժողովի մեկ քառորդ պատգամավորների իրավունքը սահմանափակեն։ Երբ որ մենք ասում ենք՝ «էն ժամանակ էս ա արվել, էն ա արվել», ասում են՝ «վայ, մեզ ինչի՞ եք համեմատում», երբ որ Մարդու իրավունքների հանձնաժողովը կրճատում էին հանրապետականները, ասում էինք՝ այդ հանձնաժողովը, եթե չկրճատեք, դա կհասնի «Ելք» դաշինքին՝ ընդդիմությանը, իրենք ասում էին՝ «մի մտածեք հանձնաժողովը մենք միացնում ենք Պետարիարավական հանձնաժողովին», դե մեզ չէր հասնում այլևս նախագահություն հանձնաժողովում, ասում էին՝ «կգնաք, էնտեղ կաշխատեք», էս եմ հիշում ես, որ հիմա էլ ասում են՝ «էստեղ չստեղծենք, գնացեք Երևանի ավագանիում ստեղծեք»։ Նախ՝ Երևանի ավագանին ցածր մակարդակ է երարխիայի իշխանության, արդեն բարձր մակարդակում հանձնաժողով է ստեղծվել իրավունքի ուժով Սահմանադրության, դուք ստեղծված հանձնաժողովը չեք ուզում գործի, ուղարկում եք մարդկանց ուրիշ տեղ, որ ի՞նչ անեն։

«Ազատություն». – Պարոն Մարուքյան, իսկ ո՞ւր մնաց իշխանությունների տարանջատման սկզբունքը։

Մարուքյան. – Իշխանությունների տարանջատման սկզբունքը վերաբերում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններին։ Վարչապետը սխալ է ասում, տեղական ինքնակառավարման մարմինները չեն մտնում իշխանությունների տարանջատման սկզբունքի մեջ, դրանք գործադիր իշխանության մի հատվածն են։ Ավելին՝ իրենք շեղում են թեման, որովհետև հանձնաժողովն ավագանու լիազորությունների մեջ չէր մտնելու։ Ավագանին որևէ որոշում չունի կայացրած, որը պիտի հանձնաժողոն ուսումնասիրեր, ավագանու դերակատարում ընդհանրապես չկա, որևէ բան չի եղել ավագանիով։ Իրենք ասում են՝ «դուք ավագանու լիազորություններն ուզում եք վերցնել», նման բան չկա, սուտ է, մանիպուլացիա։

«Ազատություն». – Դուք ասացիք՝ անաչառ իրավաբաններ, նկատի ունեք, որ Արդարադատության նախարարության մասնագետներն անաչառ չեն եղե՞լ, երբ վարչապետին այդ զեկույցը տրամադրվել է։

Մարուքյան. – Այո, անաչառ չեն եղել։ Նախ այդ զեկույցի մասին մենք վարչապետի ելույթից ծանոթացանք, իմացանք, ինքը ասում է՝ «մենք դիմեցինք, մեց տվեցին», կներեք, մինչև հունվարի 20-ը ալարո՞ւմ էիք մի հատ ուղարկեիք նախաձեռնողներին՝ մեզ։ Կարող էին չէ՞ ուղարկեին, ասեին՝ «հարգարժան գործընկերներ, կա խնդիր, ի՞նչ անենք»։

«Ազատություն». – Ի՞նչ փոխվեց, պարոն Մարուքյան, իրենք սկզբում դեմ չէին, վարչապետը չի էլ թաքցնում, որ դեմ չէին։

Մարուքյան. – Ես կարծում եմ, որ քննարկումների արդյունքներով ներքին կուսակցական որոշել են, որ Հայկ Մարությանին պաշտպանեն և չհանեն հրապարակային դաշտ, որտեղ նա կարող է չկարողանալ դրա տակից դուրս գալ և վստահ եմ, որ չէր կարողանալու։

«Ազատություն». – Այսինքն հանձնաժողովը կանչելո՞ւ էր քաղաքապետին բացատրությունների, պարզաբանումների։

Մարուքյան. – Այո, նաև շատ այլ մարդկանց։ Որոշել են փրկել իրենց թիմակցին, սա կլանային մտածողություն է։ Այսինքն՝ «մեր թիմակիցն է, եկեք պաշտպանենք»։

«Ազատություն». – Ինչո՞ւ, որովհետև Մարությանը թաքցնելու բան ունի՞։

Մարուքյան. – Միանշանակ, եթե թաքցնելու բան չունենար, սկզբից չէր ասի՝ «նման բան չկա», հետո չէին հաստատի, հետո չէր ասի՝ «ես չեմ կարում փոխկապակցվածությունը տեսնել», ասում է՝ «ես ի՞նչ իմանամ Խաչատրյան Գագոյի բանն ա»։ Ամենամեծ մեծամասնությունը իրենք էին լինելու, դա իրենց հանձնաժողովն էր լինելու, և կգնային կքննեին։ Եթե իրենք կասկածներ չունեն, խնդիր չունեն, բաց, հրապարակային կգնային դրան, վերջում էլ կասեին՝ «տեսա՞ք, որ որևէ բան չկար»։ Էսօր իրանք էդ կասկածները խորացրեցին։

«Ազատություն». – Այս պատմությունից, Դուք ի՞նչ հետևություն եք արել։

Մարուքյան. – Իշխանությունը հնարավոր է, որ մեր կոնստրուկտիվ համագործակցային վերաբերմունքը չարաշահում է, ավելին, այդ վերաբերմունքը նրան թույլ է տալիս, հայտարարություններ անի ստեղ, ընդեղ ինտերվյուներ տալուց, որ խորհրդարանում ընդդիմություն չկա։ Արդեն մեկ տարի է՝ բազմաթիվ հարցերով ասում ենք՝ «լավ դե կարող է ընդեղ հանցավոր ռեժիմի խնդիր կա, պայքար է գնում, ինչ-որ ռևանշ, լավ էս մասը սենց անենք, էստեղ աչք փակենք, լավ 5 հատ բան ենք տեսել, երկուսն ասենք, որովհետև էս երեքը հլը կարող է շտկեն, բանավոր ասենք՝ կարող է շտկեն», բայց տեսանք՝ չէ, էս մարդիկ գնալով իրենց գլուխները կորցրել են, գլուխները կորցրած գնում են, հենց գիտեն էդ ժողովրդի վստահությունն անսահմանափակ է, հավերժ է, ինչ ուզեն կանեն, ոնց ուզեն կմոնոպոլացնեն, ում ուզեն ձեռք կառնեն ամբիոնից, դրա համար, բնականաբար, մենք նաև հետևություններ ենք անում։ Կարո՞ղ է մենք ենք էդքան երես տվել կամ մենք ենք էդքան առիթ տվել, որ իրենք տենց փորձեն ինքնահաստատվել մեր նկատմամբ, կարո՞ղ է մենք ենք, ըստ էության, նաև տրվել նրան, որ «հիմա հակահեղափոխություն կարող է լինել, եկեք լռենք», որ իշխանությունը հանկարծ բան չանի։ Եթե մարդիկ իրենք իրենց կորցրել են նաև մեր հանդուրժող, հասկացող, դրության մեջ մտնող կերպարներից, դա էլ չի մնա։

«Ազատություն». – Բայց հակառակն էլ կա, պարոն Մարուքյան, որ ժողովուրդն է տվել իրենց 70 տոկոս, ձեզ՝ 10 անգամ քիչ։

Մարուքյան. - Այո, և մենք 10 անգամ քիչից շատ 10 անգամ քիչ ենք իրենց քննադատել, հիմա 10 անգամ կբարձրացնենք էդ դոզան, հիմա տեսնեմ էդ ժամանակ ինչ են անելու։