Կոռուպցիայի ընկալման համաթիվ. Հայաստանը 7 կետով բարելավել է իր ցուցանիշը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացնում է 2019-ի տվյալները, Երևան, 23 հունվարի, 2020թ.

Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը կոռուպցիայի ընկալման համաթվով, այն 42 է։ Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության՝ 180 երկրների շարքում Հայաստանը 77-րդ տեղում է։

Տարածաշրջանում մեր երկիրը հարևաններից զիջում է միայն Վրաստանին, որը զբաղեցնում է 44-րդ տեղը՝ 56 կոռուպցիայի ընկալման համաթվով, իսկ մյուս երկրներից՝ Ադրբեջանից, Իրանից, Թուրքիայից առաջ է։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության ցուցանիշը հիմնված է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունների վրա:

Հայաստանի ցուցանիշի բարելավման վրա, ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի, հեղափոխությունից հետո տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն են ազդել, մասնավորապես՝ ազատ ընտրությունների անցկացումը և մենաշնորհների դեմ պայքարը:

«Բայց միևնույն ժամանակ, սա հստակ նշում են փորձագետները, որ դրական զարգացումները, չնայած կան, բայց խնդիրը դեռ շարունակվում է շահերի բախման, հանրային ոլորտում այդ թափանցիկության, ոչ հաշվետու գործողությունները դեռ շարունակում են մնալ հիմնախնդիր», - ասաց Հոկտանյանը:

Կոռուպցիայի ընկալման համաթվով պետությունները դասակարգվում են ըստ իրենց հանրային ոլորտում առկա կոռուպցիայի մակարդակների ընկալման։ Դա ձևավորվում է գործարար ոլորտում ղեկավար պաշտոններում գտնվող պաշտոնյաների շրջանում անցկացված 13 փորձագիտական գնահատումների և հարցումների հիման վրա:

Վարչապետն էլ արձանագրված դրական տեղաշարժին կառավարության նիստին անդրադարձավ. - «Նշվել է զեկույցում, որ հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանը խոստումնալից հեռանկարներ ունի հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում, և, չնայած նշված զարգացումներին, ոչ թափանցիկ հասարակական երևույթները խանգարում են կոռուպցիայի արմատական վերացմանը: Շեշտվել է, որ ժամանակ և ռեսուրսներ կպահանջվեն կոռուպցիայի վերացման համար, իսկ հասարակությունը պետք է ավելի մեծ վստահություն ունենա դատական համակարգի և իրավապահ մարմինների աշխատանքի հանդեպ»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանում» կարևորում են, որ Հայաստանն անցած տարի բարելավել է իր կոռուպցիայի ընկալման համաթիվը։ Սակայն պատգամավոր Անի Սամսոնյանն ասում է՝ եթե իրեն 2019-ին հարցնեին՝ իշխանությունը քաղաքական կամք ունի՞ կոռուպցիայի դեմ պայքարում, դրական պատասխան կտար, սակայն հիմա բացասական է իր տպավորությունը։ Պատճառը, ըստ պատգամավորի, իշխանական խմբակցության կողմից երեկվա քվեարկության տապալումն է։ ԱԺ-ում չձևավորվեց քննիչ հանձնաժողով, որը զբաղվելու էր Երևանին աղբատար բեռնատարների նվիրատվության գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրությամբ։

«Իշխանությունը որոշել է, որ այդ հանձնաժողովը չի ստեղծելու՝ ոտնահարելով ընդդիմության սահմանադրական իրավունքը, և ես ամբիոնից շատ հստակ նշեցի, որ եթե բոլոր հարթակներում ես ասում էի, որ իշխանությունն ունի կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ես վերանայում եմ իմ դիրքորոշումն այս հարցում», - ընդգծեց Սամսոնյանը:

42 համաթվով Հայաստանի հետ 77-79-րդ տեղերն են կիսում Բահրեյնը և Սոլոմոնյան կղզիները։ 2018 թվականին մեր երկիրը Կոռուպցիայի ընկալման համաթվով 107-րդ տեղում էր: