«Թրանսփարանսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունն այսօր հրապարակել է 2018 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը:
Զեկույցի համաձայն, Հայաստանում գրանցվել է որոշակի բարելավում՝ 2017 թվականին հանրապետությունը 107-րդ տեղում էր, իսկ 2018-ին՝ 105-րդ:
Վերլուծաբաններն ակնկալում են, որ 2019 թվականին Հայաստանում կսկսեն իրագործել հակակոռուպցիոն բարեփոխումներ:
Ըստ զեկույցի հեղինակների, առաջնահերթությունն իրավական համակարգի բարեփոխումն է, իշխանության ճյուղերի հստակ տարանջատումը, հսկողության և հավասարակշռման սկզբունքի պատշաճ կիրառումը:
Ըստ զեկույցի, Հայաստանը պետք է երկար ճանապարհ անցնի այս բարեփոխումների հաջողության համար, և այդ հարցում վճռական դեր է վերապահվելու քաղաքացիական հասարակությանը:
Որքան շատ միավոր է ստանում երկիրը, այնքան ավելի հզոր է պայքարը կոռուպցիայի դեմ:
Լիարժեք դեմոկրատիաների երկրներում կոռուպցիայի ընկալման միջին համաթիվը 75 է: Թերի ժողովրդավարություններում այն 49-ն է, «հիբրիդային» երկրներում, որտեղ նկատելի են ինքնակալության (ավտոկրատիայի) միտումներ, միջին համաթիվը 35 է, միանշանակ ավտոկրատ երկրներում այն 30 է:
Հայաստանը 35 միավոր է վաստակել: Հարկ է նշել, որ անցյալ տարվա ապրիլյան հեղափոխությունից հետո իրավիճակը չէր կարող անմիջապես բարելավվել, և հենց դա նկատի առնելով են փորձագետները կարևորում Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների արագ ու վճռական իրականացումը:
Կոռուպցիայի չարիքից առավելագույն ազատ երկրներն են Դանիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Սինգապուրը, Շվեդիան, առաջատարների թվում են Կանադան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան:
Մեր տարածաշրջանի պետություններից Վրաստանը 41-րդն է, Թուրքիան՝ 78-րդը, Իրանը 132-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 152-րդ:
Ավանդական դաշնակից Ռուսաստանը հետ է մնացել Իրանից, բայց առաջ է անցել Ադրբեջանից և գրավել է 138-րդ տեղը:
Աշխարհում առավել վատթար վերջին հնգյակում են Հյուսիսային Կորեան, Եմենը, Հարավային Սուդանը, Սիրիան և Սոմալին: