«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է 2018 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը․ 2017-ի համեմատությամբ Հայաստանի համաթիվը նույնն է մնացել, փոխվել է դիրքը:
Եթե նախորդ տարվա աղյուսակում 180 երկրների շարքում Հայաստանը 107-ն էր, այս տարի նույն 35 միավորով Ալժիրի, Բրազիլիայի, Կոտ դ’Իվուարի, Եգիպտոսի, Սալվադորի, Պերուի, Թիմոր Լեստեի և Զամբիայի հետ կիսում է 105-113-րդ տեղերը։
«Նոր իշխանության հակակոռուպցիոն ջանքերի գնահատականը հաջորդ տարի կերևա», - ասում է Թրանսպարենսի ինտերնեյշլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ բացատրելով իրավիճակը․ 2018-ի համաթիվը ստացվել է 6 ուսումնասիրությունների արդյունքում, որոնցից 5-ն արվել են մինչև թավշյա հեղափոխությունը, այն է՝ Հանրապետականի իշխանության օրոք: Եվ միայն մեկի իրականացման ժամանակահատվածն է մասամբ ընդգրկել հետհեղափոխական շրջանը:
Կոռուպցիայի ընկալման համաթիվը, ըստ Հոկտանյանի, ցույց է տալիս, թե որքանով են կոռումպացված ընկալվում պետական, համայնքային կառույցները։ Այն ձևավորվում է փորձագետների և գործարարների գնահատականների հիման վրա․ - «Սսա ավելի շատ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակաշրջանն է, քան թե նոր: Սա երևի կարևոր է նշել, որպեսզի հետագա սպեկուլյացիաներից մենք զերծ մնանք: Բայց, իհարկե, դա որևէ բան չի նշանակում: Այսինքն, այսպես ասած ավանսով մենք կարող ենք ասել, որ այս տարի մենք կարողացանք այս թվերը բացատրել: Բայց մյուս տարի արդեն՝ 2020-ի հունվարին որ հրապարակվեն, դա արդեն կընդգրկի 2018 թիվը հիմնականում և 2019-ի առաջին կեսը: Եվ այստեղ արդեն կլինի այն գնահատականը, որը նոր իշխանությունը կվաստակի»:
Իշխանական «Իմ քայլից» պատգամավոր Վահագն Հովակիմյանը ընգծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրենց առաջնահերթություններից է: Նա կարծում է, որ ձեռնարկվող քայլերն արդյունք կտան, հաջորդ տարի էլ միջազգային հեղինակավոր կազմակերպության գնահատականը կբարելավվի․ - «Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը, այդ հստակեցումները, այդ ամեն ինչը բերելու է ոչ միայն մակարդակի իջեցման, այլև ռիսկերի չեզոքացման: Հին, հաստատված համակարգը, ասենք, արմատախիլ ենք անում, բայց այդ գործընթացը անընդհատ պիտի լինի, որ [հինը] հանկարծ նորից ծիլեր չտա»:
Կոռուպցիայի ընկալման համաթիվը, ըստ Հոկտանյանի, ցույց է տալիս, թե որքանով է կոռումպացված ընկալվում հանրային ոլորտը։ Այն ձևավորվում է փորձագետների և գործարարների գնահատականների հիման վրա:
Վարուժան Հոկտանյանը չի շտապում գնահատականներ տալ այսօրվա իշխանության հակակոռուպցիոն քայլերին․ - «Միայն այդ կոշտ քայլերով, ընդ որում նախկին կոռումպացվածներին բռնելով, խնդիրը չի լուծվի: Դա ցույց է տվել շատ երկրների օրինակը, և դա դժբախտաբար կարող է տեղի ունենալ Հայաստանում՝ եթե չլինեն լուրջ բարեփոխումներ և՛ տնտեսական, և դրանից բխող հակակոռուպցիոն»:
«Թրանսփարենսին» Հայաստանի իշխանությանը առաջարկներ ունի․ - «Ե՛վ ապօրինի հարստացմանը ավելի լուրջ մոտեցում, և՛ հակակոռուպցիոն մասնագիտացված կառույցների իսկապես ստեղծում, և՛ հայտարարագրերի հետ կապված, և՛ շատ կարևոր բան՝ ռեգիստրի ստեղծում, որի միջոցով հնարավոր կլինի իրականացնել իրական սեփականատերերի բացահայտում»:
Կոռուպցիայի ընկալման համաթիվը որոշվում է 100 միավորանոց սանդղակով: Որքան ցածր է պետության ցուցանիշը, այնքան բարձր է այդ երկրում կոռուպցիայի ընկալումը: Կոռուպցիայի չարիքից 180 երկրներից ամենազատը Դանիան է, ամենավատթար վիճակը Սոմալիում է:
Մեր տարածաշրջանում, ուսումնասիրության համաձայն, Հայաստանը զիջում է Վրաստանին, նաև՝ Թուրքիային, առավել բարենպաստ դիրքում է Ադրբեջանի համեմատությամբ, որը 152-րդն է: Ի դեպ, Ադրբեջանը ուսումնասիրված բոլոր երկրներից 2017-ի համեմատությամբ ամենամեծ նահանջն է գրանցել՝ 6 կետով։