Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը կոռուպցիայի ընկալման համաթվով՝ 42, գրավելով 77-րդ տեղը։
Հայաստանն այդ ցուցանիշով տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին, որը զբաղեցնում է 44-րդ տեղը՝ 56 կոռուպցիայի ընկալման համաթվով, իսկ մյուս երկրներից առաջ է։
Տվյալներն ի մի է բերել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպությունը` հիմնվելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ուսումասիրությունների վրա:
Հայաստանի ցուցանիշի բարելավման վրա, ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի, հեղափոխությունից հետո տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն են ազդել, մասնավորապես՝ ազատ ընտրությունների անցկացումը, մենաշնորհի դեմ պայքարը և այլն։
Կոռուպցիայի ընկալման համաթվով պետությունները դասակարգվում են ըստ իրենց հանրային ոլորտում առկա կոռուպցիայի մակարդակների ընկալման։ Դա ձևավորվում է գործարար ոլորտում ղեկավար պաշտոններում գտնվող պաշտոնյաների շրջանում անցկացված 13 փորձագիտական գնահատումների և հարցումների հիման վրա:
Կոռուպցիայի ընկալման համաթիվը կիրառում է 0-ից՝ «բացարձակապես կոռումպացված», մինչև 100՝ «բացարձակապես մաքուր» սանդղակը:
Նույն՝ 42 համաթվով Հայաստանի հետ 77-79-րդ տեղերն են կիսում Բահրեյնը և Սոլոմոնյան կղզիները։
Նշենք, որ 2018 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթվով՝ 35, Հայաստանը Ալժիրի, Բրազիլիայի, Կոտ դ’Իվուարի, Եգիպտոսի, Սալվադորի, Պերուի, Թիմոր Լեստեի և Զամբիայի հետ կիսում էր 105-113-րդ տեղերը։
Մանրամասները՝ քիչ անց