Հայաստանի կառավարությունն օգտվելու է իր բոլոր հնարավոր լծակներից՝ Կուտոյանի մահվան գործի «մինչև ամենավերջին դետալը» բացահայտելու համար, այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, շատ ցավալի դեպք է: Եթե չեմ սխալվում, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սա նշանակում է, որ հիմնական վարկածը, որ այսօր քննվում է, ինքնասպանության հասցնելն է: Եվ ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները, և ես կարծում եմ, որ նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ և 100 տոկոսով բացահայտվի: Ես էլի ասել եմ և ասում եմ, որ երաշխավորում եմ, որ կառավարությունը իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործը, ինչպես նաև մնացած բոլոր գործերը մինչև ամենավերջին դետալը բացահայտվի», - ասաց նա:
«Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ էսպիսի մի աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ»,- շարունակեց Փաշինյանը՝ հավելելով. - «Վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայության պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը և ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստին և հուղարկավորության արարողությանը, մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ որպես նաև էլի կառավարության և վարչապետի ներկայացուցիչ: Իսկ ի՞նչ պետք է աներ: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին: Իսկ ի՞նչ պետք է աներ ուրիշ կառավարությունը, և էլ չեմ ասում, թե ինչո՞ւ նույն այդ մարդիկ նույն հարցը չէին բարձրացնում, երբ որ Հայկ Հարությունյանի հետ կապված էր դեպք տեղի ունեցել: Այսինքն՝ նրանք, ի՞նչ, վերաբերմունքի տարբերություններ ունեն:
Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում այդ պաշտոնյաները պաշտոնավարել են բավականին առնվազն վիճահարույց շրջաններում, և մենք պատշաճ, կարծում եմ, ինչ որ պիտի արվեր, արվել է, և անիմաստ եմ համարում նույնիսկ այդ քննարկումները»:
Քիչ անց վարչապետը կրկին անդրադարձավ Գեորգի Կուտոյանի մահվան գործին՝ պատասխանելով պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին. - «Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, որովհետև ի սկզբանե ահազանգ է եղել, որից հետո ոստիկանության ներկայացուցիչները մեկնել են դեպքի վայր, իմ միակ հրահանգը եղել է հետևյալը՝ հնարավորինս օպերատիվ տեղ հասնել և պահպանել դեպքի վայրը, այսինքն՝ դեպքի վայրը պահպանել, որպեսզի որևէ առարկա այնտեղից չանհետանա, բոլոր հնարավոր հանցանշանները պահպանվեն, որ քննությունը հնարավորինս արդյունավետ ընթանա: Դա եղել է իմ միակ հրահանգը ոստիկանությանը, և հիմա որքանով է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, դա, իհարկե, քննության ընթացքում կպարզվի:
Կա՛մ Գեորգի Կուտոյանին, կա՛մ որևէ այլ անձի հսկողության տակ պահելու համար պետք է իրավական հիմք: Ենթադրենք՝ այդ դեպքից առաջ ինչ-ինչ հանգամանքների բերումով մտնում էին իրավապահ մարմինները և դեպքը կանխում էին, պատկերացնո՞ւմ եք՝ դրանից հետո ինչ էր լինելու. ես ստիպված էի լինելու պատասխանել, թե ինչ իրավական հիմքով էր հսկողություն սահմանվել Գեորգի Կուտոյանի նկատմամբ, ընդդիմության հետապնդում են և այսպես շարունակ: Պետք է իրավական հիմք լինի: Ամեն ինչ չէ, որ իշխանությունը կարող է միշտ բոլոր մարդկանց գործողությունները վերահսկել, նույնիսկ ամենատոտալիտար համակարգերում, էլ չեմ ասում ժողովրդավարական համակարգերում: Դա ողբերգություն է, որը տեղի է ունեցել, և մեզ մնում է, որ եթե նաև մերձավոր շրջապատի կողմից ունենանք աջակցություն, այս գործը 100 տոկոսով իր բոլոր հանգամանքներում կբացահայտվի: Մենք ցավում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների ինքնասպանության համար: Ոստիկանությունը կամուրջների շուրջ էլ հերթապահություն է անում, բայց, ցավոք, միշտ էլ լինում են ինքնասպանության դեպքեր, ցավոք», - մանրամասնեց Հայաստանի վարչապետը:
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, 38-ամյա Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր ուրբաթ օրը իր երևանյան բնակարանում՝ հրազենային վնասվածքով, ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը, քունքի շրջանում։
Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանն «Ազատությանն» այսօր փոխանցեց, որ գործով կասկածյալներ, մեղադրյալներ չկան, հիշեցրեց՝ Գեորգի Կուտոյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ Հարությունյանի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակված դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննությունների եզրակացություններն այսօրվա դրությամբ դեռ չեն ստացվել։
Խոսնակը հավելեց՝ շարունակվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ վստահեցնելով, որ քննության ընթացքում ձեռք բերված հրապարակման ենթակա տվյալների վերաբերյալ Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։
Նաիրա Հարությունյանին այսօր նաև հարցրեցինք՝ արդյոք Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա խլացուցիչ եղե՞լ է։ Արձագանքեց, որ հունվարի 17-ին ատրճանակի վրա, բնակարանում խլացուցիչ չի հայտնաբերվել, իսկ թե նախորդ օրերին ատրճանակի վրա խլացուցիչ եղե՞լ է, փոխանցեց՝ այդ հանգամանքը ճշտվում է։
Գեորգի Կուտոյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցն էր: 2011 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի օգնականն էր: Նախագահի 2016 թվականի հրամանագրով փետրվարի 12-ին նշանակվել էր ԱԱԾ տնօրեն՝ փոխարինելով Գորիկ Հակոբյանին և այդ պաշտոնից ազատվել էր 2018 թվականի մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխությունից հետո:
Ըստ իրավապահների՝ Գեորգի Կուտոյանը չէր անցնում ո՛չ Քննչական կոմիտեի, ո՛չ Հատուկ քննչական ծառայության, ո՛չ էլ Ազգային անվտանգության ծառայության վարույթներում քննվող քրեական գործերով: