Քաղաքական գործիչները զուսպ են արձագանքում Գեորգի Կուտոյանի մահվանը

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ քաղաքական շրջանակներում դեռ շատ զուսպ են արձագանքները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքով, շատ ցավալի և անսպասելի դեպք է, պետք է սպասել քննության արդյունքներին. - «Նախ և առաջ ուզում եմ ցավակցեմ հարազատներին, բարեկամներին: Ենթադրում եմ, դա իմ կարծիքն է, որ սա անցյալի արձագանքն է, որը որ մենք մինչ օրս լսում ենք, անընդհատ նման ցավոտ արձագանքի ենք ականատես լինում։ Պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը գնում, իրարամերժ տեղեկություններ են տարածվում, ինքնասպանության, սպանության վարկածներ են քննարկվում։ Ապշած եմ, անկեղծ ասաց, դրա համար գնահատականների առումով չեմ շտապի։ Մի բանն է փաստ, որ սա, վստահ եմ, բոլոր իմ գործընկերների և մարդկանց համար անսպասելի, ապշահար մի իրավիճակ է, որը պետք է շատ լուրջ վերլուծության ենթարկենք ու հասկանանք, թե այդ ինչ... միգուցե այստեղ շղթա կա, թե դա զուգադիպություն է, թե... ինչո՞վ է սա պայմանավորված։ Ես պայմանավորում եմ, ինչ-որ ձևով դա անցյալի արձագանք եմ որակում... Սա այն մեղքերն են, որը որ մենք բոլորս երևի քավում ենք»։

Հարցին, թե քննարկելու են արդյոք կատարվածը կուսակցությունում և խմբակցությունում, Սիմոնյանը պատասխանեց. - «Խմբակցությունում չէ, բայց ենթադրում եմ, որ ինչ-որ ֆորմատով կքննարկենք»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այս պահին Հայաստանում չէ, բայց գրել է Ֆեյսբուքում. - «Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին: Իրապես ցավալի դեպք, որը ենթակա է պատշաճ քննության, իսկ առաջացած բազմաթիվ հարցերին պետք է հստակ պատասխաններ տրվեն»։

Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը մտահոգիչ է համարում տեղի ունեցածը՝ ցավակցելով Կուտոյանի ընտանիքին. - «Հարցեր են առաջանում... արդեն որերորդ դեպքն է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մահանում են, հետո սկսում են լուրեր տարածել, որ դրանք ինքնասպանություն էին, որը դեռ հետո հետաքննությունը պետք է պարզի։ Ամեն դեպքում մտահոգիչ է, որ այսպիսի շարք ենք ունենում, մտածելու տեղիք է տալիս, թե ինչ նպատակ ուներ սա և էլ ինչ սպասենք։ Կարող եմ ցավակցել ընտանիքին, ուրիշ բան չեմ կարող ասել»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ պետք է սպասել քննության ավարտին. - «Գործը իրավապահ մարմինների տիրույթում է, և իրավապահ մարմինները ըստ էության զբաղվում են և պետք է զբաղվեն այս հարցով»։

Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում օգնականն է ժամանակին եղել Կուտոյանը, ևս ցավակցություն է հայտնել նրա անժամանակ մահվան կապակցությամբ, գրելով. «Գեորգի Կուտոյանի հետ կատարվածի քննության ընթացքը, նկատի առնելով նաև պետության մեջ նախկինում նրա զբաղեցրած դիրքը, պետք է լինի հասարակության ակնդետ ուշադրության և հսկողության ներքո»: