Արթուր Վանեցյանի շանսերը զրոյական են, պնդում է Արամ Սարգսյանը

Ներքաղաքական մի շարք հարցերի թվում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արամ Վանեցյանի շուրջ վերջին զարգացումներին է անդրադարձել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում։

Ստորև՝ հարցազրույցից մի հատված.

Արամ Սարգսյան. - Արթուր Վանեցյանը ռուսական ծառայությունների ազգային անվտանգության պետն է եղել Հայաստանում, ես էստեղ կասկած չունեմ, էս իմ համար ակնհայտ է։ Արթուր Վանեցյանի հերոսը Կադիրովն է, Արթուր Վանեցյանի հերոսը Սուլեյմանին է, որին ինքը համաշխարհային հերոս էր համարում...

«Ազատություն». - Եվ գնացել Իրանի դեսպանատանը գրառում էր կատարել։

Սարգսյան. - Հա, իմ համար էդ մարդիկ հերոսներ չեն։

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանին՝ որպես հեղաշրջում անելու անհատ, ինքը էդ անհատը չի։ Հեղաշրջում կարող էր անել իմ եղբայրը, ով իր թիկունքում «Երկրապահ» ուներ, որը իր գրասենյակներով ու թվաքանակով ցանկացած կուսակցությունից մեծ էր, քաղաքական ազդեցություն ուներ, ու էնպես չէր, որ երկրի նախագահը կարող էր ստորագրեր ու մի ստորագրությամբ հաներ։

Արթուր Վանեցյանին երբ որ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ու հանեց, որևէ մեկը փողոց դուրս չեկավ, թե՝ «էդ Արթուր Վանեցյանին ինչի՞ ես հանել»։ Որովհետև ո՞վ էր Արթուր վանեցյանը՝ ոչ մեկը։ Գուցե իր շրջապատի համար ինքը շատ-շատ..., բայց քաղաքական առումով՝ ոչ մեկ։ Նիկոլ Փաշինյանը իրեն դարձրեց Արթուր Վանեցյան, գեներալի կոչում տվեց, որից հետո Արթուր Վանեցյանը արդեն մտածեց, որ... Եվ ասեմ Ձեզ՝ ռուսական հատուկ ծառայությունները ու ընդհանրապես ռուսական պետությունը էդպես էլ անում են, ու ոչ միայն Հայաստանին՝ նույնիսկ Ադրբեջանի, Ղազախստանի ուժայինները հենց գնում են իրենց մոտ, ասում են՝ «այ, էս ձեր նախագահից հետո մեր իրավահաջորդը դու ես», այսինքն՝ իրենց համար հինգերորդ շարասյուն են սարքում, ու էն մարդիկ, ովքեր էդ խայծը վերցնում են, ինչպես Արթուր Վանեցյանը, արժանանում են էն ճակատագրին, ինչը ունեցավ Արթուր Վանեցյանը, այսինքն՝ պաշտոնից ազատվեց, քաղաքական գործոն չդառավ ու չի էլ կարող դառնալ։

«Ազատություն». - Բայց հայտ է ներկայացնում։

Սարգսյան. – Գիտե՞ք, հայտ ներկայացնելը... Մեր կուսակցությունում՝ 2 հազար 300 անդամի կարգի մարդ, էդ 2 հազար 300 մարդուց յուրաքանչյուրը ավելի շատ կարող է հայտ ներկայացնել, քան՝ Արթուր Վանեցյանը։ Որովհետև քաղաքական հայտ ներկայացնելու համար նախ պիտի քաղաքական որևէ կուսակցության անդամ լինես, որևէ գաղափարախոսություն ունենաս։

«Ազատություն». - «Նախկիններին կարոտե՞լ եք, դժգո՞հ եք հեղափոխությունից, համեցեք՝ համախմբվենք»։

Սարգսյան. - Դուք կարծում եք, որ նախկին, ասենք՝ դաշնակցականները Արթուր Վանեցյանին կմիանան, կամ Հանրապետակա՞նը։ Դրանք էդ կուսակցությունները չեն։ Նախ՝ Արթուր Վանեցյանը թող դիմում գրի, մտնի էդ կուսակցություն, հետո կերևա՝ էդ կուսակցությունը իրեն կառաջադրի՞՝ որպես քաղաքական գործոն, որը ընտրության մասնակցի, տեսակետ ասի... Արթուր Վանեցյանը ընտրվելու զրոյական շանս ունի, ոչ Հանրապետականի առաջին դեմքը կարող է ինքը դառնալ, ոչ էլ Դաշնակցության, նորերն էլ՝ բացառում եմ, որ էս նոր ստեղծված կուսակցությունները, որ կայացման փուլում է, դեռ համագումարներով ռեալ արդյունքներ չգրանցված, գնան էդ կարգի ռիսկի ու Արթուր Վանեցյանին վերցնեն։

Արթուր Վանեցյանը ինքը կարող է նոր կուսակցություն ստեղծել. առնվազն 5-ից 8 տարվա ճանապարհ պիտի անցնի, կամ էդ ստեղծողները էդ ճանապարհն անցած լինեն, որ կարողանա արդյունք գրավել։

Վանեցյանը քաղաքական կյանքում, եթե ազգային անվտանգության գեներալի ճանապարհը համարենք քաղաքական ճանապարհ, մաքսիմալ անցածը մեկ տարվա ճանապարհ է։ Ինքը չի կարող, ուղղակի չի կարող, էդ անհնարին է։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդաշարի հունվարի 15-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.