Մատչելիության հղումներ

Արթուր Վանեցյանը Պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել


ԱԱԾ այժմ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան, արխիվ
ԱԱԾ այժմ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նոյեմբերի 27-ին Արդարադատության նախարարության Պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել։ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։

Հիմնադրամի կանոնադրության մեջ «Նպատակներ» բաժնում գրված է՝ «աջակցել ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող ծրագրերին»:

Ողջ կյանքը ԱԱԾ-ում աշխատած Վանեցյանն «Ազատությանը» փոխանցեց՝ իր հիմնադրամի մասին կխոսի տոներից հետո՝ հունվարին:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Աթանեսյանը «հեքիաթ» է որակում մեկնաբանությունները, թե սա Վանեցյանի կողմից քաղաքական ակտիվ գործունեության սկսելու հայտ է: Սակայն Վանեցյանն ավելի վաղ չէր բացառել նման հնարավորությունը:

«Մենք սիրում ենք հեքիաթներ, սիրում ենք լավ ավարտով․․․ Միանշանակ դա հեքիաթ է, որովհետև մենք դեռևս անգամ հիմնադրամ որպես չենք կայացել: Խոսել այն մասին, թե ինչ է լինելու ապագայում և այլն, անշնորհակալ գործ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աթանեսյանը:

Հիմնադրամի կանոնադրական կապիտալը, Պետռեգիստրի տվյալներով, դեռևս 0 դրամ է։ Ֆինանսական միջոցներ պատրաստվում են ներգրավել դրամահավաքի միջոցով: «Կա՞ն շրջանակներ, որոնց նվիրատվությունները ձեզ համար սկզբունքորեն անընդունելի կլինեն», - «Ազատության» այս հարցին Արթուր Աթանեսյանն արձագանքեց․ - «Բնականաբար, կան պիտակավորված՝ որոշ իմաստով, կազմակերպություններ արտերկրում, որոնք միանշանակ չեն ընկալվում մեզանում»:

Հաշվի առնելով, որ իր վերջին հարցազրույցում Վանեցյանը կարծիք էր հայտնել, թե «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կամ այսպես կոչված «Սորոսի» գրասենյակի գործունեությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը, «Ազատություն»-ը հարցրեց՝ արդյոք հենց ա՞յս կազմակերպության մասին է խոսում, ինչին Աթանեսյանը պատասխանեց․ - «2002 թվականին շահել էի Սորոսի ֆոնդի մրցանակը դասընթացի մշակման համար և շատ շնորհակալ եմ: Իհարկե, դա ոչ հայաստանյան Սորոսի հիմնադրամն էր, այլ՝ Բուդապեշտում գտնվող Կենտրոնական Եվրոպայի համալսարանի կողմից: Ես՝ որպես անձ, բացառում եմ իմ կողմից ատելության խոսք ցանկացած հիմնադրամի, ցանկացած մարդու հանդեպ»:

Իսկ գործարար և քաղաքական շրջանակների հետ ֆինանսական առումով համագործակցությո՞ւնը հիմնադրամն ինչպես է պատկերացնում․ - «Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Կարապետյան՝ սրանք այն մարդիկ են, ովքեր առաջիկայում, տարբեր խոսակցություններ կան, որ քաղաքական գործընթացներ են փորձում գեներացնել, և պարոն Վանեցյանի անունն էլ շրջանառում են: Բացառո՞ւմ եք նրանց հետ համագործակցություն ինչ-որ առումով»: Արթուր Աթանեսյանն արձագանքեց․ - «Ես կարող եմ այլ անուններ թվարկել, որոնք ինձ համար կարևոր են իմ ոլորտում՝ Վալերշտայն, Կանտ, Հեգել, Մաքս Վեբեր»: «Բայց Կանտը առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ չի ներկայացնի, իսկ այս ուժերը հավանական է, [որ կներկայացնեն», - այս դիտարկմանն էլ նորաստեղծ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը պատասխանեց․ - «Ինձ հետաքրքրում են այն մարդիկ, ովքեր արդեն այնպիսի ավանդ և ներդրում են ունեցել մարդկության պատմության մեջ, որոնց անունը տալով ես ինձ երբեք չեմ նվաստացնի»:

Իշխանությունները միակ լեգիտիմ մարմինն են պետության կառավարման գործում, հետևաբար՝ հիմնադրամում բնական են համարում նաև իշխանությունների հետ համագործակցությունը՝ անկախ Արթուր Վանեցյանի նախկինում զբաղեցրած պաշտոնից և իշխող ուժի հետ ներկայիս հարաբերություններից։ Ի դեպ, Աթանեսյանն արդեն որպես սոցիոլոգ հիշեցնում է մի քանի հարցումներ, որոնցում Վանեցյանը եղել է ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյաների շարքում:

Արթուր Վանեցյանը պաշտոնանկ արվեց սեպտեմբերին, իշխանությունները հայտարարեցին, որ վարչապետին չի գոհացրել նրա աշխատանքը: Վանեցյանն իր հրաժարականի տեքստում ըստ էության քննադատել էր վարչապետին՝ ասելով, թե «որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում»։

XS
SM
MD
LG