Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահ է՝ եթե Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կամ այսպես կոչված «Սորոսի» գրասենյակի գործունեության վերաբերյալ ազգային անվտանգությանը սպառնացող տվյալներ ունենար, ապա հաստատապես այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկեր:
Իշխող մեծամասնության ղեկավարը, տարակուսանք հայտնելով ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունների վերաբերյալ, միևնույն ժամանակ հիշեցնում է՝ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր նաև այն ժամանակ, երբ «Սորոսի» գրասենյակի մասին տարբեր մեկնաբանություններ էին հնչում:
Հիշեցնենք, Արթուր Վանեցյանը անցած շաբաթ 168․am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում էր խոսել «Սորոսի» գրասենյակի գործունեության մասին։
«Բավականին ժամանակ պարոն Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր, և եթե պարոն Վանեցյանն ունենար որևէ տեղեկատվություն ազգային անվտանգությանը սպառնացող, ես վստահ եմ, որ պարոն Վանեցյանը կձեռնարկեր բոլոր անհրաժեշտ գործողությունները ցանկացած վտանգ չեզոքացնելու համար, եթե դա չի արվել իր կողմից, ես համոզված եմ, որ ուրեմն նման վտանգ չի եղել», - նշեց Լիլիթ Մակունցը:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնպես հիշեցնում է՝ Արթուր Վանեցյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում, «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը Հայաստանում նույնպես երկար ժամանակ է գործունեություն է ծավալում, հետևաբար, եթե այդ կազմակերպության հետ կապված նման մտահոգություններ կային, ապա և՛ համակարգում աշխատելու տարիներին, և՛ ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արթուր Վանեցյանը պետք է կոնկրետ գործողություններ իրականացներ: Հետևաբար՝ Մարուքյանը Վանեցյանի հայտարարությունները պարզապես քաղաքական է որակում, բայց միևնույն ժամանակ շեշտում է՝ Վանեցյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
«Այդ հաղորդումները, կարծում եմ, պատշաճ կարգով պետք է քննարկման առարկա դառնան: Այսինքն՝ երբ որ ասվում է, որ էսինչ բանը սպառնալիք է, և, հետևաբար, այդ սպառնալիքի հետ կապված դու գործողություն պետք է անեիր ու չես արել, էդ հաղորդում է հանցագործության մասին, երբ որ ասվում է, որ «ես գիտեմ, որ կուսակցություն կա, որ դրսից ֆինանսավորվում է», և որևէ գործողություն չի արվել, էլի հանցագործության մասին հաղորդում է: Տիկին Մակունցը վստահ է, որ եթե սպառնալիք լիներ, ինքը գործողություններ կաներ, բայց այդ հարցուպատասխանից երևում է, որ սպառնալիք եղել է, ինքը չի արել գործողություններ: Դե թող ցուցմունք տա, ասի՝ «ես ուզում էի անեմ, վարչապետը ինձ թույլ չտվեց»: Հետևաբար՝ այդ հայտարարությունները ես գնահատում եմ որպես քաղաքական, տոտալ քաղաքական, հնարավոր ինտրիգ պահելու և ապագայում խոսելու համար սպասելիք ձևավորելու առումով», - ասաց Մարուքյանը:
Խորհրդարանական ուժերն այսօր անդրադարձան նաև Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում կան ակտիվ քաղաքականությամբ զբաղվող ուժեր, որոնք ֆինանսավորվում են դրսից: Իշխող «Իմ քայլ»-ի ղեկավար Լիլիթ Մակունցը, ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ից խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը և «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահեցրեցին՝ իրենք դրսից չեն ֆինանսավորվում: Մարուքյանը կատակեց, թե իրենք անգամ ներսից գումարներ չեն ստանում և մի կերպ են գործունեություն ծավալում։
«ՔՊ-ն որևէ երկրից, բնականաբար, գումար չի ստանում: «Քաղաքացիական պայմանագրի» գումարները ձևավորվում են անդամավճարների տեսքով, և մենք կազմակերպում ենք հանրային դրամահավաք», - նշեց Մակունցը:
Էնֆիաջյանն էլ ընդգծեց․ «Ֆինանսական հոսքերի մասով մեր գործունեությունը միշտ եղել է թափանցիկ»:
«Դրսից ֆինանսավորում չունենք, մենք անգամ ներսից ֆինանսավորում չունենք: Հայաստանի պատմության մեջ միակ խորհրդարանական ուժն է «Լուսավոր Հայաստան»-ը, որ մեդիա չունի», - ասաց Մարուքյանը:
Սերժ Սարգսյանը քննադատում է մի համակարգ, որը ժամանակին ինքն է ստեղծել հենց իր համար․ Մարուքյան
Խորհրդարանական ուժերն այսօր անդրադարձան նաև նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի՝ Զագրեբում, Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարում արված հայտարարություններին:
Սարգսյանը, հիշեցնենք, ասել էր, թե Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող զարգացումներ են տեղի ունենում, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը, խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձեց՝ Սերժ Սարգսյանը քննադատում է մի համակարգ, որը ժամանակին ինքն է ստեղծել հենց իր համար, բայց չի հասցրել վայելել:
«Սահմանադրությամբ հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները խեղաթյուրված են և այդ Սահմանադրության հեղինակներն իրենք են: Այսօրվա քաղաքական համակարգը ժառանգել է սուպերվարչապետական համակարգ, որը հիմնադրել է Սերժ Սարգսյանը ինքն իր համար, սակայն բոլորիս հայտնի հանգամանքներից ելնելով չի կարողացել վայելել, հիմա post factum խոսում է այդ համակարգից, այսինքն ինքը քննադատում է այն, ինչը ինքը ստեղծել էր ինքն իր համար: Այսօրվա իշխանություններին էս մասով պետք է քննադատել նրա համար, որ այդ համակարգը դեռևս վերափոխված չէ և շարունակում ենք այդ համակարգում ապրել, և Հայաստանում ժողովրդավարությունը էմոցիոնալ մակարդակում է, որովհետև ինստիտուցիոնալ մակարդակում մենք ունենք Սերժ Սարգսյանի այդ ստեղծած համակարգը, որը ինքը շատ լավ նկարագրել է իր ելույթում, թե ինքը ինչ է արել Հայաստանի հետ», - ասաց Մարուքյանը:
Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, ապա, ըստ Մարուքյանի, եթե նման բան լիներ իրենք հանդես կգային հայտարարությամբ: Անդրադառնալով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին, ով կալանավորվեց, ապա 21 օր անց ազատ արձակվեց, ապա Էդմոն Մարուքյանն ասաց, որ նրան կալանավորելը ոչ իրավաչափ է եղել, հնում գործող բարքերը, երբ պատգամավորներին թույլ չէին տալիս տեսակցել կալանավորված անձին, Բաբայանի դեպքում նույնպես կիրառվել է, բայց այս ամենով հանդերձ ընդդիմադիր պատգամավորը չի կարող ասել, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է։
Զագրեբում արած Սերժ Սարգսյանի հայտարարություններին այսօր հակադարձեց նաև իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Մասնավորապես արձագանքելով Սարգսյանի այն պնդմանը, թե «հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել, Մակունցը շեշտեց, որ չնայած կառավարությունը արտաքին քաղաքականության վեկտորները չի փոխել, բայց և այնպես ձգտում է վարել բալանսավորված քաղաքակություն, նոր շեշտադրում և խորություն է հաղորդում իր գործընկերների հետ հարաբերություններին: