Վարույթն իրականացնող մարմինը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին։ Գործի նյութերը տրամադրվել են վերջիններիս` ծանոթանալու համար: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք՝ պաշտոնաթող նախագահին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Նույն գործով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը դրդելու համար մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին, վերջինիս նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Ըստ ՀՔԾ-ի՝ 2013 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատել է գյուղացիների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվել է մարզպետարանների և Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող կազմակերպությունների ներկայացրած հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր»-ը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղնախարարության պաշտոնյաները որոշել են որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը: Սերժ Սարգսյանը, ըստ քննչական մարմնի, տեղյակ է եղել, որ ավելի էժան վառելիք է առաջարկում հենց այս ընկերությունը, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ»-ի հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ, և «անտեսելով այդ հանգամանքը, «Ֆլեշ» ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակաների միջոցով կազմակերպել է կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակությունը, մասնավորապես` հանձնարարել է անկախ ստացված էժան գնային առաջարկներից որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ընկերությանը»: Այս ամենի հետևանքով, ըստ իրավապահների, պետությունը գրեթե կես միլիարդ դրամի վնաս է կրել:
Հայաստանի երրորդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը համարում է «քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում»:
Բարսեղ Բեգլարյանը ևս, ըստ փաստաբանի, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։
Տե՛ս այստեղ