Երևանում համարում են, որ ամերիկա-իրանական հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը դեէսկալացիայի է գնում, սակայն հայաստանյան պետական մարմինները լայնածավալ աշխատանք են կատարել՝ պատրաստվելով վատագույն սցենարին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին փոխանցեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մեր գնահատականներով՝ ընդհանուր առմամբ ավելի շատ դեէսկալացիայի է գնում: Հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու, իհարկե մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել՝ շատ լայնածավալ աշխատանք ենք կատարել, և՛ սիրիական ճգնաժամի, և՛ իրանական ճգնաժամի ընթացքում, կարելի է ասել, մեր ինստիտուցիոնալ կարողություններն են ավելացել, մենք կարողացել ենք մշակել և՛ տարհանման պլան, և՛ ճգնաժամին արձագանքելու պլան, որը, կարծում եմ, շատ կարևոր առաջընթաց է եղել մեր կառավարման համակարգի համար: Որոշակի առումով այս 2 ճգնաժամից մեր ինստիտուցիոնալ կարողություններն ավելի են հզորացել, և մենք ավելի հստակ գիտենք, թե ինչ ենք կատարելու: Այս առումով էլ մենք մեր դիմակայանությունը պարբերաբար բարձրացնում ենք կառավարման համակարգի և ակնկալում ենք, որ ընդհանուր առմամբ մոտակա շրջանում ավելի շատ կայունություն է լինելու», - հայտարարեց նա:
Իրանի կողմից իրաքյան Այն Ալ-Ասադի ու Էրբիլի ռազմաբազաների երեկվա հրթիռակոծումից հետո, որտեղ տեղակայված են ամերիկյան և արևմտյան կոալիցիոն զինված ուժերը, երեկ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության մասնակցությամբ։ Խորհրդակցությունից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես եկել, թե իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է, Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ, ինչպես նաև հույս էր հայտնել ու կոչ արել «բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»։
Անվտանգության խորհրդի քարտուղարին այսօր հարցրեցինք՝ հաշվի առնելով Հայաստանի լավ հարաբերությունները Միացյալ Նահանգների ու Իրանի հետ՝ հնարավո՞ր է, որ Երևանը միջնորդ հանդիսանա այդ երկրների հարաբերությունների նորմալացման գործում, կամ Երևանը դառնա այն վայրը, ուր կարող են նման բանակցություններ անցկացվել։
«Նման տարբերակ դեռևս չի քննարկվել, իհարկե մենք ցանկություն ունենք, որպեսզի կոնֆլիկտը հնարավորինս արագ կարգավորվի, և մենք ավելի շատ մեր դերակատարությունը տեսնում ենք, որպեսզի երկու կողմի հետ էլ շարունակենք երկխոսությունը, և եթե դրա անհրաժեշտությունը լինի, ցանկացած տարբերակի պատրաստ ենք՝ օգնելու, որ կոնֆլիկտը հնարավորինս մեղմվի», - ի պատասխան ասաց Արմեն Գրիգորյանը:
Հայ-իրանական սահմանը Հայաստանի բաց երկու սահմաններից մեկն է, և Իրանի հետ առևտուրն էլ Հայաստանի արտաքին առևտրի շոշափելի մասն է կազմում։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ անցած տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանի ու Իրանի միջև առևտուրը կազմել է 326.8 միլիոն դոլար, և այդ ցուցանիշով իսլամական հանրապետությունը Երևանի 5-րդ ամենամեծ գործընկեր-պետությունն է։
Լրագրողներն այսօր հետաքրքրվեցին Անվտանգության խորհրդի քարտուղարից՝ Իրանի շուրջ անկայունության աճը հնարավո՞ր է՝ իր բացասական ազդեցությունն ունենա Հայաստանի տնտեսության վրա։
«Տնտեսական անվտանգության առումով այս պահին մենք խնդիր չունենք, մենք բոլոր տարբերակները քննարկել ենք՝ սննդի անվտանգությունից սկսած մինչև անվտանգության կարևոր ենթակառուցվածքների աշխատանք: Մենք բոլոր այլընտրանքային ճանապարհների լուծում արդեն գտել ենք. այն ապրանքները, որոնք եթե ճգնաժամ առաջանա, ինչպես ենք փոխարինելու, դրա ճանապարհային քարտեզն ունենք: Եվ այս առումով կարող եմ ասել՝ մենք պատրաստ ենք բոլոր առումներով, իհարկե եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն: Ավելի շատ մենք այս պահին ակնկալում ենք, որ ընդհանուր առմամբ հանգիստ է լինելու: Տնտեսության առումով 2019 թվականի մեր գրանցած արդյունքները տնտեսության մեզ ինքնավստահություն են տալիս, և ավելի շատ կայունություն ենք կանխատեսում, ոչ միայն կայունություն, ավելի մեծ զարգացում ենք ակնկալում: Այս առումով կարող եմ ասել՝ ընդհանուր առմամբ դրական են ակնկալիքները», - եզրափակեց Արմեն Գրիգորյանը: