Մատչելիության հղումներ

Իրանը հրթիռակոծել է Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը


Իրանը հրթիռակոծում է Իրաքում ամերիկյան ռազմաբազան, 8-ը հունվարի, 2020թ.
Իրանը հրթիռակոծում է Իրաքում ամերիկյան ռազմաբազան, 8-ը հունվարի, 2020թ.

Այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Իրանը:

Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է նաև հնարավոր հետագա հարձակումների մասին Մերձավոր Արևելքի այն երկրների տարածքներում, որոնք «հարթակ կդառնան Միացյալ Նահանգների կողմից ագրեսիայի»:

Պաշտոնական Թեհրանը շեշտում է՝ հրթիռային հարվածները պատասխանն են Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության։

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր»-ում գրել է, թե հրթիռային հարվածները «ինքնապաշտպանության համաչափ միջոց են»։

«Իրանն ինքնապաշտպանության համաչափ միջոցներ է ձեռնարկել՝ համաձայն ՄԱԿ-ի Խարտիայի 51-րդ հոդվածի, թիրախավորելով ռազմակայանը, որտեղից տրվել էր մեր քաղաքացիների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ փոքրոգի զինված հարձակման մեկնարկը», - մասնավորապես գրել է Զարիֆը։

Նրա խոսքերով՝ Իրանը լարվածության կամ պատերազմի չի ձգտում, սակայն կպաշտպանվի ցանկացած ագրեսիայից:

Ռազմական այս գործողությունը, հիշեցնենք, հաջորդում է Իրանի խորհրդարանի կողմից Պենտագոնը և ամերիկյան բանակը «ահաբեկիչներ» ճանաչելու մասին օրենքի ընդունմանը:

Միացյալ Նահանգները, Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ, առայժմ գնահատում է հրթիռային հարվածների հետևանքները։

Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, թե գիշերային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 80 ամերիկացի զինծառայող, ոչնչացվել են ուղղաթիռներ, անօդաչու սարքեր և այլ ռազմական տեխնիկա։

Ամերիկյան և իրաքյան աղբյուրները, այդ թվում՝ Էրբիլի քրդերը կտրականապես հերքում են մարդկային զոհերի մասին պնդումները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ում գրել է, թե հարվածներից հետո «ամեն ինչ լավ է»։

«Մեր զինված ուժերը հզորագույնը և լավագույնս զինվածն են՝ աշխարհում որտեղ էլ լինեն», - գրել է ԱՄՆ նախագահը, ով Միացյալ Նահանգների և Իրանի հետ կապված իրավիճակի առնչությամբ հանդես կգա հատուկ հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տունը:

Իրանի կողմից ամերիկյան թիրախների վրա հարձակումը տեղի է ունեցել գեներալ Սուլեյմանիի հուղարկավորությունից մի քանի ժամ անց:

Բարձրաստիճան զինվորականի թաղման արարողությանը ինչպես մայրաքաղաք Թեհրանում, այնպես էլ գեներալի հայրենի Քերման քաղաքում մասնակցել են տասնյակ հազարավոր իրանցիներ, մոտ 50 մարդ էլ զոհվել է սգո միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով:

Ամերիկյան զինված ուժերի ստորաբաժանումների վրա ռազմական հարձակումը Իրանի իշխանությունները վերնագրել են «Նահատակ Սուլեյմանի»: Նպատակը, ինչպես նշում են, ստիպել Վաշինգտոնին դուրս բերել ամերիկյան զորքերը տարածաշրջանից՝ հետագա զոհերից խուսափելու համար։

Հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ամերիկյան օդուժի գործողության հետևանքով սպանված Քասեմ Սուլեյմանին ավելի քան 20 տարի գլխավորում էր Հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ ստորաբաժանումը՝ «Ալ Քուդսը», որը գաղտնի գործողություններ է իրականացնում Իրանի սահմաններից դուրս և ենթարկվում անմիջապես գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին:

Միացյալ Նահանգները Սուլեյմանիին համարում է ահաբեկիչ՝ մեղադրելով նրան Մերձավոր Արևելքում բազմաթիվ ահաբեկչական գործողություններ ծրագրելու և կազմակերպելու մեջ։

Երրորդ երկրի՝ Իրաքի տարածքում Վաշինգտոնի և Թեհրանի ռազմական առճակատումը մտահոգել է ինչպես Եվրամիությանը (ԵՄ), Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ), այնպես էլ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին (ՆԱՏՕ), որը իրանցի գեներալի սպանությունից հետո Իրաքից ետ է կանչել իր զորախմբի մի մասը և դադարեցրել ուսումնավարժական ակտիվությունը։

Այդ կառույցները կոչ են անում կողմերին հրաժարվել վրեժխնդիր լինելու մտադրությունից և փորձել սեղանի շուրջ գտնել լարվածությունը մեղմելու ուղիներ:

XS
SM
MD
LG