Մամեդյարով. 2019-ը կորսված հնարավորությունների տարի էր ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե անցնող 2019 թվականը կորսված հնարավորությունների տարի էր ղարաբաղյան խնդրի կարգավորման համար։

Արձանագրելով, որ տարվա ընթացքում կողմերին չի հաջողվել հստակ առաջընթացի հասնել՝ Մամեդյարովը միաժամանակ նշել է, որ սխալ կլիներ նաև պնդել, թե գործընթացը մտել է փակուղի. - «Տարվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները մեկ պաշտոնական հանդիպում են ունեցել Վիեննայում, ևս հինգ հանդիպում է կազմակերպվել արտգործնախարարների մակարդակով»:

«Հաշվի առնելով հանդիպումների ինտենսիվությունը՝ տպավորություն է ստեղծվում, կարծես երկու կողմերն էլ շահագրգռված են խնդրի կարգավորմամբ», - ասել է Մամեդյարովը, և տեղում պնդել, որ դա սոսկ տպավորություն է: - «Հայաստանի իշխանությունը, այսպես կոչված, անկախության ու միացման մասին իր հակասական հայտարարություններով հարված է հասցնում բանակցային գործընթացին ու Մինսկի խմբի ջանքերին»:

Տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որն ամենայն հավանականությամբ կազմակերպվել է գրավոր հարցուպատասխանի տեսքով, լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ինչ հարցեր են քննարկվել կողմերի միջև տեղի ունեցած հանդիպումների ընթացքում:

Մամեդյարովը փաստացի խուսախել է այս հարցից և որևէ փակագիծ չի բացել։ Միայն պնդել է, թե քննարկման առանցքում հակամարտության փուլային լուծման տարբերակն է. - «Մենք միշտ հայտարարել ենք, որ քանի դեռ կա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորություն, մենք այն կօգտագործենք: Այդ նպատակով քննարկվել և վերանայվել են բոլոր սկզբունքները, տարրերն ու փուլերը: Մինչև օրս մշակված բոլոր փաստաթղթերում հստակեցվում են կարգավորման փուլային տարբերակին վերաբերող հարցերը՝ մեր գրավյալ տարածքների ազատագրման, ներքին տեղահանվածների վերադարձի խնդիրները և կարգավիճակի հստակեցումը, որ տեղի է ունենալու հետագա փուլերում: Այդ տարրերին ծանոթանալու համար հարկավոր է ընթերցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարությունը»։

Ադրբեջանի արտգործնախարարի հիշատակած հայտարարությունը միջնորդները տարածել էին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև Վիեննայում կայանալիք առաջին պաշտոնական հանդիպումից առաջ: Փաստաթղթում եռանախագահները վերստին վկայակոչել էին Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները՝ շեշտելով, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, այդ թվում՝ Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Ղարաբաղի համար` անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ, Հայաստանն ու Ղարաբաղը կապող միջանցք, Ղարաբաղի կարգավիճակի ապագա հստակեցում, ինչպես նաև տեղահանված անձանց ու փախստականների վերադարձ:

Մամեդյարովն այս երկար ցանկից առանձնացրել է երկու հարց, որոնք, ինչպես ինքն է ձևակերպել, պարբերաբար բարձրացվում են Հայաստանի կողմից՝ անվտանգությունն ու Ղարաբաղի կարգավիճակը:

«Ինչ կարգավիճակի մասին կարող խոսք լինել, եթե ադրբեջանցիները չեն վերադարձել Ղարաբաղ», - ասել է նա՝ հավելելով. - «Անվտանգության հարցը հայկական համայնքից բացի, բավականաչափ կարևոր է նաև ադրբեջանցիների համար»:

Ընդ որում, խոսելով տեղում անվտանգություն և կայունություն ապահովելու անհրաժեշտության մասին, Էլմար Մամեդյարովն ընդգծել է, թե բոլորին է հայտնի, որ այնտեղ պետք է միջազգային խաղաղախահ մեխանիզմ կիրառել: Թե ինչպես՝ Մամեդյարովը չի հստակեցրել:

Ադրբեջանցի լրագրողները փաստել են, որ անցնող տարում կողմերը մի շարք քայլեր իրականացրին մարդասիրական ոլորտում՝ լրագրողների փոխադարձ այցերից մինչև գերիների փոխանակում:
Հարցին, թե որքանով էին դրանք արդյունավետ, և արդյո՞ք կլինեն նոր նախաձեռնություններ, Մամեդյարովը հստակ պատասխան չի տվել՝ պնդելով, թե հայկական կողմը փորձում է քաղաքականացնել այս գործընթացը. - «Ուզում եմ կրկնել այն, ինչ միշտ եմ ասել՝ Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են, և հակամարտության կարգավորումից հետո երկու համայնքների ներկայացուցչները կրկին պետք է միասին ապրեն Ադրբեջանի մաս կազմող Լեռնային Ղարաբաղում: Մարդասիրական բոլոր նախաձեռնությունները պետք է նպաստեն հակամարտության կարգավորմանը և բռնի տեղահանված անձանց վերադարձին»:

Ծավալուն հարցազրույցում Մամեդյարովը մի քանի անգամ ընդգծել է, թե Բաքուն կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը. - «Դուք հարցնում եք, թե ինչ են տվել մեզ բանակցությունները: Իսկ ի՞նչ է կարգավորումը, եթե ոչ բանակցություններ: Եթե նույնիսկ հակամարտությունը վերսկսվի, միևնույն է, հետո բանակցություններ են լինելու, որովհետև ո՛չ մհավերժական պատերազմներ են լինում, ո՛չ էլ՝ հավերժական բանակցություններ»:

Մամեդյարովը խոսել է նաև Արդբեջանի արտաքին քաղաքական ուղեգծի մասին և պնդել, թե Բաքուն չի ցանկանում ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև:

«Ադրբեջանը միտք չունի ընտրել «կամ-կամ» սկզբունքով: Մեր արտաքին քաղաքական բոլոր որոշումները թելադրված են առաջին հերթին մեր երկրի զարգացման շահերով, և մեզ այս կամ այն ընտրության առջև կանգնեցնելու ամեն մի փորձ դատապարտված է ձախողման», - ասել է Մամեդյարովը, հավելելով: - «Դա հասկանում են անգամ այն ուժերը, որոնք նմանատիպ փորձեր են արել»:

Թե ում կողմից են եղել այդ փորձերը և երբ՝ Ադրբեջանի արտգործնաարարը չի հստակեցրել: