Մատչելիության հղումներ

Մամեդյարովը հերթական անգամ մանրամասներ է ներկայացնում ղարաբաղյան գործընթացից


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն եկող տարի հունվարին: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով հերթական անգամ մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից:

Մամեդյարովը հիշատակել է այսպես կոչված «Լավրովի պլանը», որը նրա խոսքով, մշակվել է 2.5 տարի առաջ Մոսկվայում՝ եռակողմ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից ասել է, թե վերջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը», և այդուամենայնիվ, Մամեդյարովի խոսքով, բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու այսպես թե այնպես շարունակել բանակցությունները», - հայտարարել է նա:

Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է, թե Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններում քննարկում են կոնկրետ և իրական կետեր:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս մասին պատմել է ադրբեջանական CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, և նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը:

Ադրբեջանի արտգործնախարարը նաև հայտարարել է, թե վերջին փաստաթուղթը այսպես կոչված «Լավրովի պլանն» է, հավելելով, թե այն մշակվել է մոտ երկու տարի առաջ մոսկովյան եռակողմ բանակցությունների բուռն քննարկումների ժամանակ:

Մամեդյարովը շեշտում է, որ «Լավրովի պլանը» հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա:

Ադրբեջանի արտգործնախարարը իր հարցազրույցում նաև հղում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այս տարվա մարտի 9-ի հայտարարությանը, ասելով, թե այդ հայտարարության էությունը խնդրի կարգավորման փուլային տարբերակն է․ առաջին փուլում, ըստ Մամեդյարովի, «զորքերի դուրսբերում, ադրբեջանական բնակչության վերադարձ Լեռնային Ղարաբաղ, անվտանգության ապահովում, կապի հաստատում»:

Էլմար Մամեդյարովի խոսքով՝ Բաքուն հայկական կողմին առաջարկում է «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»:

Դեռևս Բրատիսլավայում կայացած բանակցություններից անմիջապես հետո Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ադրբեջանը դիմել է համանախագահներին անվտանգության բանաձև մշակելու խնդրանքով:

Նա ասում է, թե հայկական կողմը կարևորում է կարգավիճակը և անվտանգությունը: Բաքուն և համանախագահները հասկանում են, թե ինչ ասել է կարգավիճակ, սակայն չեն հասկանում՝ ինչ ասել է անվտանգություն, և հենց այս պատճառով դիմել են համանախագահներին՝ այդ անվտանգության բանաձևը մշակելու համար, նշել է Մամեդյարովը:

Հարցազրույցում նա նաև հայտարարել է, թե Ղարաբաղի հայկական բնակչությունը նույնպես իրենց քաղաքացիներն են, և Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը ևս:

Հարցազրույցում Մամեդյարովը պատմել է, որ Բրատիսլավայում վերջերս կայացած բանակցությունները տևել են երեքուկես ժամ, հայտնի է, որ դրանք անցել են միջնորդների մասնակցությամբ, սակայն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երկու անգամ առանձնացել են և «տետ ա տետ» են զրուցել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG