Մատչելիության հղումներ

Ալիևը վերստին պնդել է, թե Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռուստալրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփում է 2019թ. արդյունքները, Բաքու, 23 դեկտեմբերի, 2019թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռուստալրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփում է 2019թ. արդյունքները, Բաքու, 23 դեկտեմբերի, 2019թ.

Նա նշել է, որ Ադրբեջանը չի ցանկանում ակտիվ մասնակցել եվրաինտեգրմանը:

«Բանակցությունների ձևաչափը չի փոխվել, դա մեր նվաճումն է»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ամփոփել է ավարտին մոտեցող տարվա արդյունքները և իր տեսակետն է ներկայացրել ղարաբաղյան բանացկությունների վերաբերյալ:

Նա նշել է, որ առայժմ լուրջ առաջընթաց չկա և դրա համար պատասխանատու է համարել հայկական կողմին:

«Կարծում եմ, դա կապված է մի շարք հանգամանքների հետ: Դրանք են Հայաստանի ղեկավարության ոչ կառուցողական դիրքորոշումը և միջազգային համայնքի կողմից Հայաստանի վրա անհրաժեշտ չափով ճնշում չբանեցնելը»,- ասել է Ալիևը:

Նա ադրբեջանական կողմի դիվանագիտական նվաճում է համարում այն, որ «Հայաստանին չի հաջողվել փոխել բանակցային գործընթացը»:

Ադրբեջանի ղեկավարի փոխանցմամբ, բանակցություններում առաջխաղացում չի գրանցվում Հայաստանի ղեկավարների «հակասական և անտեղի» հայտարարությունների հետևանքով:

«Առաջնայինը տարածքային ամբողջականությունն է»

«Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ: Դա անհեթեթություն է, այսօր Լեռնային Ղարաբաղում զինծառայողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են: Հենց դրա պատճառով էլ բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև: 2019 թվականին այդ ձևաչափը չի փոխվել, կարծում եմ, դա մեր դիվանագիտության հաջողությունն է»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:

Նրա համոզմամբ, Հայաստանը փորձում է փոխել ֆորմատը սոսկ ժամանակ շահելու կամ անհաջողության պատասխանատվությունը մյուս կողմի վրա բարդելու նպատակով:

Իլհամ Ալիևը նաև հերթական անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է, հետևաբար, կարգավորման հարցում առաջնայինը տարածքային ամբողջականությունն է:

«Ադրբեջանի դիրքորոշում այս հարցում անփոփոխ է, հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման սկզբունքով»,- ասել է Ալիևը:

2019-ին Ադրբեջան է այցելել ավելի քան 40 երկրի ղեկավար

Նա խոսել է տարվա ընթացքում Ադրբեջանի արձանագրած քաղաքական, սոցիալական և տնտեսական հաջողությունների մասին, ասել է, որ մի շարք երկրների հետ կնքվել են կարևոր համաձայնագրեր:

Ադրբեջան են այցելել ավելի քան չորս տասնյակ պետությունների ղեկավարներ, կազմակերպվել են միջազգային խոշոր հավաքներ, այդ թվում՝ Թյուրքալեզու պետությունների խորհրդի գագաթնաժողովը, Չմիավորման շարժման գագաթնաժողովը և այլ միջոցառումներ:

«Արևելյան գործընկերությանը» մեծ նշանակություն չի տրվում

Խոսելով «Արևելյան գործընկերության» մասին, Ալիևն ասել է, որ ծրագրի մասնակից երկրները տարբեր դիրքորոշումներ ունեն:

«Երբ միանում էինք՝ դեռ չգիտեինք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ նախաձեռնությունը: Ադրբեջանից զատ ևս մի շարք երկրներ են միացել «Արևելյան գործընկերությանը»: Այդ երկրներին միավորում է նախկին խորհրդային հանրապետություն լինելու հանգամանքը, այլապես դրանք վարում են տարբեր արտաքին քաղաքականություն, ներքին կացությունը, տնտեսության մակարդակը տարբեր են», - նշել է Ալիևը:

Նրա համոզմամբ, այն ժամանակ դրանց միավորումը մեկ ծրագրում ըմբռնելի էր, բայց հիմա իրավիճակը փոխվել է: Վեց երկրներից երեքը Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր են կնքել:

«Ադրբեջանը նման փաստաթուղթ չի ստորագրել, մենք հիմա ենք աշխատում երկկողմ փստաթղթի վրա, մենք ի սկզբանե հայտնել ենք, որ նախապատվությունը տալիս ենք երկկողմ պայմանագրերին: Ի տարբերություն ծրագրի այլ մասնակիցների՝ մենք ինքնաբավ ենք և ինքներս ենք դոնոր դառնում, մենք մնում ենք ծրագրում, բայց, եթե անկեղծ ասեմ՝ դրան շատ մեք նշանակություն չենք տալիս»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:

Նրա փոխանցմամբ, «Արևելյան գործընկերության գաղափարի վերջնանպատակն անհայտ է:

«Եթե դա եվրաինտեգրումն է, ապա հետսովետական երկրների համար դա անհասանելի բան է, դրա բերումով էլ մենք չենք դուրս գալիս ծրագրից, բայց շատ ակտիվ մասնակցելու մտադրություն էլ չունենք: Մենք Եվրոպայից ինչ-ինչ արտոնություններ չենք ակնկալում», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևի 2019 թվականի ամփոփիչ ասուլիսը երեկ հեռարձակել են AZ TV և ադրբեջանական մնացած հիմնական հեռուստակայանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG