Մատչելիության հղումներ

Փորձագետը պնդում է՝ բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ Փաշինյանի ուղերձը տեղ չի հասնում


Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան, արխիվ
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյան, արխիվ

Բանակցային գործընթացին Արցախի մասնակցության վերաբերյալ միջազգային հանրության ընկալումը չի փոխվել։ Այդ մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան պնդեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ընդգծելով՝ պատճառը Հայաստանի դիվանագիտական կառույցների վատ աշխատանքն է։

Հիշեցնենք, որ այս շաբաթ տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե անցած ամիսների ընթացքում Արցախի ներգրավվածության ավելացման անհրաժեշտության ընկալումն էականորեն ամրապնդվել է։ Մինչդեռ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով նույն հարցին, պնդել էր՝ 2019-ին Հայաստանին չի հաջողվել փոխել բանակցային ձևաչափը, ինչը Ադրբեջանի դիվանագիտության հաջողությունն է։

«Ոչ մի ֆորմատներում, ոչ մի բաներում ես մի բառ չեմ լսել վերջին մեկ տարվա ընթացքում, որ մեկն ինձ ասի՝ «գիտե՞ք ինչ, այ դուք ուզում եք, որ Ղարաբաղը ստանա կարգավիճակ, բայց դուք գիտեք, որ դա դժվար է»։ Ես էս ձևի բան ընդհանրապես չեմ լսել, նույնիսկ էն ֆորումներին, որտեղ ես ելույթ եմ ունեցել, նաև այդ թվում Ղարաբաղի հարցով։ Միտքս ինչո՞ւմ է՝ դա նշանակում է, որ ռուսերեն լավ բան կա՝ установка Премьер-Министра, որը գլուխն է էս երկրի պառլամենտական համակարգում, չի իջնում ներքև, կոպիտ եմ ասում, հիմա դա տեխնիկական հարց է», - ասաց Գրիգորյանը։

«Ազատության». - Ո՞ւմ մեղավորությունն է, Արտգործնախարարությա՞ն։

Ստեփան Գրիգորյան. - Ակնհայտ է, որ դա առաջին հերթին Արտգործնախարարության խողովակով պետք է գնա, ակնհայտ է, չէ՞, բայց իմ նպատակը ասելն է, որ էդ կարևորագույն ուղերձը, որից չի հրաժարվել Նիկոլ Փաշինյանը՝ հստակ տանում է էդ ուղերձը, ինքը չի տարածվում խողովակներով, նաև այդ թվում` Արտգործնախարարության, դիվանագիտական, աշխարհում։

«Ազատություն». - Եվ չի՞ հասնում միջազգային հանրությանը։

Ստեփան Գրիգորյան. - Չի հասնում, դա հստակ է, էստեղ քննարկման տեղ էլ չկա։

«Ազատություն». - Բայց վարչապետն ասում է՝ մեծացել է ընկալումը, հակասություն չկա՞ Ձեր ասածի և նրա ասածի միջև։

Ստեփան Գրիգորյան. - Վարչապետը կարող է հանդիպում է տարբեր մարդկանց հետ, ով էդ ընկալումը ունի, ես էլ հանդիպում եմ իմ մակարդակով։ Իմ մակարդակը բավական բարձր է, ու ասում եմ վարչապետին, ում հարգում եմ ու չեմ թաքցնում իմ աջակցությունն իրան, որ էդ ընկալումը չկա։ Ի վերջո, եթե ընկալումը կա, ինչի՞ Մինսկի խումբը չի համաձայնում ընկալել։ Այստեղ հիմա Նիկոլ Փաշինյանի գլխավոր ֆունկցիան՝ հասկանալ՝ ինչի՞ չի իջնում մյուս մակարդակների, չի տարածվում մյուս մակարդակներում։

Այն, որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց նաև հեղինակավոր Միջազգային ճգնաժամային խմբի անդամ Օլեսյա Վարդանյանը, ընդգծելով, որ ամբողջական և առարկայական բանակցությունների համար Արցախի մասնակցությունը պարտադիր է։

Ի դեպ, ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ այս ամիս հրապարակած իրենց զեկույցում Միջազգային ճգնաժամային խումբն առաջարկում է այլընտրանքային տարբերակ, մասնավորապես՝ առաջնային փուլում Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի միջև ոչ պաշտոնական բանակցություններ, որոնց կմասնակցեն նաև անկախ փորձագետներ, նախկին պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ 3 կողմերից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մատնանշվող Ղարաբաղի ադրբեջանական համայնքին, ապա, ըստ Ճգնաժամային խմբի, նրանք կարող են ընդգրկվել ադրբեջանական պատվիրակության կազմում։

Ուշագրավ է, որ Միջազգային ճգնաժամային խումբն իր զեկույցում առաջարկում է Հայաստանին համոզել Ղարաբաղի իշխանություններին կասեցնել վերաբնակեցման նոր ծրագրերը, ինչին ի պատասխան Ադրբեջանը կկասեցնի միջազգային դատարաններում բնակավայրերի ընդլայնմանն առնչվող բողոքի հայցերը։ Ճգնաժամային խմբի անդամ Օլեսյա Վարդանյանն ընդգծում է՝ թե՛ միջազգային հանրությունը, թե՛ Ադրբեջանը այդ վերաբնակեցումը անօրինական են համարում, պնդելով, որ գործընթացը պետք է դադարեցվի։ Փորձագետն ընդգծում է՝ խոսքն արդեն իսկ այդ տարածքներում բնակվող անձանց աջակցությունից զրկելու մասին չէ, այլ վերաբնակեցման նոր ծրագրերից գոնե ժամանակավորապես հրաժարվելու։

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ Արցախի իշխանությունների կողմից վերաբնակեցման ո՞ր ծրագրերն են իրենց մտահոգում, որոնցից գոնե ժամանակավորապես հրաժարվելու առաջարկ են անում, Օլեսյա Վարդանյանն ասաց, թե «2016-ից հետո առաջին անգամ Ղարաբաղի առաջնորդն ամրագրեց, որ նոր տարածքների վերաբնակեցումը առաջնահերթություն է Ղարաբաղի համար»։ Ավելին, ըստ փորձագետի, Ղարաբաղի բյուջեում ի հայտ է եկել նոր տող, և առաջին անգամ Ղարաբաղը սկսել է բացահայտ ֆինանսավորել նոր բնակավայրերի կառուցումը։ Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի անդամի, եթե կողմերին բանակցություններն անհրաժեշտ են, ապա այս հարցում նրանք պետք է գնան փոխզիջումների։

Ի դեպ, Օլեսյա Վարդանյանի փոխանցմամբ, այժմ Ադրբեջանը այս խնդրի շուրջ լուրջ աշխատանքներ է տանում, հայցեր ներկայացնելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Բաքուն նոր ճակատ է ձևավորում, որը Հայաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու նպատակ է հետապնդում։ Եվ եթե Ադրբեջանը գնա այս ճանապարհով, ապա դրանք կվնասեն բանակցային գործընթացին։

XS
SM
MD
LG