Վարչապետը երեխաների ապօրինի որդեգրման դեպքը «շոկային» որակեց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին, արխիվ

Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման սկանդալը ծավալվում է. 4 անձ արդեն ձերբակալվել է, ևս մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում այս ամենը բնորոշեց «շոկային» բառով։

Նա ասաց, որ երբ այս տարվա ամռանը հաշվի առնելով բազմաթիվ ահազանգեր՝ խորհրդակցություն անցկացրեց, հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայությանն ու ոստիկանությանը զբաղվել ահազանգերով, թերահավատ էր, թե կլինեն բացահայտումներ. - «Շատ դեպքերում ահազանգերը, որ մենք ստանում էինք, ճիշտն ասած, երբեմն ոչ այնքան ադեկվատ, էմոցիոնալ պոռթկումների տպավորություն էր թողնում, բայց հիմա, երբ հետահայաց նայում ենք, գուցե թե մեր գնահատականն այդքան էլ ճիշտ չի եղել, գուցե թե այդ մարդկանց էմոցիաները կոնկրետ փատերից են սնվել, և պետք է բոլոր այս կարգի դեպքերը հատ-հատ, առանձին-առանձին քննել, ուսումնասիրել», - հայտարարեց նա:

Փաշինյանը շեշտեց՝ էմոցիոնալ գործ է, սակայն քննությունը պետք է ընթանա առանց էմոցիաների, որպեսզի գործն իր բոլոր մետաստազներով բացահայտվի. - «Կարևոր է հասկանալ, թե ինչպես է պատահել և ինչպես է պատահում, որ Հայաստանի Հանրապետությունում կարող է նման մեխանիզմ գոյություն ունենալ և գործել», - նկատեց վարչապետը:

Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Հանրապետական հիվանդանոցի ծննդատան տնօրեն, տարիներ շարունակ հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնն զբաղեցրած Ռազմիկ Աբրահամյանը, ով, ի դեպ, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է, նույն ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը և «Երևանի մանկան տան» 23 տարվա տնօրեն Լիանա Կարապետյանը: Նրանք կասկածվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար։

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շեշտեց՝ ձեռք բերված ապացույցների համադրությունը բավարար է նրանց մեղադրանք առաջադրելու համար՝ Քրեական օրենսգրքի 167 հոդվածի 2-րդ մասով՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելը: Գրիգորյանի տեղեկացմամբ՝ մինչև շաբաթվա վերջ նրանց մեղադրանք կառաջադրվի։ Ընդգծեց՝ կան բազմաթիվ քաղաքացիների մերկացնող ցուցմունքներ:

«Ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց այդ հանցանքը կատարելու մեջ», - հավելեց ՔԿ նախագահը:

Ապօրինի որդեգրումների գործում այս պահին ներգրավված են նաև Երևանի երկու բնակիչներ։

Այս օրերին բազմաթիվ անանուն ահազանգեր մամուլում են հայտնվում, տարբեր տարիներին ծննդաբերած կանայք պնդում են այն, ինչ քրեական գործում է ձևակերպված՝ իրենց ստիպել են հրաժարվել երեխայից։ Մարզերից մեկում ապրող կինը, որ չցանկացավ ներկայանալ, պնդում է՝ 12 տարի առաջ Հանրապետական հիվանդանոցում ծննդաբերել է, ունեցել 3 կիլոգրամ քաշով առողջ աղջիկ։ Ասում է՝ ընկճված, լքված վիճակում էր. - «Ուղղակի գնացի, իմ վատ վիճակից իրենք օգտվեցին, ասացին՝ սիրուն կին ես, բա էն 2 երեխեդ մեղք են, ու ասեց՝ էտ երեխեն քեզ պետք չի»:

Կինը բժիշկների անունները շատ լավ է հիշում, ասում է՝ երեխայից հրաժարվելու թուղթը, ճիշտ է, ստորագրել է, բայց ճնշել ու սպառնացել են. - «Իմ պահանջն այն է, որ իմ երեխուն ինչ են արել, խաբելով, հուսահատ վիճակում էի, իմ անօգնական, հետծննդաբերական, աֆեկտի վիճակից իրենք օգտվեցին, երեխուս ձեռիցս վերցրեցին ու ինձ անտեր իրի պես շպրտեցին, ճանապարհ գցեցին», - պատմեց նա:

Երկու ամիս առաջ նա իր արդեն 12 տարեկան դստեր հետքը գտնելու հույսով գնացել է ծննդատուն, այնտեղից «Նորքի մանկան տուն», փաստաթղթերից պարզել՝ դուստրը որդեգրվել է ծնվելուց ամիսներ անց։ Այնուամենայնիվ, շատ պարզ չի ձևակերպում, թե ինչու է լռել 12 տարի:

Քննչական կոմիտեում քննվող քրեական գործն օտարերկրյա որդեգրումների պրոցեսում տեղի ունեցած հնարավոր ապօրինությունների մասով է։ Շեշտվում է, որ բացի նրանից, որ ծննդատանը մայրերին հորդորել, ստիպել են հրաժարվել երեխաներից, նաև առողջական խնդիր չունեցող երեխաներ օտարերկրյա որդեգրման են տրվել առանց Հայաստանի քաղաքացիներին առաջնայնություն տալու։

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը, որ օտարերկրյա որդեգրումների պրոցեսն է համակարգում, պնդում է՝ դուրս որդեգրված երեխաների փաթեթին Սոցապը միշտ կցել է այն հայաստանցիների ցանկը, որ տեսել են տվյալ փոքրիկին ու չեն ընտրել. - «Արդյոք այդ ցանկերը իրականությանը համապատասխանում են, թե ոչ, Արդարադատության նախարարությունը բնավ որևէ իրավասություն չունի ստուգելու»:

Ինչ վերաբերում է նրանց առողջական վիճակին, այդ մասին եզրակացություն վերջին երկու տարում տալիս է գերատեսչական հանձնաժողովը, մինչև այդ մանկատան բժիշկները։ Մխիթարյանը պնդում է՝ Իտալիա, Ամերիկա որդեգրված երեխաները մեկ բացառությամբ առողջական խնդիրներ են ունեցել՝ ըստ իրենց փաստաթղթերի, ունեցել են դաունի սինդրոմ, իսկ կենտրոնական նյարդային ընկճախտը ամենաշատն է հանդիպել:

Արտերկիր որդեգրումների հսկողությունն էլ Արդարադատության նախարարությունն է իրականացնում: Որդեգրումից հետո ամեն տարի զեկույցներ են ուղարկում Հայաստան երեխայի պայմանների, վիճակի վերաբերյալ: Խնդրահարույց 16-18 թվականներին դուրս գնացած բոլոր երեխաների զեկույցներն, Անի Մխիթարյանն ասում է, կան. - «Փառք Աստծո, որևիցե մտահոգություններ չունենք մեր երեխաների վերաբերյալ»:

Միջպետական որդեգրման պրոցեսում ներգրավված կառույցները բազմաթիվ են՝ ամեն երեխայի համար կառավարության առանձին որոշում է պետք, դատարանի առանձին վճիռ։ Հայտնի չէ, թե ինչ կպարզի իտալական որդեգրումների քրեական պատմությունը։ Արդեն պարզ է, սակայն, որ այն ազդել է որդեգրումների թվի վրա: Այս տարի ընդամենը 9 երեխա է օտարերկրյա որդեգրման տրվել, կրկնակի պակաս նախորդ տարվանից։

«Ցավով պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ մտահոգություններ են հայտնում ոչ միայն Իտալիայի հավատարմագրված կազմակերպությունները, այլև մեր այլ գործընկերները, մասնավորապես և Ամերիկայի Միացյալ նահանգների հավատարմագրված կազմակերպությունները, և Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը», - հայտնեց Մխիթարյանը:

Ամիսներ առաջ բրիտանացի զույգը «Երևանի մանկան տնից» որդեգրեց ու Բրիտանիա տարավ աղջնակի, որի ոտքը մյուսից կարճ էր, և ծնողները հրաժարվել էին նրանից: Ամուսիններն արդեն բժիշլկների հետ պայմանավորվել էին վիրահատության համար։ Այժմ էլ օտարերկրյա որդեգրման փոքրիկների բազայում երկու տարեկան աղջնակ է՝ նույն խնդրով: Քրեկաան այս փուլում նրանով ոչ ոք չի հետաքրքրվել: Անի Մխիթարյանը ենթադրում է, որ այս փուլում զգուշանում են. «Սա երևի թե նորմալ երևույթ է այս իրավիճակում, որը ստեղծվել է: Մինչև քրեական վարույթի ավարտը, ես ենթադրում եմ, որ զգուշությունը շատ և շատ կլինի», - եզրափակեց Մխիթարյանը: