Մատչելիության հղումներ

Ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ևս մեկ անձ է ձերբակալվել


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2 մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու, հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1976 թվականին ծնված քաղաքացի:

Նշենք, որ այսօր նույն գործի շրջանակներում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են նաև «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն » ՊՈԱԿ –ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

ՔԿ-ից հիշեցնում են, որ ավելի վաղ նշված քրեական գործի շրջանակներոմ ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը 2 կամ ավելի երեխայի նկատմամբ, մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի՝ Երևան քաղաքի բնակչուհու՝ ծնված 1976 թվականին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունից նոյեմբերին հայտնել էին, որ ծառայությունը բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։

Ըստ ծառայության տարածած հաղորդագրության, երկու հայաստանցիներ օգտագործել են իրենց կապերը հանրապետական ծննդատներից մեկում, մի շարք գերատեսչություններում ու նաև մանկատներում, հայաստանյան օրենքների կոպիտ խախտմամբ կազմակերպել են ավելի քան 30 փոքրիկների որդեգրումներ Իտալիայի քաղաքացիների կողմից։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

XS
SM
MD
LG