Մատչելիության հղումներ

«Մանկատներում ստիպել են ծնողներին հրաժարվել երեխաներից». Ոստիկանություն


Հայաստանյան մանկատներից օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգման սկանդալը նոր զարգացում է ստանում։

Ազգային Անվտանգության ծառայությունը բացահայտել էր օրենքների կոպիտ խախտմամբ ավելի քան 30 փոքրիկների Իտալիա որդեգրման դեպքեր։

Այժմ էլ Ոստիկանությունն է հայտնում հարուցված քրեական գործի մասին։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի պետ Վաչե Հովսեփյանը, առանց անուններ տալու, մի քանի դեպքերի մասին է նշում․ - «Դեռևս 2009 թվականին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով վավերացված հայտարարություն՝ իր երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին»։

Այնինչ ծնողը պնդում է, որ գրավոր հայտարարություն չի արել, երեխայից հրաժարվելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրել: Իսկ փոքրիկը որդեգրվել ու արտերկիր է տեղափոխվել:

Մեկ այլ դեպքում մանկատներից մեկի տնօրինությունը երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու ծնողի դիմումը տնօրենի կնիքով կնքել ու այդ փաստաթղթի հիման վրա երեխային արտերկիր են ճանապարհել, այնինչ ծնողը հետո պնդել է, որ նման դիմում չի գրել, ավելին՝ անգամ Հայաստանում չի եղել:

Ըստ ոստիկանության, մանկատան տնօրենները, նախապես պայմանավորվելով հայ փոքրիկի որդեգրել ցանկացող օտարերկրացիների հետ, կազմակերպել են նրանց հանդիպումը երեխաների հետ, այնուհետև համաձայնության գալով կոնկրետ երեխայի որդեգրման հարցում՝ հորդորել են երեխայի ծնողին որդեգրման համաձայնություն տալ:

«Մանկատան տնօրեններից մեկը բավական տևական ժամանակ համոզելով իր մանկատանը գտնվող երեխայի ծնողներից մեկին հրաժարվել երեխայից և տալ որդեգրման համաձայնություն, վերջապես ստացել է այդ համաձայնությունը՝ այն պայմանով, որ երեխան որդեգրվի միայն Հայաստանի Հանրապետության տարածքում», - նշեց Վաչե Հովսեփյանը:

Մեկ այլ դեպքում մանկատան տնօրենը, օգտվելով այն հանգամանքից, որ ծնողը սոցիալական ծանր վիճակից ելնելով ցանկանում է ժամանակավորապես երեխային տեղավորել մանկատանը, ապակողմնորոշել է նրան, թե՝ երեխային չենք կարող մանկատուն նույնիսկ ժամանակավոր ընդունել, մինչև չհրաժարվեք նրանից: Հետոն պարզ է՝ կարճ ժամանակ անց երեխան որդեգրվել ու արտերկիր է տեղափոխվել։

Ըստ Ոստիկանության, կան նաև սպառնալիքի միջոցով երեխայից հրաժարվելու դիմումի դեպքեր։ Բոլոր այս դեպքերում երեխաները արտերկիր են տեղափոխվել։

Հայաստանյան օրենսդրությամբ, որդեգրել ցանկացող անձանցից առաջնահերթությունը տրվում է հայ ընտանիքներին: Երեխան օտարերկրյա որդեգրման համար հաշվառվում է միայն, երբ 3 ամիս շարունակ նրան այստեղ ոչ ոք չի ընտրում:

Ոստիկանությունում քննությունը շարունակվում է: Առայժմ չեն հրապարակվում, թե հատկապես որ մանկատներն ու պաշտոնյաներն են այս գործարքների հերոսները:

Որդեգրման քաղաքականությունն ու կենտրոնական հաշվառումն իրականացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, միջպետական որդեգրումների պատասխանատու Արդարադատության նախարարությունը շարունակում են որևէ կերպ չարձագանքել իրավապահների բացահայտումերին։

Շուրջ 16 տարի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժինը ղեկավարած Լենա Հայրապետյանի խոսքով, իր պաշտոնավարման տարիներին պատահել է երբ երեխայից հրաժարված մայրերը փոշմանած եկել են գերատեսչություն ու արցունքներով փնտրել իրենց երեխաներին:

Երեխաների հիմնահարցերի բաժնի նախկին պետը շեշտում է, որ մեկ երեխայի միջպետական որդեգրման տալն ամիսներ է տևում, և մինչև դատարանի վճռի օրը ծնողը կարող է որոշումը փոխել․ իսկ եթե այդ որոշման վրա մանկատան տնօրեններն են ազդե՞լ:

Ըստ Հայրապետյանի, մանկատան գործը խնամքն է, որդեգրման հետ կապ չպետք է ունենային․ - «Ես չեմ կարող ոչինչ բացառել, որովհետև կյանքում այնքան հանցագործություններ են կատարվում: Բայց տնօրենը իրավունք չուներ նման բան անելու: Ուղղակի ճանաչելով իրենց մարդ տեսակը՝ մի տեսակ չեմ հավատում դրան»:

Որդեգրման գործընթացի մութ ու կոռուպցիոն բնույթի մասին խոսվել է տարիներ շարունակ: Այսօր էլ շատ բան պարզ չէ՝ չկան անուններ, չկան ձերբակալվածներ:

Ապօրինի գործարքներով արտերկիր որդեգրման տրված երեխաների վերաբերյալ տագնապները նախորդ շաբաթ մեղմեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը․ - «Օրգանների վաճառքի մասին այս պահին խոսք չկա»:

Որդեգրման սկանդալի թեմայով սոցցանցում գրառում է արել Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը․ - «Փորձագետների հետ քննարկում եմ երեխաների հետ կապված հանցագործությունների դեպքում քրեական պատասխանատվությունը խստացնելու հարցը և առաջիկայում Քրեական օրենսգրքում կառաջարկեմ փոփոխություններ»:

Զոհրաբյանը գրել է նաև, որ ԱԱԾ-ն որոշակի տեղեկատվություն պիտի տրամադրի օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների ճակատագրի մասին, իսկ այս խայտառակ քրեական սկանդալի որևէ մասնակից անպատիժ չպիտի մնա:

XS
SM
MD
LG