Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները մայրաքաղաքի դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Ոստիկանություն` քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
«Լույս» խմբակցության ղեկավարն իրավապահներին էր դիմել՝ պնդելով, որ քաղաքապետը Հայկ Մարությանն արտերկրից երկարաձգել է արձակուրդը հետին թվով, նրա պարտականությունը կատարել է օրենքով չնախատեսված անձ, հետո արձակուրդի կարգադրությունն է փոխվել։ Ըստ Խաժակյանի, դատախազությունն այս ամենը պետք է ստուգեր։
Արձակուրդի թեման քաղաքապետի թիմը համարում է իրականության հետ կապ չունեցող արշավ։
Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ քննարկում են Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից իրենց միակ կուսակցին՝ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը:
«Լույս» խմբակցությունում «Լուսավոր Հայաստան»-ից միայն Դավիթ Խաժակյանն է, Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը «Հանրապետություն» կուսակցությունից են: Էդմոն Մարուքյանն ու կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը երեկ հայտարարեցին, որ Խաժակյանի կարևոր բացահայտումները ստվերվում են խմբակցության մյուս անդամների էմոցիոնալ ելույթների պատճառով։