Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն քննարկում է ավագանու ընդդիմադիր դաշինքից Խաժակյանին հետ կանչելու հարցը


Դավիթ Խաժակյան, արխիվ
Դավիթ Խաժակյան, արխիվ

Ավագանու երեկվա նիստից հետո, երբ ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամներից Թեհմինա Վարդանյանը քննադատեց քաղաքապետին, հիշեցնելով նրա կերտած կանացի կերպարներն ու նախկինում տված հարցազրույցները՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առավոտյան հայտարարեց, որ քննարկում են ավագանու ընդդիմադիր խմբակցությունից իրենց միակ կուսակցին՝ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: Մարուքյանն ասաց՝ երեկվա նիստից հետո հազարավոր նամակներ են ստանում, ընդգծեց՝ չեն կարող իրավիճակի վրա ազդեցություն չունենալով պատասխանատվություն կրել:

Ավագանու «Լույս» խմբակցությունն ավագանու ընտրություններին դաշինքով է մասնակցել, խմբակցությունում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից միայն Դավիթ Խաժակյանն է, Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը «Հանրապետություն» կուսակցությունից են:

Էդմոն Մարուքյանն ու կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանն ասում են՝ Դավիթ Խաժակյանի կարևոր բացահայտումները ստվերվում են մյուսների էմոցիոնալ ելույթների պատճառով։

«Դավիթ Խաժակյանը երեկ ամբիոնից բացահայտել է քաղաքապետարանում տեղի ունեցած պաշտոնական կեղծիքը, կարո՞ղ եք ասել՝ ո՞ւր է դրա լուսաբանումը, չկա, բայց կա ինչ-որ այլ լուսաբանում քաղաքապետի ծիծաղի և այլ հարցերի վերաբերյալ։ Եթե հանրային ընկալումը դա է, որ ավագանու անդամը պետք է պաշտոնական կեղծիքը սենց ծամած դնի դատախազության բերանը, ասի՝ էս ա, ու դա չլուսաբանվի, որովհետև դա հետաքրքիր չի մարդկանց, ուրեմն ավելի լավ է չմասնակցենք, ուրեմն եկեք դուրս գանք», - ասաց Մարուքյանը։

«Հարցը նրանում է, որ բովանդակային քննադատությունը այլևս չի դառնում ուղղություն «Լույս» խմբակցության համար, որի պարագայում մենք չենք ունենում վերահսկողություն ուղղության համար խմբակցության։ Ինչո՞ւ, որովհետև մեք ունենք ընդամենը մեկ անդամ խմբակցությունում և նրա ձայնը լսելի չի լինում բովանդակային կարևոր արժեքային քննադատությունը», - ընդգծեց Թանդիլյանը։

Էդմոն Մարուքյանն ասաց՝ անգամ, եթե քաղաքապետը պրովոկացիա է անում, չպետք է դրան տրվել: Մարուքյանն ասաց՝ կուսակցության կառավարման խորհուրդը կքննարկի՝ կմնա Խաժակյանն ավագանու կազմում, թե՞ ոչ, ընդգծելով՝ իհարկե, նրա կարծիքը կարևոր է լինելու։

«Երբ որ քաղաքապետը պրովոկացիա է անում, ծիծաղում է, ձեռք է առնում ավագանու անդամներին նրանց ելույթների ժամանակ և մարդիկ էմոցիոնալ իրավիճակում չեն կարողանում զսպել էդ պրովոկացիան և տրվում են պրովոկացիային։ Բնականաբար, սկսողը քաղաքապետն է, բայց ես կարծում եմ՝ պրովոկացիային տրվողը պետք է նաև իրան հաշիվ տա էստեղ։ Հետևաբար, ինչպես ասվում է, գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ով որ կտրվի այդ գայթակղությանը։ Կառավարման խորհուրդը կորոշի, որ կշարունակի մասնակցել, կշարունակի մասնակցել, կառավարման խորհուրդը կորոշի, որ Դավիթ Խաժակյանը պիտի դուրս գա, Դավիթ Խաժակյանը վայր կդնի մանդատը», - ասաց Մարուքյանը։

Ինքը՝ Դավիթ Խաժակյանն ասաց՝ Թեհմինա Վարդանյանի հետ խոսել է, նա էլ իր հերթին է պնդել, թե քաղաքապետն իրեն սադրել է՝ բարձրախոսն անջատել, խոսքի ընթացքում ծիծաղել և այլն: Խաժակյանը շարունակեց Մարուքյանի ու Թանդիլյանի պնդումները, թե իր բացահայտումներն անձնավորված ելույթներից հետո ստվերվում են: Ասաց՝ դեմ է, որ քննարկումներն անձնական դաշտ տարվեն: Կմնա ավագանու կազմում, թե ոչ՝ կուսակցության կառավարման խորհուրդը կորոշի, որտեղ Խաժակյանն իր կարծիքն անպայման կպնդի, որ իր գործունեությունը կարևորում է, սակայն ձևաչափը պետք է քննարկվի։

«Ես, բնականաբար, իմ տեսակետը ներսում պնդելու եմ և համոզված եմ, որ դա լինելու է համատեղ որոշում և քննարկումները արդյունքը ցույց կտան։ Ես ուզում եմ շեշտել, որ որևէ պարագայում մենք կուսակցության ներսում տեսակետների տարբերություն չենք ունենա։ Ես կարծում եմ, որ քաղաքական որևէ տեսակետ ինչքան էլ, որ սուր մենք հայտնենք, պետք է միշտ խուսափել, օրինակ, քաղաքապետի դեպքում՝ հիշելուց իր դերերը դերասանական կարիերայի ժամանակ», - ասաց Խաժակյանը։

«Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված Անի Խաչատրյանը, որն ավագանու «Լույս» խմբակցության անդամ է, ասաց՝ շուրջ մեկ տարի է ավագանու նիստերի դահլիճում իրենց համագործակցությունն իշխող խմբակցության հետ չի ստացվում, դահլիճից դուրս՝ ընկերական հարաբերությունները հրաշալի են: Ասաց՝ վերանայումներ բոլոր խմբակցությունները պետք է անեն՝ մի սեղանի շուրջ նստելով, քննարկելով: Անակնկալի է եկել Էդմոն Մարուքյանի հայտարարությունից, «Ազատությանն» ասաց՝ աշխատանքային բանավեճ է եղել, խնդիր չի տեսնում, բայց կողմ չէ, որ Խաժակյանը հեռանա։

«Էդմոն Մարուքյանը մի ճիշտ արտահայտություն արեց, որ իր վերահսկողությունից դուրս է «Լույս» խմբակցությունը, այո, «Լույս» խմբակցությունը դուրս է թե՛ Արամ Սարգսյանի և թե՛ Էդմոն Մարուքյանի վերահսկողությունից, որովհետև քաղաքական տարբեր ուժեր ենք մենք։ Այս անգամ, թե ինչն է մեր գործընկերներին ստիպել, որպեսզի քննարկվի Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը, չենք կարող ասել», - նշեց Անի Խաչատրյանը։

Քաղաքապետին իր կանացի դերերի մասին հիշեցումը Թեհմինա Վարդանյանը վիրավորանք չի համարում, ասում է՝ այդ ինքն է վիրավորվել, որ իր ելույթի ժամանակ քաղաքապետը ծիծաղել ու բարձրախոսն անջատել է։ Թեև հիշեցնենք՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել էր՝ անջատում է, որովհետև Վարդանյանը թեմայից շեղվում է։

«Ես ամենայն հարգանքով, հարգում եմ և՛ պարոն Մարությանի գործունեությունը նախկին, և՛ արվեստը, բայց երբ պարոն Մարությանը հեգնում և ծիծաղում է ավագանու նիստերի ժամանակ, դա արդեն բնական չէ, բայց այնուամենայնիվ ես այդ ամբողջ պրոցեսը համարում եմ բնական։ Մենք խնդիր չենք տեսնում, որ դիրքորոշում հայտնենք, դա բնական աշխատանքային պրոցես է, ես դա պնդում եմ և որևէ բոլոլա սարքելու խնդիր չկա էստեղ», - ասաց Վարդանյանը։

Թե երբ «Լուսավոր Հայաստանը» կորոշի Դավիթ Խաժակյանին Երևանի ավագանու կազմում մնալու կամ հետ կանչելու հարցը, պարզ կլինի առաջիկայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG