Թբիլիսիում մեկնարկել է իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը, որի քննարկման թեման ընթացիկ քաղաքական գործընթացներն են:
Ըստ տեղական լրատվամիջոցների, այդ քննարկման առաջնային հարցերից մեկը ընտրական բարեփոխումներն են, մասնավորապես, ընդդիմության առաջարկած «գերմանական մոդելը»: Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցում են նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, որոնց շնորհիվ էլ իշխանությունն ու ընդդիմությունը մեկ սեղանի շուրջ են նստել:
Հանդիպման նախօրեին, սակայն, Վրաստանի իշխող ուժը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ընտրական համակարգի բարեփոխման հարցով ընդդիմության առաջարկը՝ «Գերմանական մոդելը» հակասում է երկրի Սահմանադրությանը և իշխանությունները մտադիր չեն կանգ առնել այդ առաջարկի վրա:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախ խոստացել էր 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել բացառապես համամասնական ընտրակարգով, այնուհետև տապալել այդ մասին օրենսդրական նախաձեռնությունը, ինչը երկրում բողոքի մեծ ալիք բարձրացրեց:
Վրաստանում երկրորդ շաբաթն է՝ բողոքի ցույցերը չեն մարում, ընդդիմությունը պահանջում է մինչև 2020 թվականը վերացնել մեծամասնական ընտրակարգը: Խնդրի շուրջ միավորված վրացական ընդդիմադիր ուժերը միասնաբար մշակել են այսպես կոչված «գերմանական մոդել», որը բացառում է որևէ ուժի կողմից խորհրդարանական բացարձակ մեծամասնություն ունենալու հնարավորությունը: