Այսօր վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 5-ին Վրաստանի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը մայրաքաղաք Թբիլիսիում խորհրդարանի հրապարակից և հարակից փողոցներից դուրս է վտարել ցուցարարներին: Ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրնետ մեքենաներ են կիրառել:
Ընդդիմադիր ակտիվիստները կազմել էին չորս խմբեր և արգելափակել էին խորհրդարանի շենքի չորս մուտքերը:
Գործողությունն իրականացրել են ոստիկանության հարյուրավոր ծառայողներ: Ձերբակալվել է մոտ երեք տասնյակ մարդ, ժամեր անց նրանց ազատ են արձակել:
Ցուցարարները նախօրեին հայտնել էին, որ իրենց մտադրությունն է կանխել պատգամավորների մուտքը խորհրդարան:
Իշխանությունն անմիջապես արձագանքել է, թե նման ապօրինի բան որևէ պարագայում թույլ չի տա:
«Եվս մեկ անգամ ոստիկանները ստացան խորհրդարանի դարպասի մոտ կանգնած խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելու հիմար, ապօրինի, անհեթեթ հրաման: Այն ի կատար են ածել հարյուրավոր ոստիկաններ: Սա ներկայիս վարչակարգի խորհրդանշանն է՝ քաղաքացիներին պաշտպանելու առաքելության փոխարեն նրանք հարմարավետ պայմաններ են ապահովում օլիգարխի ծաղրածու պատգամավորներին, բայց չի հաջողվի, ամեն անգամ խորհրդարան մտնելու համար նրանք ստիպված կլինեն օգնության կանչել հարյուրավոր ոստիկանների, նրանք այս ճնշումից չեն ազատվի», - ասել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջատար գործիչներից Գիգա Բոկերիան:
Նրա հիշատակած օլիգարխը իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին է:
Ընդվզումները սկսվել են այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» դրժել է խոստումը և քվեարկությամբ տապալել է հաջորդ ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով անցկացնելու օրինագիծը:
Ընդդիմությունը պնդում է, որ գործող Ընտրական օրենսգիրքը բարենպաստ պայմաններ է ստեղծում «Վրացական երազանքի» համար:
Իվանիշվիլին այս տարվա ամռանը տեղի ունեցած բողոքի բազմահազարանոց ցույցերից և երթերից հետո անձամբ էր հավաստիացրել ժողովրդին, որ հաջորդ խորհրդարանում մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներ չեն լինի, սակայն նոյեմբերի 14-ին օրինագծի քվեարկությունը տապալեցին հենց «Վրացական երազանքից» մեծամասնականով կարգով ընտրված պատգամավորները:
Դա անմիջապես զայրացրեց հանրությանը: Ընդդիմությունը հիմա պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ համամասնական կարգով:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության փոխանցմամբ, Իվանիշվիլիի թիմը պարզապես խաբել է մարդկանց:
«Վրացական երազանքի» լիդերներն ասում են, թե ցավում են, որ օրինագիծը չի ընդունվել, բայց որևէ բան անել չեն կարող, հետևաբար, հաջորդ ընտրությունները տեղի կունենան գործող օրենքով:
Հիմա ոստիկանները շրջափակել են խորհդարանի հրապարակը, օրենսդիրները կարող են մտնել շենք, նախատեսված է լիագումար նիստ, որի օրակարգում փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների ընտրություններն են:
Խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն ընդդիմության լիդերներին կոչ է արել «դադարեցնել բողոքի ակցիաները և վերականգնել բնականոն քաղաքական գործընթացը»: