Մակրոնը մտադիր է քննարկել Թուրքիայի գործողությունների համատեղելիության հարցը ՆԱՏՕ-ի հետ

Էմանյուել Մակրոնը և Յենս Ստոլտենբերգը համատեղ ասուլիսից հետո, Փարիզ, 28-ը նոյեմբերի, 2019թ.

Ֆրանսիայի նախագահը մտադիր է քննարկման դնել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Թուրքիայի գործողությունների համատեղելիության հարցը, այս մասին Էմանյուել Մակրոնը հայտարարել է նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք հարգում ենք մեր թուրք դաշնակցի անվտանգության շահերը, որը բազմաթիվ հարձակումների է ենթարկվել ահաբեկիչների կողմից, սակայն չի կարելի մի կողմից հայտարարել դաշինքին հավատարիմ լինելու մասին, պահանջել համերաշխություն, մյուս կողմից դաշնակիցներին դնել ռազմական ներխուժում իրականացնելու փաստի առաջ», - նախօրեին հայտարարել է Մակրոնը, ով անցած ամիս խստորեն դատապարտել էր Թուրքիայի այսպես կոչված՝ «Խաղաղության ակունք» կարգախոսի ներքո ներխուժումը Սիրիայի քրդաբնակ շրջաններ։ Անկարան պնդում է, թե նպատակն այդ շրջաններում անվտանգության գոտի ստեղծելն է, որպեսզի պայմաններ ապահովեն Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների վերադարձի համար: Մինչդեռ թուրքական զինուժի զինված գործողությունների հետևանքով այդ շրջաններում բնակվող տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները:

Պաշտոնական Փարիզը մարդասիրական աղետ որակելով Սիրիայում ստեղծված այդ կացությունը՝ կոչ էր արել ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկրներին հակազդել Անկարային և պատժամիջոցներ սահմանել այդ երկրի դեմ: Ֆրանսիան, ինչպես նաև Գերմանիան հորդորում էին Եվրամիությանը սառեցնել զենքի վաճառքը Թուրքիային:

«Ես կցանկանայի, որպեսզի դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում՝ ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովի ընթացքում, մենք Թուրքիայի հետ երկխոսություն ունենանք, այդ թվում՝ Թուրքիայի ձեռք բերած C-400-ի (S-400) և ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համալիրների համատեղելիության շուրջ: Մեր գործողությունների համակարգումը հանդիսանում է դաշինքի երկարաժամկետ արժեքը», - ընդգծել է Ելիսեյան պալատի ղեկավարը:

Նախագահ Մակրոնը նկատի ունի ՆԱՏՕ-ի անդամ Անկարայի և Մոսկվայի միջև կնքված թանկարժեք՝ մոտ երկուսուկես միլիարդ դոլարի արժողությամբ ռազմական գործարքը: Թուրքիան, անտեսելով դաշնակիցների հորդորները, Ռուսաստանից այդուհանդերձ գնել է հակաօդային պաշտպանական համալիրները՝ պնդելով, թե դրանք կենսական նշանակություն ունեն իր երկրի անվտանգության համար:

Անկարայի արձագանքը Մակրոնի հայտարարություններին երկար սպասեցնել չտվեց. - «Դրանք անընդունելի են», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մակրոնի խոսքերը ոչինչ չեն նշանակում, նա ահաբեկիչների հովանավորն է, ինչպես արդեն ասել է Մերկելը, Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, և Մակրոնը պետք է հաշվի նստի իր դաշնակիցների դիրքորոշումների հետ», - հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեակավարը:

Թուրքիան, հիշեցնենք, իր հերթին Փարիզին մեղադրում է Սիրիայի քրդական ուժերին աջակցելու համար, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: