Շատ երկրների կառավարություններ մտահոգություն են արտահայտել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ ռազմական հարձակման հետ կապված։ Միաժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է արտահերթ նիստ գումարել այս հարցի վերաբերյալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ երեք օր առաջ ասել էր, որ Միացյալ Նահանգները չի միջամտի Թուրքիայի գործողություններին, սակայն միաժամանակ Թուրքիայի կողմից հարձակումը «վատ միտք» էր անվանել։
Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ պաշտոնական Վաշինգտոնը երբևէ չի ողջունել այս հարձակումը:
ԱՄՆ սենատորները երեկ հայտարարեցին, որ օրինագիծ է նախապատրաստվում ՝ պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի քաղաքական ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի, և երկրի ռազմական ու էներգետիկ արդյունաբերությունների նկատմամբ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ թեև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիան ունի իր անվտանգությամբ մտահոգվելու իրավունք, սակայն «կարևոր է խուսափել գործողություններից, որոնք կարող են հետագայում ապակայունացնել տարածաշրջանը»:
Մինչդեռ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան և Լեհաստանը կոչ են արել այսօր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դռնփակ նիստ անցկացնել:
Իսկ Արաբական պետությունների լիգան, որը բաղկացած է 22 անդամ երկրներից՝ ներառյալ Եգիպտոսը, Իրաքը և Սաուդյան Արաբիան, հայտարարել է հոկտեմբերի 12-ին նախարարական նիստ անցկացնելու մասին ՝ քննարկելու Թուրքիայի հարձակումը: