Մատչելիության հղումներ

Թուրքիան սկսեց գործողությունը Սիրիայում


Սիրիա - Թուրքական բանակի կողմից ռմբահարվող Ռաս Ալ Այնի բնակիչները լքում են ավանը, 9-ը հոկտեմբերի, 2019թ․
Սիրիա - Թուրքական բանակի կողմից ռմբահարվող Ռաս Ալ Այնի բնակիչները լքում են ավանը, 9-ը հոկտեմբերի, 2019թ․

Թուրքական բանակը և օդուժը սկսել է ռմբահարել և հրետակոծել քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջանում գտնվող Ռաս Ալ Այն ավանը։ Ենթադրվում է, որ քիչ անց գործողությանը կմիանա նաև հետևակը։ Նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ գործողության անունն է «Խաղաղության ակունք»։

Գործողությանը մասնակցում են նաև սիրիացի ապստամբները՝ մոտ 14 հազար ապստամբ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանից տեղափոխվել են Թուրքիայի տարածք, որտեղից, միանալով թուրքերին, փոքր ջոկատներով պետք է մտնեն Սիրիա։ Նրանց միավորման անվանումն է «Սիրիայի ազգային բանակ»։

Էրդողանի փոխանցմամբ՝ «Խաղաղության ակունք» օպերացիայի նպատակն է «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին և «Իսլամական պետության» ջոկատները, ստեղծել անվտանգության գոտի և ապահովել սիրիացի փախստականների վերադարձի պայմաններ»։

Անցած օրերին թուրքական բանակի հրասայլերը, զրահամեքենաներն ու հրետանին Սիրիայի հենց սահմանին էին, մինչև ատամները զինված զինվորները կենտրոնացել էին անմիջապես Սիրիայի հյուսիսային սահմանի մոտ գտնվող Աքչաքալե ավանում և սպասում էին Թուրքիայի քաղաքական ղեկավարների հրամանին։

«Մենք կապահովենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը և համայնքները կազատենք ահաբեկիչներից», - ասել է Էրդողանը։

Սիրիան հայտարարում է, թե «բոլոր օրինական միջոցներով պաշտպանելու է իր տարածքը թուրքական ագրեսիայից» և «պատրաստ է իր գիրկն առնել անառակ որդիներին, եթե նրանք ողջամիտ գտնվեն»։ «Անառակ որդիներն» այս դեպքում Սիրիայի հյուսիսը վերասկող քրդերն են։ Մինչդեռ Անկարայի տեսակետից նրանք սոսկ զինված ահաբեկիչներ են։

Թուրքերի ռազմական գործողությունը հնարավոր է դառնում այն բանից հետ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Պենտագոնը դուրս է բերում ոչ մեծաթիվ ուժերը Սիրիայի այն հատվածից, որը գտնվում է քրդերի հսկողության ներքո։ Թրամփի որոշման քննադատները նրան կշտամբում են «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ հերոսամարտ վարած քրդական աշխարհազորը զոհաբերելու համար։ Ամերիկացի վերլուծաբանները նշում են, որ քրդերի առաջնորդությամբ այդ շրջանում դիրքավորված միավորումը՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերը», «Դաեշ»-ի «Իսլամական պետության» դեմ պայքարում Վաշինգտոնի միակ իրական դաշնակիցն էր։ Թրամփը հավատացնում է, թե Ամերիկան չի լքում քրդերին, թե Ամերիկան խստագույնս կպատժի Անկարային, եթե թուրքեռրը խախտեն պայմանավորվածությունները, բայց քրդերն արդեն գիտակցում են, որ թուրքական բանակի դեմ մեն-մենակ են մնում։ Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակ Մուսթաֆա Բալին ասել է, որ թուրքերի ներխուժումը Սիրիայի հյուսիսում կհանգեցնի «մարդասիրական աղետի»։

Նշենք, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում հիմնականում քուրդ աշխարհազորայիններ են, բայց կան նաև արաբական, ասորական և հայկական խմբեր։ Սիրիայի դեմոկրատական ուժերն ընդհանուր զորակոչ են հայտարարել։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր Ալժիրում ասել է, թե Անկարան գործողության մասին համապատասխան խողովակներով տեղյակ կպահի բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմին։ Թուրքիայում ԱՄՆ դեսպանին հրավիրել են արտգործնախարարություն և համառոտ տեղեկացրել են օպերացիայի մեկնարկի մասին։ Չավուշօղլուի փոխանցմամբ, գործողությունն իրականացվում է բոլոր միջազգային օրենքին համապատասխան, և թիրախը բացառապես «զինված ապստամբներն են»։

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սիրիայում ռազմական գործողության խնդիրը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը ռուսաստանցի պաշտոնակցին հավաստիացրել է, թե այդ գործողության նպատակն է «Սիրիայում խաղաղություն հաստատել և ստեղծել տարիներ տևող հակամարտությունը քաղաքական եղանակով կարգավորելու պայմաններ»։

Մոսկվան այսօր հայտնել է, որ մտադիր չէ «ներքաշվել թուրք-սիրիական կոնֆլիկտին»։ Պուտինն Էրդողանին կոչ է արել «խուսափել այնպիսի քայլերից, որոնք կվտանգեն խաղաղության գործընթացը»։

Այսօրվա զարգացումները կքննարկվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստում։ Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան դատապարտել են Անկարայի գործողությունները, բայց միաժամանակ նշել, որ Եվրամիության հայտարարությունը դեռ չի համաձայնեցվել։

XS
SM
MD
LG