Երկրպագուներն ուզում են, որ ՀՖՖ-ն զբաղվի բացառապես ֆուտբոլով

«Առաջին Հայկական Ճակատ» շարժման անդամները կարծում են, որ հայկական ֆուտբոլի առողջացման ճանապարհներից մեկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի հրաժարականն էր, ինչպես նաև գործադիր կոմիտեի արձակումը և ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների զտումը՝ ձևավորելով անաչառ, իրական ֆուտբոլային մարմին։

Հենց այս երեք պահանջները երկրպագուները ներկայացրել էին ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանին։ Հանդիպումից ժամեր անց առաջին պահանջը կատարվեց։

«Սեպտեմբերին մեր հավաքականը հրաշալի խաղում էր Իտալիայի դեմ, հրաշալի խաղում էր Բոսնիայի դեմ՝ 4:2 փառահեղ հաղթանակ տանելով: Այսինքն, այդ տղաները, որոնք խաղում էին երկու ամիս առաջ, ճիշտ է, կար առաջատարների բացակայություն, բայց երկու ամիս հետո խաղում են խաղ, որը բացարձակապես ֆուտբոլային ենթատեքստ չունի: Խնդիր հիմքը, որ տեսնում ենք մենք դաշտում, բացարձակապես չունի ֆուտբոլային ենթատեքստ, այլ կախված է ֆեդերացիայում ընթացող ներքին խնդիրներից: Մեզ՝ երկրպագուներիս, ովքեր 12 տարի ապրում են հավաքականով, ամենացավոտն է տեսնել այս իրավիճակը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Առաջին Հայկական Ճակատ» շարժման անդամ Վահե Գասպարյանը:

Մեկ տարուց մի փոքր ավելի ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրած Արթուր Վանեցյանը երեկ իր հրաժարականը բացատրեց օրեր առաջ Իտալիայից խոշոր հաշվով կրած պարտությամբ։ Ասաց՝ այս աննախադեպ՝ 9։1 հաշվով պարտությունից հետո պետք է որևէ մեկը պատասխանատվությունն իր վրա վերցներ։

«Առաջին Հայկական Ճակատ» շարժման համահիմնադիրներից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Կարեն Շաբոյանը կարծիքով, երեկ պատասխանատու որոշումներ կայացվեցին․ - «Շփվելով շատ երկրպագուների հետ՝ տեղեկացա, որ բոլորի ցանկությունն այն էր, որ ի վերջո հանգուցալուծվի այս լարված մթնոլորտը հայկական ֆուտբոլում, ի վերջո հաղթի ֆուտբոլը և ֆուտբոլային միջավայրն ու մթնոլորտը, և վայր դրվեն բոլոր ամբիցիաները և ոչ-ֆուտբոլային գործոնները: Երեկվա որոշումը՝ թե՛ պարոն Արթուր Վանեցյանի հրաժարականը, թե՛ գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 23-ին տրվելիք հրաժարականը, շատ պատասխանատու քայլեր էին ֆուտբոլի նկատմամբ»:

Մարզական լրագրող Գևորգ Ղազարյանը նկատում է, որ Հայաստանում ամեն անգամ նույն համակարգը ցնցելը կարող է վատ արդյունքների հանգեցնել. - «Մեզ շատ լավ կլինի, որ այնպիսի մարդու բերեն, որը վստահություն ունենա, որ վստահ լինենք, որ ինքը մի քանի տարի աշխատելու է: Իսկ ամեն անգամ եթե մենք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի անունը կապենք հենց հավաքականի ելույթների հետ․․․ պատմությունը ցույց է տալիս, որ մեր հավաքականը երբեք ստաբիլ ելույթներ չի ունեցել: Դա նշանակում է, որ ամեն երկու տարին մեկ մենք ֆեդերացիայի նախագահ ենք փոխելու»:

Երկրպագուները դեռևս ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու չեն տեսնում։ Բայց արդեն նշում են, թե ինչպիսին պետք է լինի նախագահը:

«Սիրի ֆուտբոլը ու չունենա ներքին հակասություններ ֆեդերացիայի ամենավերևից մինչև ամենաներքևում գտնվող աշխատողների, ֆուտբոլիստների և առահսարակ ֆուտբոլային աշխարհի հետ», - ասաց «Առաջին Հայկական Ճակատ» շարժման անդամ Մհեր Խուդավերդյանը:

Մեկ այլ երկրպագու՝ Վահե Գասպարյանը հավելեց․ - «Մեզ պետք է ՀՖՖ կազմ, որը չի ունենա ներքին խժդժություններ ու կզբաղվի բացառապես ֆուտբոլով: Չեն լինի քաղաքական կամ ինչ-որ կոնտեքստային երևույթներ, այլ գլխավոր նպատակը ու զբաղմունքը կլինի ֆուտբոլը»: