Մատչելիության հղումներ

Սուրեն Բաղդասարյանի կարծիքով, Հայաստանի հավաքականի երեկվա պարտության թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ-ն է


Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը հյուրընկալել է Իտալիային, Երևան, 5-ը սեպտեմբերի, 2019թ.
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը հյուրընկալել է Իտալիային, Երևան, 5-ը սեպտեմբերի, 2019թ.

Իտալական Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտը հայկական ֆուտբոլի համար իսկական Ինֆերնոյի վերածվեց։

Հայաստանի հավաքականը 90 րոպեում ինը գնդակ ընդունեց սեփական դարպասը, ճիշտ Դանթեի Ինֆերնոյի շրջանների քանակով։ Արդյունքում անկախ Հայաստանի ֆուտբոլային պատմության ամենախոշոր պարտությունը գրանցվեց, որը խայտառակություն որակվեց ողջ ֆուտբոլային հանրության և հենց ֆուտբոլիստների կողմից, և այս ամենն այն դեպքում, երբ ընտրանու կազմում միանգամից հինգ պաշտպան էր խաղում, ինչպես նաև երկու հենակետային։

Սկուադրա Աձուրայի 12 դիպուկ հարվածներից ինն ավարտվեցին դարպասի գրավմամբ, այսինքն՝ հայ դարպասապահ Արամ Հայրապետյանն ընդամենը 3 սեյվ կատարեց։ Խաղի ավարտին որպես սփոփանք մեկ գոլ էլ հայերը խփեցին. հեռահար հարվածով աչքի ընկավ Էդգար Բաբայանը։

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ընտրական մրցաշարը ավարտեց 10 միավորով՝ զբաղեցնելով J խմբի նախավերջին հորիզոնականը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը Հայաստանը կորցրել էր դեռ նախորդ տուրում:

Նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը դաշտում կատարվածն իսկական ֆիասկո որակեց։

«Հավաքականի ղեկը ստանձնելուց ես պատկերացրել եմ, որ կարող է նման բան լինել, և կարելի է ասել, որ ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա։ Այսօր, միգուցե, սխալ է ասել, որ ազգային հավաքականով էինք ներկայացել, այլ ներկայացել էինք ուղղակի հավաքականով, որովհետև ամբողջ ազգային հավաքականի գրեթե հիմնական կազմը խնդիրների, վնասվածքների պատճառով չկար», - ասաց նա։

Խաշմանյանը հայտարարեց՝ եթե Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը որոշի, որ մեղքն իրենն է, պատրաստ է հեռանալ, իսկ եթե այդպիսի որոշում չլինի, ինքն ամբողջովին ամեն ինչ պետք է փոխի։ - «Որովհետև, ըստ ինձ, ոչ մի բան չի համապատասխանում նրան, որ պիտի համապատասխանի ազգային հավաքականին, անգամ մտածելակերպը։ Ասելու բան չկա նման խաղերից հետո, նման հաշվով պարտություններից հետո, ոչ մի բան չի կարելի ասել, ոչ մի պատճառաբանություն չի կարելի բերել», - ասաց նա։

Հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանն ու Էդգար Բաբայանը խաղից հետո ներողություն խնդրեցին բոլոր երկրպագուներից։

Խայտառակ պարտությունը մեկնաբանեց ՀՖՖ գործկոմի անդամ, պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Ըստ նրա, հավաքականի պատմության ամենախոշոր պարտության համար բոլորն են մեղավոր՝ և՛ ֆուտբոլիստները, և՛ մարզիչը, և՛ ֆեդերացիան, և՛ հենց գործկոմը, իսկ թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։

Արեն Մկրտչյանի խոսքով, այժմ նրա հրաժարականի հարցը բարձրացնելն օրակարգում չկա, իսկ երբ լինի, կհայտարարեն այդ մասին։ Նա հավելեց՝ գործկոմը ֆեդերացիայի նախագահին պաշտոնանկ անելու լիազորություն չունի, սակայն ունի ընդհանուր ժողով հրավիրելու լիազորություններ և այստեղ բարձրացնելու այդ հարցը։

Մարզական ամենահայտնի շաբաթաթերթը՝ «Ֆուտբոլ պլյուս»-ը, վաղը լույս կտեսնի «Նվաստացում» վերնագրով։ Պարբերականի հիմնադիր, տասնամյակների մեկնաբանական փորձ ունեցող Սուրեն Բաղդասարյանը պնդեց՝ տակտիկան էր սխալ։ Ըստ նրա, վիճակագրությունը ցույց է տալիս՝ երբ հավաքականը պաշտպանողական մարտավարություն է ընտրում, պարտվում է։

«Երեկ էլ իտալացիներն այնպիսի թեթևությամբ էին պատռում մեր խիտ պաշտպանությունը, որ ապշելու բան էր, այսինքն՝ և՛ վերևից էին փոխանցում կատարում, և՛ պաշտպանների արանքով էին փոխանցում կատարում, և՛ դրիբլինգով էին անցնում, այսինքն՝ դա մեր խաղաոճը չէ», - ասաց նա։

Բաղդասարյանի գնահատմամբ՝ փրկությունը կլինի այն, որ կիսապաշտպանական գծում քանդող ֆուտբոլիստներ չլինեն, նրանց փոխարեն դաշտ դուրս գան կառուցող, հարձակմանը միտված խաղացողներ։

Մեկնաբանը մեղադրում է և՛ ֆուտբոլիստներին, և՛ մարզչին, ասում է՝ պետք էր համարձակ խաղալ, սակայն թիվ մեկ պատասխատուն, Բաղդասարյանի կարծիքով, ֆեդերացիան է:

«Առաջին հերթին պետք է պատասխանատվություն տա ֆեդերացիան, այնտեղ արդեն ֆեդերացիան ոնց որ թե դարձել է իշխանական կառույց, կուսակցության անդամները սաղ գործկոմի անդամները նրանք են», - ասաց նա ու նկատեց, որ մարդիկ կան, որ ուղղակի հաճույք են ստանում գործկոմում լինելուց, սակայն նույնիսկ կարևոր քննարկումներին չեն մասնակցում։

Բաղդասարյանն ընդգծեց, որ խնդիրների լուծման բանալին մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, նա բելգիական օրինակն է բերում, Բելգիայի ընտրանին Եվրոպայում թոփ մակարդակ ունի, ֆուտբոլիստներն էլ գրանդ ակումբներում են եղանակ ստեղծում:

Ի դեպ, 19 մարզական լրագրողներ այսօր դիմել են Ֆուտբոլի ֆեդերացիա՝ պահանջելով հանդիպում Արթուր Վանեցյանի հետ, նրանք հայտնում են, որ ֆուտբոլի թիվ մեկ պատասխանատուին մի շարք հարցեր ունեն՝ այս հանդիպման և մի շարք այլ թեմաներով։

XS
SM
MD
LG