Եվրո 2020-ի նախընտրական փուլի J խմբի նախավերջին խաղում Հայաստանի հավաքականը 5-րդ պարտությունը կրեց ընտրական մրցաշարում: Այս անգամ Հայաստանի ընտրանու դեմ խաղում երեք միավոր վաստակեց Հունաստանի հավաքականը, որին, ի դեպ, հայերը ամիսներ առաջ կայացած առաջին խաղում հաղթել էին։
Երեկ Երևանում միակ գոլը խփեց Դիմիտրիս Լիմնիոսը։ Խաղի վիճակագրությունն էլ էր հույների օգտին, նրանք 19 անգամ հարվածեցին դարպասին, Հայաստանի ընտրանին՝ ընդամենը 8, ունեին տարածքային առավելություն 64-ը 36-ի հարաբերակցությամբ, փոխանցումներ կատարելիս էլ ավելի ճշգրիտ էին։
«Ես նշել էի, որ ուսումնասիրել ենք Հունաստանի ազգային հավաքականին ու բավականին լավ կարծիք ունեինք, այսօր իրոք տեսանք, որ շատ լավ պատրաստված և կազմակերպված հավաքական ունեն: Կարող եմ օբյեկտիվորն ասել, որ մրցակիցն առավելություն ուներ ու գտնում եմ, որ օբյեկտիվ էր նրանց հաղթանակը», - նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:
Այս հանդիպմանը վնասվածքների ու որակազրկման պատճառով չէին մասնակցում Հայաստանի ընտրանու մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հետխաղային ասուլիսի ընթացքում ընդգծեց՝ դաշտ դուրս եկած ֆուտբոլիստներն արեցին այն, ինչ կարող էին:
«Բոլորը 100-տոկոսանոց նվիրվածություն ցուցաբերեցին, որ նշեցի՝ զիջեցինք որակական առումով, հենց այդ խաղացողների պակասն էր, որոնք ունեն բարձր որակ և բավականին մեծ թվով բացակայում էին, այսինքն մենք այսօր արեցինք այն, ինչը որ ի վիճակի էր անել այսօր տվյալ կազմը», - ասաց Աբրահամ Խաշմանյանը:
Խաշմանյանի գնահատմամբ՝ իր ֆուտբոլիստները դժվար էին դուրս գալիս պաշտպանությունից, մարզիչն իր սաների ցուցադրած խաղի որակը բարձրացնելու մասին ասաց․ «Ընդամենը մեկ բան պետք է արվի այսօրվա դրությամբ ազգային հավաքականը ուժեղացնելու համար: Առաջինը՝ մենք գիտենք, որ վնասվածք ունեցող խաղացողները պետք է վերադառնան ու բավականին մեծ ուժ են, երկրորդն էլ՝ պետք է ամբողջ աշխարհով մենք գործընթաց լինի, որ գնանք, նորից տեսնենք հայազգի ինչ լավ ֆուտբոլիստներ կան, որպեսզի հրավիրենք ազգային հավաքական: Տակը մենք դեռ ոչինչ չունենք, ունենք երկու խաղացող, կարելի է ասել մեկ շատ երիտասարդ, որ դեռ ամեն ինչ առջևում է՝ Էդիկ Վարդանյանն է, իսկ Պետրոս Ավետիսյանին չեմ համարում երիտասարդ խաղացող, նա 24 տարեկան է»:
Հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի բացակայության պայմաններում ավագի թևկապը կրած եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանի խոսքով էլ խաղի անհաջող մեկնարկից հետո կարողացան տեմպ հավաքել:
Կիսապաշտպան Արտակ Գրիգորյանն էլ ընդգծեց՝ խաղի սկիզբն էր բարդ, քանի որ տղաները նորանշանակ գլխավոր մարզիչի ցուցումները դժվարությամբ էին ըմբռնում:
«Դժվար խաղ էր ու երկրպագուներին եմ ցանկանում ասել շնորհակալություն, շատ շնորհակալ ենք, որ մինչև վերջ մեր կողքին են: Ես էն հույսով եմ, որ հաստատ լավ է լինելու», - նշեց Գրիգորյանը:
Ի դեպ, հանդիպումն առանց միջադեպի չանցավ, երկրորդ խաղակեսի ընթացքում արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածում, որտեղ սովորաբար երկրպագուների «ՖԱՖ» ակումբի անդամներն են լինում, հրմշտոց սկսվեց, միջամտեցին ոստիկանները: Ավելի ուշ ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ 4 քաղաքացու են բերման ենթարկել և պարզում են միջադեպի հանգամանքները։
Հայաստանի հավաքականի ընտրական փուլի վերջին մրցակիցը Իտալիայի ընտրանին է, հանդիպումը տեղի կունենա Պալերմո քաղաքում: Իտալացիները վաղուց էին ապահովել իրենց տեղը Եվրո 2020-ում, այս տուրից հետո էլ ուղեգիր նվաճեց նաև Ֆինլանդիայի հավաքականը։