Արծրուն Հովհաննիսյան․ Իրավական տիրույթի խնդիրը ՀՀ ՊՆ-ի կողմից հայաստանյան ORSIS ARMS-ի հետ է

ՀՀ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Ռուսաստանյան ORSIS ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ այն «Պրոմտեխնոլոգիա» զենքի գործարան է, որն իր գործունեությունը սկսել է որսորդական և հրաձգային զենքի արտադրությամբ 2011 թվականի մարտից:

Ընկերության հետ կապված աղմուկը բարձրացել է մի մրցույթի շուրջ, որի արդյունքներով հաղթող ընկերությունը հայկական Զինված ուժերին պետք է մատակարարեր ոչ թե հրազեն, այլ ջերմատեսիլ նշանոցներ:

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ Ազգային ժողովում, ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե կա տեղեկություն, իբր ORSIS-ը փորձել էր ռազմականի փոխարեն որսորդական ռազմամթերք մատակարարել Հայաստան, ասել էր․ - «Դա հիմա դուք եք ասում: Ես կսահմանափակվեմ նրանով, որ եղել է հանցավոր արարք: Ում կողմից, ինչպես և ինչ ծավալի՝ նախաքննությունը կպարզի»:

ORSIS ընկերությունը մասնակցել էր Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարած 2 միլիարդ դրամանոց գնումների մրցույթին, որի արդյունքներն ավելի ուշ չեղարկվեցին:

Ընկերության ներկայացուցիչն այսօր ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է, որ իրենց ռազմական նշանակության արտադրանքը բազմիցս փորձարկվել է հայկական բանակում, և հարցեր չեն առաջացել:

Ռուսաստանյան ընկերությունը պնդում է, թե քրեական գործը հարուցվել է իրենց փաստաբանի կողմից այն բանից հետո, երբ հայկական կողմը ընկերությունից «անհիմն վճարումներ» է պահանջել բանկային երաշխիքներով:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ մինչդեռ, այդ պահանջը նշված է Հայաստանի «Գնումների մասին» օրենքում․ - «Օրենքը ունի նման կանոնակարգված կետեր, որ եթե դուք մասնակցում եք մրցույթին, և ինչ-որ փուլում այդ մրցույթը չի կայանում նաև ձեր պատճառով, իսկ իրենց պարագայում կոնկրետ խնդիր է եղել, ապա ձեզանից համապատասխան երաշխավորված վճար է պահանջվում բանկային հաշվից: Որովհետև ինքը գտնվել է առաջին տեղում: Ճիշտ է, դա դեռ չի նշանակում հաղթել մրցույթը, բայց առաջին տեղում հայտնվելուց հետո դուք պարտավոր եք անցնել հաջորդ փուլ՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը, որպես ձևակերպվի կոնկրետ արդեն հաղթանակը, մատակարարումը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 24-ին ռուսաստանյան պետական «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ Ռուսաստանը մտադիր է բողոքի նոտա հղել Հայաստանին մի քանի միլիոն դոլար զինտեխնիկայի մատակարարման մրցույթը չեղյալ հայտարարելու պատճառով, իսկ ռուսաստանյան մեկ այլ լրատվական գործակալություն՝ ՏԱՍՍ-ը, հերքել էր դա: Ավելի ուշ «Նովոստին» հանել էր «բողոքի նոտա» արտահայտությունը և հրապարակել էր նոր հոդված՝ «Ռուսաստանը խնդրում է Հայաստանին պարզել սպառազինությունների մրցույթի հետ կապված իրավիճակը» վերնագրով:

Այսօր ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ORSIS ընկերությանը, գրել է, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունից ընկերությունը ինչ-որ անձանց միջոցով խնդիրը կարգավորելու պաշտոնական առաջարկ է ստացել և մերժել է այն: Այդ անձանց անունները չեն նշվում:

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է այս տեղեկությունը․ - «Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է․ որևէ պաշտոնյայի, որը լիազորված է Պաշտպանության նախարարության անունից որևէ բան բանակցելու, երբեք չի ուղարկել ORSIS-ի հետ քննարկումների: Դա բացառվում է, դա ապատեղեկատվություն է: Դրան հակառակ, «Պրոմտեխնոլոգիայից» եղել է պաշտոնական նամակ՝ հանդիպել և քննարկել խնդիրը: ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել է, որ մենք խնդիր չունենք հանդիպելու: Այդ հանդիպումը պետք է կայանար մինչև նոյեմբերի 7-ը, սակայն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով հանդիպումը չի կայացել: Խնդիրը հայաստանյան ORSIS ARMS ընկերության հետ է: Մենք գտնում ենք, որ կա նաև խնդիր «Պրոմտեխնոլոգիա» և ORSIS ARMS երևանյան ընկերության միջև: Եվ ընդհանրապես իրավական տիրույթի խնդիրը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից էլի ORSIS ARMS-ի հետ է և ոչ թե «Պրոմտեխնոլոգիա» ընկերության հետ»:

Կար նաև տեղեկություն այն մասին, թե իբր ORSIS ընկերությունը առաջարկել է Հայաստանում կառուցել փամփուշտի արտադրության գործարան: Սակայն, ինչպես մեր աղբյուրներն են նշում, դրա դիմաց ռուսաստանյան ընկերությունը Հայաստանի ՊՆ-ից պահանջել է տասը տարվա մենաշնորհ: Հայկական կողմը, բնականաբար, այդ առաջարկը մերժել է:

Հայաստանյան ORSIS ARMS ընկերության հիմնադիրներն են Հայաստանի քաղաքացիներ, «Գեոկոսմոս» ընկերության տնօրեն Գևորգ Մանուկյանը և Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմատեխնիկական բաժնի պետ Արթուր Գալստյանը:

«Գեոկոսմոս» ընկերությունը, ի դեպ, դեռ մեկ շաբաթ առաջ ՀՀ ՊՆ-ին ենթակա կառույց էր: ORSIS ARMS ընկերությունը նշում է, թե Հայաստանում ներկայացնում է ռուսաստանյան ORSIS ընկերությունը, և մրցույթին մասնակցել էր ռուսաստանյան ընկերության հետ կոնսորցիումի կազմում: