Մատչելիության հղումներ

РИА "Новости"-ն խմբագրեց իր հրապարակումը՝ «նոտան» դարձավ «նամակ»


Այսօր ռուսական պետական մի լրատվական գործակալություն՝ РИА "Новости"-ն հայտնեց, թե Ռուսաստանը մտադիր է Հայաստանին ուղարկել բողոքի նոտա մի քանի միլիոն դոլար արժողությամբ զինտեխնիկայի մատակարարման մրցույթը չեղարկելու պատճառով, իսկ մյուս պետական գործակալությունը՝ ТАСС-ը հերքեց այդ տեղեկությունը: Իսկ ավելի ուշ նույն ՝ РИА "Новости"-ն «բողոքի նոտա» արտահայտությունը հանեց և «Ռուսաստանը խնդրում է Հայաստանին պարզել սպառազինությունների մրցույթի հետ կապված իրավիճակը» վերնագրով նոր հոդված հրապարակեց:

Ինչ է գրել РИА "Новости"-ն: Ըստ հրապարակման՝ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը երկրի Արտգործնախարարություն է ուղարկել Հայաստանի պաշտպանության նախարարին հասցեագրված բողոքի նոտա: Խմբագրված հոդվածում «նոտան» РИА "Новости"-ն փոխարինեց «նամակով»: Փաստաթուղթը հոկտեմբերի 22-ին ստորագրել է փոխնախարար Օլեգ Ռյազանցևը:

«Ազատությանը» հաջողվել է պարզել հետևյալը․

Ռուսական ORSIS ընկերությունը հայաստանյան ORSIS ARMS ընկերության հետ միասին մասնակցել է զենքի մատակարարման ելույթին՝ խոսքը մի քանի միլիոն արժողությամբ գործարքի մասին է: Ռուսական մամուլի համաձայն՝ հայկական կողմը ռուսական ընկերությունից բանկային երաշխիքներ է պահանջել և առանց որևէ պատճառի չեղարկել գործարքը:

«Ազատության» աղբյուրի համաձայն՝ հայկական ORSIS ARMS ընկերությունը, որի հիմնադիրներն են Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող ֆիզիկական անձինք, պարզապես տապալել է գործարքը, սակայն քանի որ տենդերին ընկերությունը մասնակցել է ռուսաստանյան ընկերության հետ կոնսորցիումի կազմում, տհաճ իրավիճակում է հայտնվել նաև ռուսաստանյան ընկերությունը:

РБК-ն այսօր ավելի վաղ գրել էր, թե զենքի մատակարարման գործարքը տապալել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, և Հայաստանում այս պատճառով քրեական գործ է հարուցվել: Հայաստանի ռազմական գերատեսչության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, «Ազատությանը» տված մեկնաբանությունում հերքեց այդ տեղեկությունը:

«Ցավոք, ORSIS-ի վերը նշված պայմանագրի հետ կապված առաջին իսկ օրվանից տարբեր անանուն աղբյուրներից սկսվեց ոչ էնքան ճիշտ ինֆորմացիա շրջանառվել: Իրականում խնդիրը էդքան էլ էդպես չի: Ճիշտ է, կա որոշակի իրավական գործընթաց, բայց դա չի վերաբերում նախ ընդհանուր ORSIS ընկերության գործունեությանը՝ մեկ, որովհետև ORSIS ընկերությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ տարբեր գործարքներ է, տարբեր միջոցներ է մատակարարել, և երկրորդը՝ էս պահին էլ, այսպես ասած՝ նոտայի հետ կապված, այնքան էլ այդպես չէ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ մի նման փաստաթուղթ չի ստացել, ինչպես տեսաք՝ նաև Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունն է հերքել նման փաստաթղթի առկայությունը»:

«Եվ պետք է ընդհանուր առմամբ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի իր գործընկերների հետ ունի շատ բազմաֆորմատ և լայն ռազմատեխնիկական համագործակցություն: Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: Առանձին ընկերությունների, առանձին մատակարարվող ապրանքների մասով կարող են լինել որոշակի խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ որևէ, էդպես է, ինչպես ներկայացնում են շատ հաճախ», - ընդգծեց Հովհաննիսյանը:

«Ամեն ինչ բնականոն ընթանում է, մենք էս տարվա ընթացքում տասնյակ ուղղություններով զբաղվել ենք տարբեր մատակարարումներով, կնքվել են տարբեր պայմանագրեր, կան տարբեր մատակարարումներ», - «Ազատությանը» ասաց Պաշտպանության նախարարության խոսնակը:

XS
SM
MD
LG