Մատչելիության հղումներ

Ռուսական ORSIS ARMS ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը


Ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ARMS ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման մրցույթը առանց հիմնավորման չեղարկելու համար:

Այս մասին տեղեկությունն առաջինը շրջանառության մեջ դրեց ռուսական կողմը. անցած շաբաթավերջին, մասնավորապես, «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հաղորդեց, թե մայիսին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը զենք-զինամթերքի մատակարարման մի քանի միլիոն դոլարանոց մրցույթ է հայտարարել, որի պահանջներին, իբրև թե բավարարել է միայն ռուսական ընկերությունը: «Սակայն շուտով մրցույթը չեղարկվել է՝ առանց պատճառների բացատրության: ORSIS-ը դիմել է բողոքարկման հանձնաժողով, իրավաբանն էլ հայց է ներկայացրել, կատարվածի մասին տեղեկացվել է նաև Հայաստանում Ռուսաստանի ռազմական կցորդը», - հաղորդել էր ՌԻԱ Նովոստին, մանրամասնելով․ - «ORSIS-ի՝ Հայաստանում գրանցված ռեզիդենտ ընկերությունը մի քանի տարի շարունակ Երևանին զենք է մատակարարել, փամփուշտներ ու տեխնիկական այլ միջոցներ»:

«Հիմա մենք սև ցուցակում ենք», - ասել էին ռուսական ընկերության ներկայացուցիչները, պնդելով, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունը անհարկի խոչընդոտներ է ստեղծել իրենց համար ու հավելյալ փաստաթղթեր պահանջել: - «Ստեղծված բարդ իրավիճակը սպառնում է չեղարկել Հայաստանում փամփուշտների գործարանի շինարարության նախագիծը», - հղում անելով ռուսական ընկերության ներկայացուցչին, հաղորդել էր ՌԻԱ Նովոստին՝ չմանրամասնելով՝ ինչն է նման ենթադրություններ անելու հիմքեր տալիս։ Գործակալությունը նաև պաշտոնյայի անունը չէր նշել:

Ավելի վաղ հետաքննող լրագրողները ծավալուն հոդված էին հրապարակել այս ընկերության մասին, պնդելով, թե այն կապվում է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, ժամանակին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ:

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծն անցած տարի փաստել էր՝ հենց Ռոգոզինի որդին՝ Ալեքսեյն եղել է ORSIS-ի հրացաններն արտադրող գործարանի գլխավոր տնօրենի տեղակալը: «2012-ին, երբ նրա հայրը՝ Դմիտրի Ռոգոզինը, սկսեց համակարգել ռուսական զենքի մատակարարումները, որդու պաշտոնավարման շուրջ սկանդալ էր բարձրացել, ինչից հետո հայր-Ռոգոզինը ստիպված էր եղել Ֆեյսբուքի իր էջում հայտարարել՝ «ընտանեկան խորհրդում ես ու որդիս դժվարին որոշում կայացրինք, ըստ որի նա պետք է հեռանա հարազատ ընկերությունից, որպեսզի հիմք չտա խոսելու շահերի բախման մասին»:

Ռոգոզինի երիտասարդ տղան իսկապես հեռացել էր,սակայն որոշ ժամանակ անց «անաղմուկ այդ տեղը ժառանգել էր Ռոգոզինի մեկ այլ ազգական՝ նրա զարմիկ Ռոմանը»՝ պնդել էին միջազգային հետաքննող լրագրողները:

Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ վերը նշված ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով»:

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում խուսափեց մեկնաբանություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG