Մատչելիության հղումներ

Ռուսաստանը բողոքի նոտա չի հղելու Հայաստանին․ ТАСС


Տեղեկատվությունը, թե Ռուսաստանի Հայաստանին բողոքի նոտա է հղելու զենքի տենդերի չեղարկման կապակցությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ТАСС պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «իրավիճակին մոտ աղբյուրը»:

«Այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը», - ասել է աղբյուրը:

Ավելի վաղ ռուսաստանյան մեկ այլ՝ РИА "Новости" լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին՝ ռուսաստանյան ORSIS զինագործական ընկերության մասնակցությամբ տենդերի չեղարկման կապակցությամբ:

Ըստ գործակալության, Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Օլեգ Ռյազանցևը հոկտեմբերի 22-ին ստորագրել է նոտան, և այն դիվանագիտական խողովակով հղվելու է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրանքով՝ կարգավորել ORSIS ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը:

РИА "Новости"-ն նշել էր, թե տիրապետում է փաստաթղթի պատճենին, ուր նշված է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարած տենդերին ORSIS-ի հայտը «առանց հիմքերի մերժվել է», իսկ ընկերությունը առանց որևէ հիմքի ներառվել է Հայաստանի պաշտպանության նախարարության անբարեխիղճ մատակարարների ցանկում: Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը «ապօրինի կերպով դիմել է բանկ՝ պահանջելով վճարել տենդերին մասնակացելու բանկային երաշխիքը», չնայած, ըստ լրատվական գործակալության, ընկերությունը պետք է փոխհատուցում վճարեր, եթե շահեր տենդերը, սակայն հրաժարվեր մատակարարման պայմանագիր կնքել:

«Խնդրում եմ Ձեզ դիտարկել ստեղծված իրավիճակը և միջոցներ ձեռնարկելու կարգադրություններ տալ՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը», - ըստ РИА "Новости"-ի՝ ասված է բողոքի նոտայում:

Հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ընկերությունը "Промтехнологии" ընկերությունների խմբի անդամ է: Այս օգոստոսին հայտնի դարձավ, որ ORSIS-ը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման տենդերը առանց հիմնավորման չեղարկելու համար: Այն ժամանակ РИА "Новости"-ն գրեց, որ մայիսին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը զենք-զինամթերքի մատակարարման մի քանի միլիոն դոլարանոց մրցույթ է հայտարարել, որի պահանջներին իբրև թե բավարարել է միայն ռուսական ընկերությունը, սակայն շուտով մրցույթը չեղարկվել է՝ առանց պատճառների բացատրության: ORSIS-ը դիմել է բողոքարկման հանձնաժողով, իրավաբանն էլ հայց է ներկայացրել, կատարվածի մասին տեղեկացվել է նաև Հայաստանում Ռուսաստանի ռազմական կցորդը:

Ըստ լրատվական գործակալության, ORSIS-ի՝ Հայաստանում գրանցված ռեզիդենտ ընկերությունը մի քանի տարի շարունակ Երևանին զենք է մատակարարել, փամփուշտներ ու տեխնիկական այլ միջոցներ:

Ավելի վաղ հետաքննող լրագրողները ծավալուն հոդված էին հրապարակել այս ընկերության մասին, պնդելով, թե այն կապվում է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, ժամանակին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ:

Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել էր, որ ռուսաստանյան ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով»:

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ հարցի վերաբերյալ որևէ նոտա Ռուսաստանից չեն ստացել։ Նա ձեռնպահ մնաց այլ հարցերի պատասխանել։

«Ազատություն»-ը այսօր դիմեց նաև Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանին, ով փոխանցեց, թե չի կարող մեկնաբանել, քանի որ այս պահի դրությամբ Հայաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի ԱԳՆ-ից տվյալ հարցի վերաբերյալ որևէ գրություն չի ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG