Երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպմանը քննարկվել է նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի պաշտոնավարման հարցը: Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, սակայն, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում չհստակեցրեց վարչապետի դիրքորոշումը:
Պատգամավոր Արման Բաբաջանյանն էր անցած շաբաթ Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով դիմել Փաշինյանին՝ պնդելով, թե Հանրային խորհրդի նախագահը քաղաքական ընդգծված կողմնակալ հայտարարություններ է անում:
Ալեն Սիմոնյանն ասաց՝ չի քննարկվել խորհրդի լուծարման հարցը, սակայն ինքն անձամբ կարծում է, որ այդ կառույցն անիմաստ է և անելիք չունի: «Երբ նայում ես այդ կառույցի պատմությունը, հասկանում ես, որ այդ կառույցը որևիցե պտուղ չի տվել», - հայտարարեց ԱԺ փոխնախագահը՝ շարունակելով․ - «Դե գիտե՞ք ինչ, Վազգեն Մանուկյանը ասում է, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ, եթե վարչապետը չի ուզում իր հետ աշխատել: Նախ, չեմ հասկանում՝ ինչի՞ այսքան քննադատություններից և մնացած բանից հետո ի՛նքը, հենց ի՛նքը նման որոշում չի կայացնում, եթե ինքը իրեն տեսնում է քաղաքական դաշտում, այսօր ես կարդացի, որ նույնիսկ պատրաստվում է քաղաքականությամբ զբաղվել, և այլն, և այլն: Իր գործն է»:
Ինքը՝ Վազգեն Մանուկյանը, օրեր առաջ հայտարարել էր՝ պատրաստ է ցանկացած պահի դիմում գրել և հեռանալ պաշտոնից, եթե վարչապետը հրավիրի իրեն ու ասի, որ իրենց համատեղ աշխատանքը չի ստացվում:
Մանուկյանն անդրադարձել էր նաև Բաբաջանյանի այն հայտարարությանը, թե Հանրային խորհրդի նախագահը, զբաղեցնելով ապաքաղաքական պաշտոն, քաղաքական հայտարարություններ է անում: Մանուկյանը դրանք ոչ թե քաղաքական հայտարարություններ, այլ հրապարակային խորհուրդներ է համարում: Ասել էր՝ նախկին քաղաքական վերնախավի հետ հանդիպումները ավելի հաճախ էին, այդ պատճառով էլ նման հայտարարություններ չէին լինում:
Սիմոնյանն անդրադարձավ նաև շուրջ քառորդ դար իշխանությանը մաս կազմած և անցած տարվա թավշյա հեղափոխության արդյունքում այդ իշխանությունը կորցրած Սերժ Սարգսյանի՝ ներկայիս իշխանություններին ուղղված քննադատություններին։ Սարգսյանը հայտարարել էր, թե վախենում է «անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից»:
«Ես կարծում եմ, այնուամենայնիվ, վախեցած մարդու ելույթ էր, հա՞, և դա բնական եմ համարում, որովհետև հասկանալով, որ, այնուամենայնիվ, այն ամենը, ինչ որ արվել է, և այն հանձնաժողովը, թեկուզ ապրիլյան հանձնաժողովը, կամ, ենթադրենք, էն քրեական գործերը, որտեղ իր ընտանիքի բազմաթիվ անդամներ են անցնում, մի օր և կարող է գալ և կպնի, ես անձամբ ենթադրում եմ, որ մի օր տենց բան լինելու է», - հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակը՝ հավելելով․ - «Հո չէր ասելու՝ «ես վախեցած եմ, որովհետև էնքան բան եմ արել, որ վախենում եմ դրա մասին իմանան»: Եվ երկրորդը, որը ես նշել եմ, որ իմ համար, և վստահ եմ՝ շատ-շատերի համար, ծիծաղելի էր, երբ որ ինքը ասում է՝ «ես որոշում փոխող չեմ», դուք էդ բազմաթիվ որոշումներից տեղյակ եք եղել»:
«Որպես քաղաքական մարմնի ներկայացուցիչ՝ Ձեզ մոտ հարց չի առաջանո՞ւմ, եթե ասում են՝ Սարգսյանների ընտանիքը թալանչի է եղել բոլորը, վարչապետն էր ասում, Դուք էլ ասում եք՝ Սերժ Սարգսյանը վախեցած է էդ իր արածների համար, բա ինչի՞ ինքը չի անցնում որևէ քրեական գործով», - լրագրողներից մեկի այս հարցին Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ - «Պիտի վախենա ամեն օր, ես ասում եմ: Հարգելիս, շատ ու շատ մարդիկ կան, որ հիմա հլը չեն անցնում շատ քրեական գործերով: Որովհետև իրանց հետ կապված տեղեկություններ չկան»: