Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշանակվել է ոչ թե անցած տարվա սեպտեմբերի 6-ին, ինչպես վարչապետին ուղղված դիմումում գրել է պատգամավոր Արման Բաբաջանյանը, այլ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության այս տարվա ապրիլի 4-ի որոշմամբ: Հետևաբար նրա պաշտոնանակությունը այս փուլում հնարավոր չէ: Սա օրենքի պահանջն է․ հանրային խորհրդի նախագահ գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց չի կարող քննարկվել ավելի շուտ, քան նշանակման մեկ տարին լրանալը, իսկ Մանուկյանը պաշտոնավարել է միայն 8 ամիս:
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ևս փաստում է, որ այս փուլում Հանրային խորհրդի նախագահին հեռացնել օրենքով հնարավոր չէ, միևնույն ժամանակ, անդրադառնալով Բաբաջանյանի՝ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու մասին վարչապետին ուղղված դիմումին, ասում է․ - «Այդ կառույցը ի սկզբանե անիմաստ կառույց է եղել, ես դեռ այն ժամանակ եմ ասել: Ստեղծվել է, չեմ բացառում, որ նաև հենց Վազգեն Մանուկյանին որևէ գործով ապահովելու համար: Որովհետև Սերժ Սարգսյանը տենց սովորություն ուներ՝ բոլորին կա՛կ ինչ-որ բանով ուզում էր ապահովեր, կա՛մ ոչնչացնում էր, որպեսզի չխոսեն»:
Պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմումը այսպես է հիմնավորել․ Մանուկյանը զբաղեցնելով ապաքաղաքական պաշտոն, քանիցս հանդես է եկել քաղաքական ընդգծված կողմնակալ հայտարարություններով․ - «Հստակ իր համակրանքն է հայտնել նախկին իշխանությունների նկատմամբ: Իսկ նա 1998 թվականից սկսած՝ Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից տարբեր պաշտոնների առաջարկներ է ստացել, նշանակումներ է ստացել»:
Վազգեն Մանուկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ինքը վաղը հանդես է գալու մամուլի ասուլիսով, իսկ մինչ այդ զերծ կմնա մեկնաբանություններից:
Ավելի վաղ news.am-ի հետ զրույցում 73-ամյա Մանուկյանը հայտարարել էր․ - «Եթե հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում ինձ համար հասկանալի չէ։ Բնական է, եթե ինքը կանչեր ասեր, որ իրար հետ միասին աշխատելը չի ստացվում, ես նույն րոպեին դուրս կգայի։ Ի՞նչ իմաստ ունի այդպիսի բարդ ձևերով այդ բանն իրականացնել»:
Վազգեն Մանուկյանը, ի դեպ, Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր նաև Սերժ Սարգսյանի իշխանության օրոք՝ 2009 թվականից:
Ազգային ժողովի փոխխոսնակը հակադարձում է․ - «Ես տեսա իր արձագանքը, որ ասեց, որ եթե չի ուզում աշխատի ինձ հետ, ես կարող եմ գնալ և այլն: Չգիտեմ, արդյո՞ք ինքը ուզում է աշխատել և շարունակում է քննադատություններով հանդես գալ: Դա, կարծում եմ, իր որոշելիքն է»:
Հանրային խորհուրդը որպես կառավարության խորհդակցական մարմին ամրագրված է Սահմանադրության 161-րդ հոդվածով և կարող է լուծարվել միայն Սահմանադրական փոփոխությունների միջոցով:
ԱԺ փոխխոսնակը հստակեցնում է, որ կառույցի ոչ նպատակահարմարության մասին իր հայտարարությունները անձնական կարծիք են, ոչ թե թիմի դիրքորոշում․ - «Որևիցե մեկի մոտ թող կարծիք չլինի, թե սա ինչ-որ ձևով քննարկվել է քաղաքական թիմում կամ ինչ-որ որոշում կա»:
Արման Բաբաջանյանը նշում է՝ նման դիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել նաև օրերս 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացրած ահաբեկչության խմբի ղեկավար, ցման ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հետ հանդիպումը, քանի որ պարզ է դարձել, որ Մանուկյանը ազդեցություն է ունեցել Նաիրի Հունանյանի վրա․ - «Նաիրի Հունանյանը քաղաքական ուժի և այլ գործիչների անուններ է տվել և մասնավորեցրել է այս դեպքում Վազգեն Մանուկյանին՝ մի քանի անգամ խոսելով նրա մասին: Ես իհարկե հեռու կմնամ և չեմ կարող որևէ կերպ հավատալ, որ Վազգեն Մանուկյանը որևէ դերակատարություն ունի «Հոկտեմբերի 27»-ի իրագործման մեջ, բայց որ Վազգեն Մանուկյանը մեկն է այն գործիչներից, ովքեր սնել են Նաիրի Հունանյանին այդպիսի տրամադրություններ, որը հանգեցրել է այդպիսի ոճիրի, դա հաստատապես կարող եմ պնդել»:
1990-1991-ին Վազգեն Մանուկյանը եղել է Հայաստանի վարչապետը, 1992-1993-ին պաշտպանության նախարար:
Իսկ 1996 թվականի նախագահական ընտրություններում նա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր մրցակիցն էր: Չընդունելով ընտրությունների պաշտոնական արդյունքները, ըստ որոնց հաղթել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Մանուկյանի աջակիցների բողոքի ակցաներ էին անցկացնում, որոնք ավարտվեցին ԱԺ շենք ներխուժմամբ և իրավապահների հետ բախումներով:
Մանուկյանը մասնակցել է 1998-ի, 2003-ի, 2008-ի նախագահական ընտրություններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակից այսօր Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու դիմումի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: